Էլիտան է պետականության պաշտպանը

Էլիտան է պետականության պաշտպանը

Եվ այսպես՝ «Հայաստան» դաշինքի 27 անդամ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, վերցնելու է ՀՀ Ազգային ժողովի մանդատները: Պաշտոնական հայտարարությունը կտրվի ավելի ուշ, սակայն արդեն հստակ է, որ հենց այդպես էլ կլինի: Յոթ պատգամավոր էլ կունենա ընդդիմադիր մեկ այլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը: Դե, այդ դեպքում կարելի է շնորհավորել երկու դաշինքներին ընդդիմադիր խմբակցությունների վերածվելու առիթով: Եվ ակնկալել, որ  վերջիններս կանեն հնարավորն ու անհնարինը՝ նիկոլական իշխանության ազգակործան ծրագրերը տապալելու ուղղությամբ: 

Եվ դրանցից առաջնայինը, բնականաբար, Ադրբեջանի ղեկավարի հետ Նիկոլի կնքելիք համաձայնագիրն է, ինչը, ըստ Նիկոլի, 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին: Քանի որ այն, ինչ Նիկոլի կարծիքով 100 տոկոսով շահավետ է մեր երկրի համար, կարող է նույն չափաբաժնով վտանգավոր լինել, եթե հաշվի առնենք նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» նախապատերազմյան ձեւակերպումը: Ինչպես նաեւ պատերազմի առաջին օրն Ազգային ժողովում հնչած նրա «ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում» արտահայտությունը: 

Նման մտածողությամբ երկրի ղեկավար ունենալու դեպքում մենք պետք է անընդհատ հարց տանք մեզ՝ որքանո՞վ է ադեկվատ վերջինիս կարծիքն իր կողմից ստորագրվելիք այս կամ այն պաշտոնական փաստաթղթի առումով: Պարզ է, որ այդ հարցով զբաղվելու են խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները: Սակայն պարզ չէ, թե կհաջողվի՞ նրանց՝ արգելափակել բոլոր այն պայմանավորվածությունները, որ Նիկոլն ուներ Իլհամի հետ եւ դեռեւս կարող է ունենալ մոտ ապագայում: Այն ապագայում, որը մեր հասարակությունն ապահովեց Նիկոլի համար: Եվ մի կարեւոր հարց՝ կունենա՞ն, արդյոք, ընդդիմադիր խմբակցությունները հակաազգային եւ հակապետական պայմանավորվածություններն արգելափակելու հնարավորություն:

Եվ եթե նույնիսկ չունենան, ապա աղմուկ հանել հաստատ կարող են՝ այս կամ այն հակապետական համաձայնագրի կամ դրանում այդպիսի դրույթների առկայության դեպքում: Ինչը խնդիրներ կստեղծի 2018 թվականի հանրահավաքներում հավաքված ժողովրդին «հայկական ագորա» խոստացած ու իր խոսքը դրժած Նիկոլի համար: Ես չգիտեմ, թե որքան կտեւի Նիկոլի հերթական վարչապետությունը, սակայն վերջինիս կողմից որպես ձեռառնոցի օգտագործված «հայկական էլիտան» ստիպված է անել ամեն ինչ՝ պետականությունը պահպանելու եւ հետնիկոլական դարաշրջանում այն հզորացնելու նպատակով:

Ինչ մնում է նրանց անմիջական՝ օրենսդրական աշխատանքին, ապա այդ հարցում կարող ենք վստահ լինել, որ կլինեն ակտիվ, սակայն ոչ թե ընդունման, այլ վտանգավոր օրենսդրական դրույթների չեզոքացման առումով: Ինչը, իհարկե, դրական երեւույթ է, թեեւ՝ անբավարար: Բայց, այնուամենայնիվ, չմոռանանք, որ դա չէ այն գլխավոր նպատակը, հանուն որի վերջիններս հայտնվել են խորհրդարանում: