Արտասահմանյան ընկերությունները Ռուսաստան մտնելու համար սերտիֆիկատ են գնում Հայաստանից

Արտասահմանյան ընկերությունները Ռուսաստան մտնելու համար սերտիֆիկատ են գնում Հայաստանից

Հայաստանի ընկերությունները ահռելի թվով համապատասխանության սերտիֆիկատներ են վաճառում ԵԱՏՄ տարածք մուտք գործող արտասահմանյան արտադրողներին: Անգամ չինական ընկերությունները՝ ՌԴ-ում ապրանք վաճառելու համար դիմում են ոչ թե հարևան Ղազախստանի, այլ ՀՀ սերտիֆիկացման կենտրոններին, առաջ մղելով սերտիֆիկացման բիզնեսը Հայաստանում: 

ԵԱՏՄ շուկաները մաքրելու, անորակ արտադրանքը դուրս մղելու նպատակով  ընդունված ԵԱՏՄ-ը կանոնակարգերն ու պարտադիր սերտիֆիկացումը ինչ-որ ժամանակ փրկում էին շուկան կասկածելի արտադրանքից: 
Հայկական հեղափոխությունը նոր զարտուղի ճանապարհ բացեց արտասահմանյան արտադրողների համար: Չինական, թուրքական, ռուսական ընկերություններ, որոնք ՌԴ սերտիֆիկացման մարմիններից չեն կարողանում սերտիֆիկատ ստանալ, սկսեցին դիմել ԵԱՏՄ տարածքի համար սերտիֆիկատ վաճառող հայկական ընկերությունների:  

«Հրապարակի» տրամադրության տակ են հայտնվել մի քանի այդպիսի սերտիֆիկատներ: Մեկը տրված է չինական «Jiaxing E-XON power technology CO» ընկերությանը, տրանսպորտային շարժիչի գազամատակարար սարքավորման համար: Սերտիֆիկատն այս չինական ընկերությանը տրվել   Հայաստանում, Երևան, Արամի-64 հասցեում գրանցված «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի կողմից, ղեկավար՝ Լևոն Պետրոսյան: Չինական ընկերությունն էլ այս սերտիֆիկատով մուտք է գործել ՌԴ տարածք: 

Փաստաթուղթը չենք հրապարակում, քանի որ չենք ցանկանում վնասել չինական ընկերության ռուսաստանյան գործընկերոջը, որը պարզապես թուղթ է «վերցրել» մերոնցից: 

Սերտիֆիկատում նշված հեռախոսահամարով զանգահարեցինք, պարզելու համար, թե հայկական ընկերությունը ինչ հիմքերով է չինական ընկերությանը սերտիֆիկատ տվել, կոնկրետ ո՞ր փորձագետն է Չինաստան մեկնել ապրանքի որակը տեղում ուսումնասիրելու համար, ի՞նչ փորձարկումներ են կատարել եւ այլն: Հատկանշական է, որ փորձաքննություններից մեկը ընկերությունը կատարել է, ըստ մեզ մոտ եղած փաստաթղթի, հուլիսի 23-ին, այսինքն՝ 10 օր առաջ: Ակնհայտ է, որ 10 օր առաջ հայկական ընկերության ներկայացուցիչները չէին կարող մուտք գործել Չինաստան, փորձարկումներ կատարելու: Ի պատասխան, ընկերության ղեկավար Լևոն Պետրոսյանն ասաց, որ սերտիֆիկացնելու համար պարտադիր չէ մեկնել Չինաստան, որ սերտիֆիկացումը ԻՍՕ ստանդարտների համակարգի հիման վրա է կատարվում, և նույնիսկ ապրանքը տեսնելը միշտ չէ պարտադիր: Այսինքն, փաստաթղթերի հիման վրա տվյալ արտադրանքը համադրվում է տեխնիկական կանոնակարգի հետ: 
Վերջին սերտիֆիկատը «Սերտիֆիկացման միջազգային կենտրոնը» տրամադրել է 7 օր առաջ՝ չինական հագուստի համար, ստացողը Մուրմանսկում գրանցված «Անկախ փորձաքննության կենտրոն Մուրմանտրեստ» ընկերությունն է: Տարօրինակ է, որ Հյուսիսային բևեռային շրջանից էլ դուրս գրանցված ընկերությունը հարյուրավոր ռուսական ֆիրմաներից նախընտրել է հենց հեռավոր Երևանում, Արամի փողոցում գտնվող հավատարմագրված ընկերությունը: Ըստ Լևոն Պետրոսյանի, պատճառն այն է, որ իրենց սերտիֆիկատն ավելի էժան է: Լևոն Պետրոսյանին շատ հարցեր ունեինք: Մասնավորապես, ուզում էինք տեղեկանալ, թե արյոք կարո՞ղ է գեթ մեկ օրինակ նշել, որ իրենք մերժած լինեն սերտեֆիկացումը և գումարը վերադարձրած լինեն, սակայն նա հրաժարվեց հետագա զրույցից և թույլ չտվեց իրեն ձայնագրել, քանի որ «չի վստահում լրագրողներին», վստահ է, որ շատերը շահարկում են թեման, պատվեր են կատարում և այլն: Ուստի ստիպված էինք սահմանափակվել այսքանով: 


