Փշալարը պոկված է եղել․ ինչ է կատարվել Ռանչպար գյուղում, ովքեր են գյուղ մտել
Երեկ Մասիսի տարածաշրջանի Ռանչպար գյուղի բնակիչները անհանգիստ օր են ունեցել: Տեղեկություն է տարածվել, որ սահմանակից Թուրքիայից մարդիկ են ներխուժել գյուղ, հատել են սահմանը: Գյուղի բնակիչներին զգոնություն ցուցաբերելու հրահանգ է տրվել: Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը Hraparak.am-ին ասաց, որ այս պահին գյուղում ամեն բան կարգին է, ԱԱԾ-ն է զբաղվում տեղեկությամբ։ «Չեմ կարող ասել՝ ինչ-որ մեկը մտե՞լ է գյուղ, թե՞ չի մտել, այս պահին բոլորն իրենց գործերով են, խուճապ բացարձակ չկա»: Վարչական ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է առաջինը լուրը տարածել, ի՞նչ հիմքով․ «Սահմանի փշալարն է կասկածելի թվացել, պոկված է եղել, պատճառ է դարձել, որ անհանգստանան, նկատել են ռուս սահմանապահները, տեղեկացրել մեր կողմին»,- ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ պաշտոնական հայտարարություն եղավ, որ ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Կարծիքներ