Իսկ ո՞վ է մտածում, որ մենք հանձնել ենք հայրենիքը

Իսկ ո՞վ է մտածում, որ մենք հանձնել ենք հայրենիքը

«Իմ քայլի» պատգամավորները վերջին երկու օրերին միաբերան նույն տեքստերն են արտաբերում՝ ժողովուրդը մեզ ընտրել է, ժողովուրդն էլ կհեռացնի։ Կարծես նրանց շպարգալկաներ են բաժանել, եւ նրանք կրկնում են նույն տեքստը։ Մեր զրուցակից՝ իմքայլական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը, ով Արագածոտնի մարզի Քուչակ համայնքից է, եւ նրա կենսագրության ամենանշանակալի դրվագը մարզադպրոցի տնօրեն աշխատած լինելն է, երեկ մեզ հետ զրույցում ինքնավստահությամբ հայտարարեց, թե հրապարակում Փաշինյանի հրաժարականը պահանջողները ժողովուրդը չէ, եւ միայն նրանք, ովքեր իրենց խորհրդարան են գործուղել, կարող են իրենց հանել խորհրդարանից։ 

- Պարոն Ասատրյան, Դուք է՞լ եք դեմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, արտահերթ ընտրություններ անցկացնեն, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի։

- Ես կողմ եմ հետեւյալին․ քանի որ երկրում տիրող իրավիճակը քաոսային է՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ կորոնավիրուսով, այս պահին ես բացառում եմ ընտրություններ անցկացնելը, առավել եւս՝ վարչապետի հրաժարականը։ Մեզ այստեղ ուղղորդել է ժողովուրդը եւ ժողովուրդն էլ մեզ այստեղից դուրս կհանի։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ժողովուրդ չե՞ն։

- Ամեն մարդ իր կարծիքն ունի, ես արդեն ասացի՝ որ դեպքում մենք կգնանք։

- Դուք մտածում եք, որ երկուսուկես տարի առաջվա Հայաստանի եւ հիմիկվա միջեւ տարբերություն չկա՞, ոչինչ չի՞ փոխվել։

- Շատ բան է փոխվել բոլորիս կյանքում, ոչ միայն քաղաքական պրոցեսներում, այլ բոլորիս կյանքում։

- Իսկ կարո՞ղ է ժողովուրդը ձեզ ձայն էր տվել, որ հանձնեիք իր հայրենիքը։

- Իսկ ո՞վ է մտածում, որ մենք հանձնել ենք հայրենիքը։

- Պատերազմի ընթացքի մասին զինվորականների բացահայտումները, պաշտոնական տեղեկատվությունը եւ մի շարք այլ փաստեր շատերի մոտ նման եզրահանգման պատճառ են դարձել։

- Պատերազմը ցույց տվեց իր արդյունքը, ինչի հիման վրա պարտադրված մենք գնացել ենք այդ քայլին՝ չունենալով երկրորդ տարբերակ։

- Ասում են՝ դուք դիվանագիտական ճակատում ձախողվեցիք, ինչը հանգեցրեց պատերազմի, ձեր առաջնորդին զգուշացրել էին սպասվող վտանգի մասին․․․

 - 15-20 տարի կամ 25-30 տարի մենք խուսափել ենք դրանից, եւ, ի վերջո, պիտի գար ժամանակը՝ պատասխան տալու։ Խուսափել ենք Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելուց, եւ չի հաջողվել ոչ մի պարագայում։ Այսինքն, պատերազմն անխուսափելի էր, եւ կար տարբերակ, որ պատերազմ չլիներ։ Չլինելու տարբերակին, ինձնից սկսած, ոչ մեկը համաձայն չի եղել։ Այսինքն, եթե պատերազմը չլիներ, մենք ուղղակի այդ հողերը պիտի հանձնեինք թշնամուն։

- Ընդունենք, որ անխուսափելի էր, ընդունենք, որ առանց պատերազմի ոչ մեկը չէր համաձայնի, բայց կարող էր, չէ՞, իշխանությունը պատերազմի երրորդ, չորրորդ օրը, լավ՝ գոնե կեսից կանգնեցներ, ազնիվ խոսեր ժողովրդի հետ, ասեր, որ սերունդ ենք կորցնում։

- Մենք պիտի քաջություն ունենանք ընդունելու պարտությունը։

- Պարտությունը պատասխանատվություն է ենթադրում, մարդիկ ասում են՝ ընդունեք, որ պարտվել եք, ու հեռացեք։

- Իհարկե, ենթադրում է, բայց պետք չէ մեկ մարդու վրա բարդել մեղքը եւ ասել, թե դու եկել ես, երկուսուկես տարվա ընթացքում հասցրել ես էս վիճակին։

- Գիտեք, հիմա ամեն ինչ կարելի է ասել, բայց պատասխանատուն օրվա իշխանությունն է, գերագույն հրամանատարը, մոռացե՞լ եք ապրիլյան պատերազմի մասին ձեր թիմի դիրքորոշումը։

- Մի մոռացեք, որ մենք էդ տարածքների համար բազմաթիվ զոհեր ենք տվել մինչեւ պատերազմը։

- Դուք էլ պիտի ընդունեք, որ 2 ամսվա ընթացքում ավելի շատ զոհ տվեցինք, քան 90-ականների պատերազմի եւ դրանից հետո ողջ ժամանակահատվածում։