Իսկ ահա, թե ինչ պատմեց մեզ Ռուսաստանում աշխատող գործարար Ա. Կ-ն: «Ես հեռու եմ այս ոլորտից, բայց ինձ պետք էր կոմպրեսոր սերտիֆիկացնել, սկսեցի փնտրել ընկերություններ, և ինձ զարմացրեց, որ ռուսական մի ընկերությունը առաջարկեց ուղղակի գնել հայկական սերտիֆիկատ: Ես կապվեցի նրանց հետ, և իրենք առաջարկեցին 3 անգամ ավելի թանկ գին, քան ՌԴ ընկերությունը, որն օրինական տրամադրում է, եթե, իհարկե, չունենք խախտումներ: Առաջարկի մեջ նաև գրված է առանձին 20 հազար ռուբլի արտադրությունը ստուգելու համար»: 


Սերտիֆիկատի վաճառքը մեզանում ծաղկող բիզնես է: Ուսումնասիրելով հավաստագրման ազգային մարմնի armnab.am պաշտոնական կայքը, որտեղ գրանցվում են հայկական ընկերությունների կողմից տրված համապատասխանության բոլոր սերտիֆիկատները, հետաքրքիր պատկեր ենք պարզում: Հայկական ընկերություններին դիմողների մեծ մասը դրսի կազմակերպություններ են: Մեկ այլ հետաքրքիր տվյալ էլ քաղեցինք ԵԱՏՄ portal.eaeunion.org ինֆորմացիոն պորտալից: Ըստ այդմ, տարբեր տնտեսվարողներ Հայաստանից ստացել են 14 347 հատ սերտեֆիկատ, իսկ Ղազախստանից՝ ընդամենը 10500 հատ: Սա նշանակում է, որ Ղազախստանում սերտիֆիկատ ստանալն անհամեմատ դժվար է: Ղազախստանի հարևան Չինաստանը շատ ավելի հեշտ է ստանում սերտիֆիկատ Հայաստանից, քան անհամեմատ ավելի մեծ Ղազախստանից: Ինչո՞ւ, արդյոք միայն գնային տարբերությո՞ւնն է մղում ԵԱՏՄ շուկա մուտք գործողներին դեպի հեռավոր Հայաստանի սերտիֆիկացնող ընկերությունները: 


Գաղտնիք չէ, որ մեր սերտիֆիկացնող ընկերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրի սերտիֆիկացնող մարմինները ինչ-որ արտադրանքի գրանցման կամ սերտիֆիկացման համար պահանջվող ոչ բոլոր փորձարկումներն են կատարում: Այս մասին «Հրապարակին» հայտնեց սննդի անվտանգության մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը, որն այժմ «Բեկում» հասարակական կազմակերպության նախագահն է: Նա խոսեց սննդի ոլորտից: «Օրինակ, կենսաբանական ակտիվ հավելումների դեպքում, գրանցում են արտադրանք, որն իրականում այդ արտադրանքը չէ, կամ էլ անհրաժեշտ ոչ բոլոր չափանիշներին է համապատասխանում, ինչը թույլ է տալիս դրանք շրջանառել ԵԱՏՄ տարածքում, սակայն նման դեպքերում բիզնեսը այդ արտադրանքը գրանցում է տվյալ երկրում, որտեղ ուզում է վաճառել և այլ երկրներ չի տանում, իսկ մեզ մոտ գրանցված ապրանքների դեպքում, եթե դրանք տանում են Ռուսաստան, ապա այնտեղ մոնիթորինգի շրջանակներում տվյալ արտադրանքը ճանաչում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և հանում են իրենց շուկայից»:
Կարծում ենք, արժե, որ Հայաստանի իրավապահ և վերահսկող մարմինները զբաղվեն այս հարցերով: