Կրթության եւ գիտության հանդեպ դարձել ենք անպատասխանատու

Կրթության եւ գիտության հանդեպ դարձել ենք անպատասխանատու

Բուհերի ընդունելության քննությունների պատկերը վերջին տարիներին որքան մտահոգիչ, նույնքան էլ օրինաչափ է դարձել, որն այլեւս ոչ ոքի չի զարմացնում։ Համաձայն ԳԹԿ-ի՝ այս տարի բուհական համակարգում թափուր է մնացել ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով տեղ։

Ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի՝ պատճառներից մեկն այն է, որ որոշ մասնագիտություններ շուկայում պահանջված չեն։ Ինչ վերաբերում է ագրարային եւ մանկավարժական համալսարաններին, ապա այս բուհերում տարեցտարի դիմորդների թիվը պակասում է։

Հատկանշական է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անընդունելի էր համարել այն փաստը, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ, ինչը նա բացատրել էր նրանով, որ տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում, իսկ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն էլ նշել էր, որ արտառոց ոչինչ ու նաեւ ողբերգություն չկա այստեղ, քանի որ բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի։ 

Գրականագետ Դավիթ Գասպարյանի համար, ցանկացած դեպքում, այս պատկերը տխուր է եւ մտահոգիչ․ «Իսկ այդ թվերը նաեւ պլանավորելիս պետք է հաշվի առնեն, կրճատման տեմպերն էլ թեպետ մեր վիճակից են բխում, բայց մեր շահերից չեն խոսում․․․ ինչ է կատարվում՝ դպրոցների միացում, կրճատում․․․, մինչդեռ Չեչնիայում թե՛ անցած տարի, թե՛ այս տարի շուրջ 10 դպրոց են բացել՝ 1.200 տեղով, նաեւ բացել են Մոսկվայի համալսարանի բաժանմունք՝ 3 հազար տեղով, ու սա մի երկիր է, որ կռիվներից նոր է աչք բացում ու նման առաջընթաց է գրանցում։ Տխուր է պատկերը եւ մտահոգիչ, որովհետեւ պակասում են մասնագետները նախեւառաջ ագրոտնտեսության մեջ, մանկավարժության ոլորտում։ Մինչդեռ դրանք անհրաժեշտ մասնագիտություններ են, որոնք տնտեսությունը պետք է առաջ տանեն եւ պահպանեն։ Սա ընդհանուր մեր վիճակից է գալիս՝ ընդհանուր անկման մեջ գտնվելու հոգեբանությունից; Պետությունը պետք է համապատասխան պայմաններ ստեղծի, որպեսզի Հայաստանը դառնա գիտության երկիր, իր հերթին գիտությունն էլ ներդրվի արդյունաբերության, արտադրության մեջ, որպեսզի մարդը գնա գիտության ճանապարհով»։

Մտահոգիչ հարցեր, ըստ Գասպարյանի, շատ կան կրթական համակարգում, որոնցից մեկը նաեւ մասնավոր բուհերն են եւ այնտեղ իրականացվող կրթությունը։ «Մի քանի մասնավոր բուհեր դեռ կան Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ եթե մի քանիսն են մնացել, ուրեմն վիճակը լավ է։ Վերջերս մասնավոր բուհերից մեկի հետ առնչվեցի ու տեսա, որ նույն կեղծարարությունն է, նաեւ՝ դիպլոմներ տալու հարցում, եւ պարտադիր չէ, որ ուսանողը դասի գա կամ քննություններին ներկայանա․ իրենց վարձը վճարում են, ու վերջ, այս վիճակն է։ Մենք կրթության եւ գիտության հանդեպ դարձել ենք անպատասխանատու, եւ դա ունենում է հետեւանքներ, որոնք արդեն տեսնում ենք»,- արձանագրում է Գասպարյանը։