Աբսուրդային մեղադրանք

Աբսուրդային մեղադրանք

Այն, ինչ գրել է Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումի տեքստում, կարող էր գրված լինել երեկ, նախանցյալ օրը, նախորդ շաբաթ, մեկ ամիս առաջ, նախորդ տարի, երեք տարի առաջ: Եվ տեքստում ոչինչ չէր փոխվի՝ բացառությամբ ընտանիքի (որդու) առումով խնդրի, որ իմացվել է վերջերս: Ինչը նշանակում է, որ այդ բոլոր հիմնավորումները հենց 2022 թվականի հունվարի 24-ի դրությամբ խիստ արդիականություն չունեն: Ենթադրաբար, հրաժարականի հարցում հիմնական դերը կատարել է «Հետքի» հետաքննությունը: Այն էլ՝ զուտ միջազգային սկանդալի տեսանկյունից, քանի որ դա հարվածում էր իր գործարար հեղինակությանը:

Մնացածը, ինչպես սիրում է ասել Բագրատյանը, լոլոներ են: Այդ մնացածով ինքը մնացել է ՀՀ նախագահի պաշտոնում եւ կարող էր մնալ մինչեւ ժամկետի ավարտը: Ընդամենն ասեմ, որ իր գործարար հեղինակության շնորհիվ կարող էր լուրջ ներդրումներ բերել Հայաստան: Եվ կարծես թե ինչ-որ ծրագրեր բերել է, սակայն դա էլ սպասվածից շատ ավելի պակաս էր: Ինչ մնում է նրա հաջորդի ով լինելուն, ապա ակնհայտ է՝ ում էլ Նիկոլը նշանակի (հենց նշանակի, քանի որ դա կլինի ընտրելու ծաղր), կունենանք ՔՊԿ-ական կամ ՔՊԿ-ամերձ որեւէ միջակ անձնավորություն:

Քանի որ սահուն անցանք ծաղրի թեմային, ապա շարունակենք այն՝ ավարտելով Բաղրամյան 26-ի «վարձակալի» թեման: Իսկ այն ավելի քան տարողունակ է՝ հաշվի առնելով, որ արտաքին աշխարհում մեզ ծաղրի առարկա դարձրած իշխանությունը փորձում է դրա սուբյեկտ դառնալ երկրի ներսում: Եթե ոչ ծաղրական, ապա ուրիշ ինչ ձեւով կարելի է բնութագրել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին առաջադրված մեղադրանքը: Ինչպես ասվում է՝ բռնվեք աթոռից, որի վրա նստած եք. վերջինս մեղադրվում է ինչ-որ ժամանակ Մարտունիում 1500 դրամանոց սրճեփ գողանալու մեջ: Պատկերացրի՞ք: Չէ՞, ես էլ չեմ պատկերացնում նման բան, բայց գիտակցում եմ դրա աստառը. Նիկոլը հրահանգել է այդպիսի մեղադրանքով բերման ենթարկել նրան՝ ձեռառնոցիի նպատակով: Առաջին հայացքից կարծես թե գործուն տրամաբանություն է՝ նիկոլապաշտ հանրությունը քահ-քահ կծիծաղի այդ առնչությամբ: Եվ երբ առկա է հրահանգը, ապա հեշտ է գտնել կատարողին. մեկին, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի իրավապահներին, եւ մի քննիչի, որ կկազմակերպի գործողությունը: Այդ թվում նաեւ դիմակավորված հատուկ ջոկատայիններով բերման ենթարկելը:

Հայտնի է, որ գնդապես Շիրինյանն այն անձանցից է, ով հացի խնդիր չունի, որպեսզի Գեղարքունիքի ինչ-որ գյուղում սրճեփ գողանար: Չնայած թանկարժեք «Լեքսուս» ավտոմեքենա ունեցողը չէր կարող հացի խնդիր ունենալ: Ինչը նշանակում է, որ… Չէ, դա ոչինչ չի նշանակում, քանի որ Նիկոլենց մտածողությունը չի տարբերվում Ի. Իլֆի եւ Ե. Պետրովի «Ոսկե հորթը» վեպի հերոս Շուրա Բալագանովի մտածողությունից:

Հիշում եք, չէ՞, մի քանի տասնյակ հազար ռուբլի գրպանում ունեցող գրպանահատ Շուրան հանրային տրանսպորտում մտնում է ուղեւորներից մեկի գրպանը: Որովհետեւ, իրենց կարծիքով, այդպիսի բան կարող էր անել նախկինների ներկայացուցիչ Շիրինյանը: Սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր անձ մեկ ուրիշի վրա է սովորաբար պրոյեկտում սեփական բացասականությունը: Այնպես որ, իրականում ծաղրի առարկա է դառնում ոչ թե Շիրինյանը, այլ այն անձը, ով տվել էր նման հաղորդում, եւ այն քննիչը, ով քրեական գործ է հարուցել: Իսկ այդ քննիչի տեսքով՝ նաեւ հայաստանյան ողջ իրավապահ համակարգը: Իսկ դա արդեն ավելի լուրջ է, քանի որ վաղը կամ մյուս օրը Նիկոլենք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, իսկ ձեռառնոցիի օբյեկտի վերածված համակարգը դեռ երկար ժամանակ ստիպված կլինի վերականգնել իր հեղինակությունը:

Որպես վերջաբան. երբ ծանոթացա այդ լուրին՝ զգացի, որ երեւույթին ծանոթ եմ: Համացանցն էլ օգնեց, ու գտա. 1932-ին Պուլկովյան աստղադիտարանի մի խումբ գիտնականների ու այդ թվում՝ Նիկոլայ Կոզիրյով անուն-ազգանունով համաշխարհային մեծության աստղագետին, առաջադրվել է խորհրդային կարգերը տապալելու մեղադրանք: Անձամբ Կոզիրյովին առաջադրվել է Վոլգա գետը Գերմանիա փախցնելու մեղադրանք: Ի դեպ, վերջինս աքսորվել է 1936-ին, իսկ 10 տարի անց վերադարձել է աքսորից: Պատկերացրի՞ք՝ ցանկանում էր ռուսական մայր գետը փախցնել արտասահման: Իսկ հիմա համեմատեք Շիրինյանի մեղադրանքի հետ: