Իմ նպատակը նրանց Երեւանից վռնդելն է

Իմ նպատակը նրանց Երեւանից վռնդելն է

Երեկ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին: Ուրիխանյանը մասնավորապես գրել է. «Երկար քննարկումներ եմ ունեցել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արտակ Գալստյանի հետ։ Ունենք մեկ ընդհանուր գաղափար` Երեւանի ընտրությունները դարձնել հականիկոլական, հակաթալանչիական, հակաթուրքական եւ հակաազգակործան պրոցես, ձեւավորել լայն դաշինք եւ իշխանություն կոչվածներին ու նրանց հետ համատեղ իշխող որոշ նախկինների վռնդել մայրաքաղաքից։ Դրանով նաեւ սկիզբ դնել ամբողջական իշխանափոխության։ Քննարկումներն ընթացել են եւս մի քանի ընդդիմադիր հարգարժան գործընկեր ուժերի հետ։ Հուսամ, որ «Հանրային ձայնի» մեր գործընկերների ամրությունն ու տոկունությունը ոչինչ չի կոտրի, եւ մենք կգնանք Հայրենիքը քրքրողներից ազատվելու ճանապարհով։ Մնացած մանրամասները՝ 5 ամիս առաջ իմ խոստացած 10 եթերների ընթացքում, որոնք շուտով վերջապես կսկսվեն»: «Հրապարակը» զրուցել է Տիգրան Ուրիխանյանի հետ:

- Դո՞ւք եք «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով առաջին համարի թեկնածուն:

- Ոչ, ուզում եմ հիշեցնել, որ իմ բոլոր խոսքերը նպատակների եւ որեւէ տեսակ նկրտումների մասին փակ են: Այսինքն` խոսքերս ուժի մեջ են, սակայն փակ են: Անպայման մասնակցելու եմ, դա ասել էի նաեւ մեր նախորդ զրույցում:

- Չհասկացվեց՝ հիմա «Հանրային ձայն» կուսակցության թեկնածուն Դո՞ւք եք:

- Ոչ, նման խոսակցություն չկա: Այն, ինչ մենք քննարկել ենք Արտակ Գալստյանի հետ, հետեւյալն է. անհրաժեշտ է ձեւավորվել հակաիշխանական, հականիկոլական, ստի ու խաբեության դեմ մի դաշինք՝ Երեւանի ընտրությունները վերածելով իշխանափոխության գործընթացի: «Ալյանսի» իմ գործընկերների հետ միասին եկել ենք այն եզրակացությանը, որ այդ ճանապարհով պետք է գնանք: «Հանրային ձայնն» այն միակ ուժն է, որն անվերապահորեն ընդունել է այդ ամենի մասին: Իմ ու իմ թիմակիցների համար շատ կարեւոր է, որ իշխանություններին մերժելիս մերժվեն նաեւ բոլոր նրանք, ովքեր, ըստ էության, իրենց գոյությամբ ապահովում են այս իշխանությունների անխափան կյանքն ու «հաղթանակները»:

- Երեկ Դուք նշել էիք, որ մասնակցելու եք քաղաքապետի ընտրություններին, սակայն այսօր ասում եք, որ ցուցակի առաջին համարը Դուք չեք զբաղեցնելու: Ինչպե՞ս է ստացվում, գուցե դեռ ընդհանուր հայտարարի չե՞ք եկել «Հանրային ձայնի» հետ:

- Ոչ, ոչ: Ես հստակ ասել եմ, որ «Հանրային ձայնի» ղեկավարի հետ քննարկում եմ ունեցել եւ արտահայտել եմ իմ տեսակետները:

- Իսկ ո՞վ է կուսակցության քաղաքապետի թեկնածուն: Արտակ Գալստյանը կալանավորվել է:

- Համարի մասին առհասարակ չկա խոսակցություն: Ես ոչ մի նկրտում չունեմ:

- Այդ դեպքում՝ եթե չունեք ոչ մի նկրտում, ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին:

- Ես բացի իշխանափոխությունից որեւէ այլ նպատակ չունեմ: Իմ նպատակը նրանց Երեւանից վռնդելն է:

- Նրանց վռնդելու համար պարտադի՞ր է ընտրություններին մասնակցելը:

- Պետք է վռնդել:

- Ինչպե՞ս:

- Պետք է դաշինք ձեւավորենք, որը կհաղթի այս իշխանություններին: Կապ չունի, թե ով է լինելու քաղաքապետը: Դա ինձ համար երկրորդական հարց է: Կարեւորը՝ քաղաքային իշխանությունները սիրեն քաղաքը:

-  Կարծում եք՝ «Հանրային ձայնն» այն կուսակցությունն է, որը կկարողանա այս իշխանություններին վռնդե՞լ:

- Մենք խոսում եւ քննարկում ենք լայն դաշինքներ ձեւավորելու համար:

- Ամենալավ տարբերակը Վարդան Ղուկասյանի հետ դաշի՞նքն էր:

- Խոսել եւ քննարկել ենք լայն դաշինք ձեւավորելու մասին: Մեզ միանալու են նաեւ այլ ուժեր:

- Ովքե՞ր:

- Թույլ տվեք այս պահին այդ մասին չխոսեմ: Երբ բանակցությունները հանգրվանի հասնեն, կասեմ: Պետք է գիտակցել, որ նախկին ու ներկա վերացնում են երկիրը:

- Ինչպե՞ս են նախկիններն այսօր վերացնում երկիրը:

- Նախկին էլ կա, նախկին էլ: Նախկին կա, որ փաստացի ապահովում է այս իշխանության գոյությունը, նախկին էլ կա, որ ոչ միայն չի խանգարում սրանց, այլեւ խանգարելու իմիտացիայով ավելի է օգնում սրանց:

- Եթե Դուք լինեիք խորհրդարանում, կարծում եք՝ ավելի՞ կտրուկ կլիներ Ձեր պայքարը:

- Օրինակ՝ Սիսիանում առաջադրվում են, առաջադրվել էին մարդիկ` ընդդիմության կողմից, որոնք ոչ մի նոր բան տալ չեն կարող այս երկրին: Մարդիկ էլի գնացին ՔՊ ընտրեցին:

- Համոզվա՞ծ եք, որ գնացին ու ընտրեցին: Գուցե այլ է իրականությունը՝ գուցե վարչական լծակներ են կիրառվել նույն Սիսիանում:

- Վարչական ռեսուրս էլ է եղել, կեղծիք էլ է եղել, չարաշահում էլ: