Սուպերմարկետներում անպատիժ խաբում են հաճախորդներին

Սուպերմարկետներում անպատիժ խաբում են հաճախորդներին

Ո՞ր մարմինն է վերահսկում խոշոր սուպերմարկետները եւ սննդի խանութները, ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին, երբ նրան փորձում են անորակ սնունդ վաճառել, խաբել, ֆռռացնել։ Հարցերն առաջացան օրերս, երբ տհաճ միջադեպի մեջ ընկանք  նախկին դաշնամուրի գործարանի շենքում՝ Շիրակի փողոցում գտնվող «Սանֆուդ» սուպերմարկետում։ ««Սանֆուդ» սուպերմարկետի իրական դեմքը բորբոսն է»՝ մեր հրապարակումից անմիջապես հետո մեզ հետ կապ հաստատեցին այս սուպերմարկետի նախկին աշխատակիցներ եւ դրանից օգտվող քաղաքացիներ, որոնք նոր խախտումների մասին տեղեկացրին։ Պարզվում է՝ բորբոսնած մսամթերք վաճառելն այս սուպերմարկետի համար մանկական չարաճճիություն է։ Այստեղ այլ, շատ ավելի անտեսանելի ու լուրջ մեքենայություններ են կատարվում։ «Լվացարանի մեջ հին երշիկը լվանում են, փառը հանում են ու վաճառում են։ «Արաբիկա» կիլոյով սուրճ են վաճառում՝ աղալու համար, վրան գրված է՝ «Արաբիկա», բայց մեջն ավելի էժան սուրճ է։ «Արաբիկայի» թանկ կոդի տակ էժան սուրճ են վաճառում։ Նույնը՝ աղիքով նրբերշիկի մասով։ «Աթենքի» նրբերշիկի կոդի տակ այլ ապրանքատեսակ են դնում, օրինակ, «Գանձասարի» արտադրանք, ծախում են։ Կշեռքի մեջ խաբում են։ Այն ապրանքները, որոնք կշռված դրված են, դնես կշեռքի վրա, կտեսնես, որ քաշը պակաս է։ Կշեռքի վրա մանիկյուր կամ այլ բան են տեղադրում, որ քաշ ավելացնեն։ Այն ապրանքը, որն առաքիչը հետ չի տանում, մենեջերն ասում է՝ ոչինչ, կտանք, ֆուռի վրացիները կտանեն»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը։ Նաեւ գնորդներից մի տարեց կնոջ բողոքը ստացանք․ «Մշտական հաճախորդ եմ։ Սալ եմ գնում, ընդամենը մի քանի կտոր։ Ու էդ մի քանի կտոր սալի քաշի մեջ խաբում են»։ 

Սննդի անվտանգության տեսչական մարմինը գրանցեց մեր բողոքը, սակայն միայն բաստուրմայի մասով։ «Մնացած հարցերով մենք չենք զբաղվում։ Պետք է դիմեք ոստիկանություն»,- ասացին տեսչականից։ Շուկայի վերահսկողության տեսչությունից հայտնեցին, որ  թերակշռումները, մանր մեքենայությունները, հաճախորդներին խաբելու դեպքերն իրենց վերահսկողությունից դուրս են, եւ իրենք զբաղվում են միայն իրացվող ոչ պարենային ապրանքների անվտանգությամբ եւ չափագրումներով։ Այսինքն՝  իրացման փուլում գտնվող ոչ պարենային ապրանքը տեխկանոնակարգման պահանջներին համապատասխանության փաստաթուղթ ունի՞, թե՞ ոչ։ Այս մարմնից ասացին, որ մենք պետք է դիմենք միայն սպառողների շահերով զբաղվող ՀԿ-ներին, որոնք, սակայն, վերահսկողության կամ ստուգումներ իրականացնելու ֆունկցիա չունեն։ 

Խոսեցինք «Սանֆուդ» սուպերմարկետի տնօրեն Արսեն Խաչատրյանի հետ՝ հույսով, որ գոնե նա ստուգումներ կիրականացնի իր խանութում, կկարողանա կանխել մենեջերների, վաճառողների կողմից գնորդին խաբելու փորձերը։ Սակայն նա ասաց, որ մենք իրեն զրպարտում ենք, ուզում ենք արատավորել իր բարի համբավը, որ ինքը հավատում է իր աշխատակիցներին։ Ասաց նաեւ, որ իր ընկերությունը համապատասխանում է բրիտանական ստանդարտներին, իսկ փտած սննդամթերքը, որը վաճառվել է, իրենք չեն արտադրել, այլ՝ «Բիելլա» ընկերությունը։ Որեւէ այլ խախտման մասին նա չէր ցանկանում լսել անգամ, կուրորեն հավատում էր մենեջերին։ Նա մեզ խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին, որոնց ուշադրությանն ապավինում ենք։ 

Բայց այս պատմության մեջ մեզ ամենաշատը զայրացրեց գնորդների փաստացի անպաշտպան վիճակը մեր երկրում։ Փաստորեն, գոյություն չունի որեւէ պետական մարմին, որը վերահսկի սուպերմարկետներին, բացահայտի այն խաբեությունները, որոնք տեղի են ունենում այդ «սուրբ» օջախներում։ Դրանք, ըստ էության, մնում են չբացահայտված ու անպատիժ։