- Պատերազմը երբեք էլ ավարտված չի եղել 94 թվականից առաջ, եւ հետո՝ մի մոռացեք, որ մենք բազմաթիվ զոհեր ենք տվել։

- Ճի՞շտ եմ հասկանում՝ հիմա արդարացնում եք, որ նորմալ է այսքան զոհ տալը։ Ուզում էիք Ղարաբաղի հարցը լուծել՝ լուծեիք առանց պատերազմի, Նիկոլ Փաշինյանը 2018-ին հրապարակում խոստանում էր, որ մեկ գիշերում չի լուծվելու հարցը, ինքը քննարկելու է ժողովրդի հետ․․․ ինչո՞ւ չարեց։

- Լսեք, երբ բանը հասել է սրան, երբ ունեցանք այն, ինչ ունենք, ամենքս կարող ենք ենթադրություն անել, որ եթե պիտի սա լիներ, լավ էր չտալ, չհասնել սրան։ Ոչ մեկիս համար ընդունելի չէ այս իրավիճակը, մենք կորցրել ենք հողեր եւ մեր հարազատներին։ Ես՝ ինքս էլ հարազատ եմ կորցրել՝ եղբորս որդուն։
Հիմա եթե ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, գալացողները որ գալիս են, ի՞նչ փոփոխություն են անելու։

- Մարդիկ ասում են՝ դուք սխալվել եք, ձախողել եք, հիմա չեք կարողանում պետության անվտանգությունն ապահովել, գնացեք։

- Ո՞ւր գնանք, ովքե՞ր են նման բան ասում։

- Քաղաքական ուժերը, մտավորականները, շարքային քաղաքացիները, կաթողիկոսները․․․ նախկին նախագահները, գործող նախագահը։

- Ամեն մարդ իր մոտեցումն ունի, ամեն մարդ ինքը գիտի, թե ինչի է պահանջում։ Ես չեմ լսել էն ժողովրդի կարծիքը, որոնք որ ինձ բերել են այստեղ։ Ես իրենց հարցրել եմ, գիտեմ։

- Իսկ հրաժարական պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովո՞ւրդը չեն։

- Էդ ժողովուրդն այն ժամանակ, որ մենք եկել ենք այստեղ, այն ժամանակ էլ էին մեզ դեմ։

- Ժողովուրդն ասում է՝ առանց պատերազմի Սյունիքից ամեն օր հող ենք զիջում թշնամուն, իշխանությունը տեր չի կանգնում մեր սահմաններին, համայնքապետերն են դա իրենց վրա վերցրել։

- Դրանք մանիպուլյացիաներ են, ՀՀ տարածքից մի սանտիմետր հող չի վերցվել։

- Ադրբեջանցի զինվորները GPS-ով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել։ Համայնքապետը հայտարարեց, որ մեկ շաբաթից ավելի համագյուղացիների հետ պահում էին սահմանը, բայց այլեւս հնարավոր չէ, ու զիջել են այդ հողերը, իսկ Դուք ասում եք՝ սանտիմետր չենք զիջել։

- Եթե մի բանը սխալմունք է եղել, շտկման փուլում է։ Հիմա Դուք ինձ մի բան եք ասում, որ ես կոնկրետ այնտեղ չեմ եղել։ 

- Հարցն էլ դա է․ իշխանությունն ինչո՞ւ չպիտի այնտեղ լինի, ինչքա՞ն կարելի է արդարացնել այս իրավիճակը։

- Եթե մենք համաձայնել ենք, որ պետք է տանք 7 շրջանը, ինչքան այնտեղ գծով եղել է, դա պետք է տանք։

- 7 շրջանից բացի, Շուշին, Հադրութը, Մարտակերտի մի մասն եք տվել։

- Չենք տվել, պատերազմով վերցրել են։

- Լաչինը, Քարվաճառը, Աղդամը պատերազմով չէին վերցրել, հենց դրա համար են ասում, որ լավ բանակցող լինեիք, կարելի էր այլ փաստաթուղթ ստորագրել։

- Դրանք յոթ շրջանների մեջ էին։ Եվ ես ուզում եմ հարցնել, որ մենք ձախողել ենք, մեզանից առաջ հաջողե՞լ էին։ Չկար այլ լուծում։

- Իսկ ինչո՞ւ որեւիցե անգամ երկուսուկես տարվա ընթացքում այդ մասին չխոսեցիք ժողովրդի հետ։

- Որովհետեւ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

- Բայց ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո հայտարարեց, որ դեռ հունիս-հուլիս ամիսներին վարչապետին զեկուցագրով նախազգուշացրել է վտանգի մասին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ հետաձգելուն։

- Ես տեղյակ չեմ եղել այդ մասին։

- Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, չէ՞, եղել։

- Տեղյակ է եղել եւ մանրամասն հայտնել է իր տեսակետը։

- Իսկ երբ դուք տեղեկացաք այդ մասին, ձեր ղեկավարից պարզաբանումներ պահանջեցի՞ք՝ ինչո՞ւ չկանխեց, ինչո՞ւ պատասխանատվություն չվերցրեց իր վրա։

- Ինքը հիմա էլ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։