Քարոզարշավն անտեղյակ մարդկանց համար է

Քարոզարշավն անտեղյակ մարդկանց համար է

Մայիսի 31-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքը՝ ՀՔԾ-ի կողմից իրեն որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ: Դատարանը Վարդազարյանի իրավունքների խախտում է տեսել նախաքննական մարմնի որոշման մեջ եւ պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի իրավունքների եւ օրինական շահերի խախտումը: Բողոքի հիմքում ընկած էր Վարդազարյանի՝ իբրեւ դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելը։ 

Դատարանը, սակայն, մինչ օրս որոշման ամբողջական տարբերակը չի հրապարակել, Վարդազարյանին ու նրա փաստաբանին ծանոթ է միայն որոշման եզրափակիչ մասը։ Իսկ ամբողջական որոշումը մինչ օրս դեռ չեն ստացել։ Որոշման ամբողջական հրապարակումից հետո, եթե այն չբողոքարկեն, ենթադրվում է, որ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահի, կասեցվել են, պիտի վերականգնվի իր պաշտոնին։

Իսկ ինչո՞ւ չեն ստացել որոշումը, սահմանված ժամկետ չկա՞։ Մեզ հետ զրույցում Վարդազարյանն ասաց․ «Ժամկետ չկա սահմանված, կարծում եմ՝ դեռ որոշումը գրման պրոցեսում է»։

- Կարո՞ղ է որոշումը լինել այնպիսին, որ Դուք չվերականգնվեք Ձեր պաշտոնին։

- Որոշումը կլինի, կկարդամ հիմնավորումները, նոր կկարողանամ դրա վերաբերյալ կարծիք հայտնել։ Դեռ վաղ է խոսել դրա մասին։

- Իսկ ի՞նչ տեսքով էիք տեսել Դուք որոշումը, որ ասում էիք՝ պիտի վերականգնվեք Ձեր պաշտոնին։

- Հրապարակվել էր որոշման ընդամենը եզրափակիչ մասը, որտեղ դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել իրավունքների խախտում, հետեւաբար, իրավունքի խախտումը պետք է վերացվի։ Բայց հիմնավորումները չափազանց կարեւոր են։

- Այդ որոշումը բողոքարկելու հնարավորություն կա՞, եւ բողոքարկելո՞ւ են, տեղյա՞կ եք։

- Այո, դատախազությունը որոշումն ստանալուց հետո հնգօրյա ընթացքում իրավունք ունի բողոքարկել։ 

- Իսկ կարո՞ղ է՝ դատավորը ոտքը կախ է գցել, սպասում է՝ ընտրությունների արդյունքները լինեն, նոր որոշումը հրապարակի։

- Չեմ կարծում, թե Դավիթ Հարությունյանը նման բանի սպասի։ Իմ կարծիքով՝ այն ծանրաբեռնվածությունը, որը տարիներ շարունակ ես նշում էի, որ չափազանց ծանրաբեռնված են դատարանները, ինձ էլ է դա նյարդայնացնում, բայց ես՝ որպես տեղյակ ու բանիմաց համակարգի ներսի մարդ, հասկանում եմ, որ դա կապված է ոչ թե իմ անձի հետ, այլ դատարանի ծանրաբեռնվածության հետ։ Եվ նեղվածությունս ոչ թե դատավորի նկատմամբ է, այլ այն համակարգի կամ ստեղծված իրավիճակի հանդեպ, որ կա դատական իշխանության շուրջ։

- Մի քաղաքական հարց էլ՝ ընտրական այս գործընթացներում Դուք որեւէ կերպ ներգրավվա՞ծ եք։

- Որեւէ ձեւով ներգրավված չեմ, մասնակցությունս լինելու է միայն ամսի 20-ին ընտրատեղամաս գնալով ու քվեարկելով։

- Իսկ կողմնորոշվե՞լ եք արդեն՝ ում օգտին եք քվեարկելու։

- Իհարկե, ո՞նց է Ձեզ թվում, ո՞նց կարող է ես կողմնորոշված չլինեմ։

- Դե, քարոզարշավը դեռ չի ավարտվել, գուցե քաղաքական ուժերի ելույթները լսեք, որոնք նոր ծրագրեր, նոր գաղափարներ են առաջ քաշում, եւ նոր կողմնորոշվեք։

- Քարոզարշավն անտեղյակ մարդկանց համար է։ Ես ինձ բավականին տեղեկացված մարդ եմ համարում։