Ծեր մարդն ընդամենը մի դիմակ էր ուզում․․․

 Ծեր մարդն ընդամենը մի դիմակ էր ուզում․․․

Այսօր մեր դեղատուն էի մտել՝ Ազատության պողոտայի վրա, դիմակի համար։ Չէի պատկերացնում, որ դիմակ կլինի, բայց հարցրի՝ կար։ Հատը 220 դրամ։ Ինձնից առաջ մի երիտասարդ էր կանգնած, նրանից առաջ էլ  մի ծեր մարդ։ Ծեր մարդը ուրիշ դեղ էր գնում, բայց երբ «Դիմակ կա՞» իմ հարցին վաճառողը պատասխանեց, որ այո, կա, ծեր մարդը  կամաց ձայնով ասաց՝ մի հատ դիմակ էլ ինձ տուր, տղա ջան։  Հետևին կանգնած երիտասարդը հարցրեց՝ ինչու՞ մեկը։ Ծերունին ժպտաց՝ դե քիչ եմ դուրս գալիս, մեկ- մեկ, որ խիստ անհրաժեշտ լինի,  կդնեմ։ Վճարելուց տեսանք, որ դեղի գումարից  բացի 220 դրամ էլ հազիվ մնացած լիներ մոտը, մատները դողացնելով հաշվում էր կոպեկները։

-Տուփի մեջ քանի՞ հատ է ,- հարցրեց երիտասարդը աշխատողին։

- 75։

- Մի տուփ տուր պապիկին,- ասաց նա։

Ծեր մարդը երեխայի պես շփոթվեց, խառնվեց, հետո խեղճ- խեղճ ասաց․

-Մոտս փող չկար, որ շատ վերցնեի, բայց տանը մի քիչ ունեմ՝ «էնզե», կգայի, կառնեի․․․

 

Հիմա մտածում եմ՝ ծայրահեղ վիճակում գտնվող թոշակառուն այնքան չի՞ արել իր երկրի համար, որ պետությունն արտակարգ այս իրավիճակում նրան պաշտպանվելու համար մի քանի անվճար դիմակ տա։ Պետությունը մի կամեցող երիտասարդի չափ էլ չկա՞։

Լավ, մենք ինչո՞վ ուրախանանք։