Ֆեյսբուքյան մի գրառման մասին

Ֆեյսբուքյան մի գրառման մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով փորձել է վերլուծել ամերիկյան փոխվող վարչակազմի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխման հավանականությունը։ Ի թիվս այլ հարցերի՝ միջազգայնագետն անդրադարձել է նաև ԱՄՆ-ում գործող Հայ դատի գրասենյակի աշխատանքներին և մասնավորապես բարձր գնահատելով գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև ԱՄՆ-ից ստացվող տարատեսակ ֆինանսական օգնությունները պայմանավորելով «բացառապես» այդ գրասենյակի աշխատանքով՝  կասկած է հայտնել գրասենյակի հետագա համանման գործունեության շարունակության առթիվ։ «Չմոռանանք նաև, որ ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- գրում է Ս․ Սարգսյանը: 

Տարօրինակ է կարդալ հայտնի միջազգայնագետի այս կարծիքը, որով  արտերկրում գործող Հայ դատի կառույցների հայրենանպաստ գործողությունները փաստորեն  պայմանավորվում են զուտ հայաստանյան ներքաղաքական իրողություններով՝ այն դեպքում, երբ այդ գործողությունները միշտ եղել են դրանցից վեր և դրանցով չփոխպայմանավորված, իսկ ՀՀ օրվա իշխանությունների վարքը կամ նրանց գործունեության նկատմամբ ՀՅԴ-ի ներքաղաքական գնահատականներն ու վերաբերմունքը չեն ազդել հայդատականության գաղափարաբանության և դրանից բխող քայլերի բովանդակության վրա։ 

Առավել զարմանալի է Ս․ Սարգսյանի այն վստահությունը, թե կառավարության հրաժարականը պահանջող ամենաարմատական քաղաքական ուժը ԱՄՆ-ում  «այլևս ոչինչ չի անելու» «իշխանությունների համար»։ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները երբեք ոչինչ չեն արել «իշխանությունների համար», արել են պետության, երկրի և ժողովրդի համար, հետևաբար տարակուսանքով ենք արձանագրում, որ  հարգելի գիտնականը թերևս այնքան էլ խոր պատկերացումներ չունի ՀՅԴ-ի, Հայ դատի գրասենյակների գործունեության նպատակների և խնդիրների մասին։