Կադրային «ռակիրովկաներ». կառուցվածքային փոփոխություններ՝ Արցախի կառավարությունում

Կադրային «ռակիրովկաներ». կառուցվածքային փոփոխություններ՝ Արցախի կառավարությունում

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը սկսել է կառավարության ձեւավորումը եւ դա անում է Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր անվերապահ աջակցության արդյունքում ստացած վստահության շրջանակներում։ Արցախից հասնող տեղեկությունների համաձայն, առաջիկայում ոչ միայն կադրային, այլեւ կառուցվածքային առանցքային փոփոխություններ կլինեն Արցախում, որից հետո կձեւավորվի նոր կառավարություն՝ բացառապես հայաստանյան իշխանությունների ճաշակով ու հավանությամբ։ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մասնակցած Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասել է, որ կադրային նշանակումները պետք է լինեն իր հետ համաձայնեցված։ Եվ նորընտիր նախագահը լծվել է այդ հրահանգն իրականացնելու գործին։

Ամենաուշագրավ փոփոխությունը թերեւս սպասվում է Արցախի անվտանգության ոլորտում։ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը թերեւս ուղիղ կկառավարվի ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ ԱԱԾ տնօրենի այս թեկնածուի ընտրությունը կրկին կատարվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ գրեթե հարյուր տոկոսով որոշված է, որ ԱԱԾ ղեկավար կնշանակվի Արցախի նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ում պաշտոնից հեռացրել էին 2018 թվականի հունիսին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հայտնի բողոքի ակցիաներից, ավելի ճիշտ՝ հայաստանյան իշխանությունների պահանջներից հետո։

Կամո Աղաջանյանն ամենակարկառուն նախկին պաշտոնյաներից է, որը նախկին է ոչ միայն Արցախի իշխանությունների կտրվածքով, այլեւ՝ հայաստանյան։ Նա Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից էր։ Սերժ Սարգսյանի շնորհիվ էին նրան ՊՆ-ից տեղափոխել ուժային կառույցի ղեկավար․ պատմում են, որ մինչեւ հեղափոխությունը որտեղ նստում՝ Ազատիչի արեւով էր երդվում։ Թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ընտրում՝  նախկիններից ով է լավը, ով՝ վատը, միայն ինքը կիմանա, բայց Արցախում շատերի համար միանգամայն անհասկանալի է հեղափոխական լոզունգներով ձեւավորվելիք նոր իշխանությունում Աղաջանյանի հայտնությունը։ 
Ի դեպ, 2018-ի հունիսին ոստիկանապետի պաշտոնից ազատված Կամո Աղաջանյանին ամիսներ անց Բակո Սահակյանը նշանակել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

Այս պահին դեռ վերջնական որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, Արցախի կառավարության կառուցվածքը 1-2 նախարարությունով կավելանա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվել է տարբեր քաղաքական ուժերի ներգրավել նոր կառավարությունում, որոշում է կայացվել նոր պաշտոններ ավելացնել, որպեսզի հնարավոր լինի բոլորին բավարարել: Այդ նկատառումից ելնելով էլ՝ որոշ նշանակումներ ձգձգվում են, որն ավելի շատ պայմանավորված է ՀՀ-ի հետ ճշտումներով: Այս պահին հստակ է միայն, որ ուժային բոլոր կառույցներում փոփոխություններ կարվեն, բացառությամբ ՊԲ-ի: Հիշեցնենք, որ դեռեւս անցած շաբաթ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվեց Արշավիր Ղարամյանը՝ դիմում գրելով։ Իսկ նա հայաստանյան իշխանությունների ամենակոշտ քննադատներից մեկն էր։ Այդ պաշտոնի շուրջ վերջին օրերին սակարկություններ են գնում։

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանի գլխավոր դաշնակից Սամվել Բաբայանն իրեն միայն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում է տեսնում, իսկ դա այնքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ, բայց հանուն խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալու, հնարավոր է բանակցությունները հօգուտ Բաբայանի պսակվեն։ Արցախում վերջին հինգ տարվա մշտական բնակության ցենզին չհամապատասխանելու արդյունքում Բաբայանը, հիշեցնենք, չընդգրկվեց խորհրդարանական ցուցակում, բնականաբար, չառաջադրեց նաեւ նախագահի թեկնածություն, սակայն խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը գրավեց։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նրա թիմից որոշներն էլ պաշտոն կստանան գործադիրում։ Բաբայան-Հարությունյան համագործակցությունը միգուցե «կոալիցիա» անունը չստանա, բայց փոխգործակցությունը, երեկ ամրագրվեց թղթի վրա՝ հուշագրի տեսքով։

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա նորընտիր նախագահի հետ ՀՅԴ-ի բանակցությունները տապալվել են, ՀՅԴ-ում դեմ են եղել Բաբայանի՝ իշխանությունում ներգրավվելու հեռանկարին, երեք մանդատով նրանք տեղ կզբաղեցնեն արմատական ընդդիմադիր դաշտում, որտեղ է նաեւ Վիտալի Բալասանյանը՝ իր 3 մանդատով։ 

Գրեթե որոշված է, որ Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը կմնա արտգործնախարարի պաշտոնում։ Սա էլ՝ շնորհիվ հայաստանյան իշխանությունների աջակցության։ Ընտրարշավին Արայիկ Հարությունյանի ամենամոլի քննադատին դժվար թե Հարությունյանը հանդուրժեր, բայց քանի որ որոշումները կայացվում են այլ կաբինետում, ապա ամեն բան դառնում է հնարավոր։ Ի դեպ, Մայիլյանի թիմը երես է թեքել իր առաջնորդից՝ համարելով, որ նա հետ է կանգնել իր սկզբունքներից, շատերը դիրքավորվել են արտախորհրդարանական ուժերի կողքին։ Արցախի, այսպես կոչված, այլընտրանքային քաղաքական ուժն էլ կդառնա Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն։ Պաշտոնապես չի հաստատվի նրանց եւ իշխանությունների համագործակցությունը, բայց նեղ պահերին նրանք կգործեն ի շահ Արայիկ Հարությունյանի, իսկ դրա դիմաց, մեր տեղեկություններով, Ղուլյանը մոտ ապագայում պաշտոն կստանա պետական համակարգի մի կարեւոր օղակում, բայց ոչ կառավարությունում։