Ինչո՞ւ ՊԵԿ-ը որոշեց հենց «էս նեղ մաջալին» օրենքով գործել

Ինչո՞ւ ՊԵԿ-ը որոշեց հենց «էս նեղ մաջալին» օրենքով գործել

Անցած շաբաթ հագուստ ներկրողները բողոքի ակցիաներ էին անում ՀՀ կառավարության ու Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք դժգոհ են, որ ՊԵԿ-ը հանկարծ որոշել է տարիներ շարունակ կիլոգրամով մաքսազերծվող հագուստը մաքսազերծել հատով։ Իրականում՝ ՊԵԿ-ը, ըստ էության, ճիշտ է, բայց սխալ պահի է որոշել եւ սխալ ձեւով է ներկայացնում այդ ճիշտը։ Բանն այն է, որ հագուստի մաքսազերծման դեպքում «կիլոգրամ» հասկացություն չկա, հագուստը պետք է մաքսազերծվի հատով՝ օրենքում այդպես է նշված։ Բայց տարիներ շարունակ ներքին կարգով ՊԵԿ-ը հագուստ ներկրողներին ընդառաջել ու արհեստական հսկիչ գին է սահմանել եւ նրանց ներկրած հագուստը մաքսազերծել է կիլոգրամով, արդյունքում մեկ կտոր հագուստը նրանց վրա բավականին էժան է նստել։

Հիմա մարդիկ դժգոհում են, թե արդյունքում վեց անգամ կթանկանա իրենց ապրանքի գինը։ Խոսքը, ի դեպ, միայն Թուրքիայից եւ Չինաստանից ներկրված հագուստին է վերաբերում՝ էժան հագուստին, քանի որ այդ երկրներից են հագուստը կիլոգրամով ձեռք բերում։ Հիմա ասում են՝ կգ-ով ձեռք բերվածն ինչո՞ւ եք ուզում հատով մաքսազերծել։ ՊԵԿ-ը, չգիտես ինչու, հենց հիմա՝ այս կարանտինային, խառը իրավիճակում, երբ բիզնեսն ամիսներով կանգնած էր, տնտեսությունը՝ մեռած ու նոր-նոր է սկսել ակտիվանալ, հանկարծ որոշում է մաքսազերծման վճարներն ավելացնել։ Թերեւս, դիմակների տուգանքների նման, կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, որոշել է հիմա էլ այս ճանապարհով բյուջեն լցնել։ Տարիներով այս հարցին չէին անդրադառնում թե՛ նախկին իշխանությունների օրոք, թե՛ նոր իշխանություններն էին աչք փակում օրենքի այդ խախտման վրա, ու հանկարծ այսօր ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը որոշում է վերադառնալ օրենքի դաշտ։ Այնպես որ, տնտեսվարողները քաջ գիտակցում են, որ իրենք այսքան տարի օրենքից դուրս են մաքսազերծել, ՊԵԿ-ն էլ ազնիվ չէ՝ առանց քննարկելու, առանց նախապատրաստելու, ակնհայտ՝ բյուջեն լցնելու նպատակով հանկարծ «քնից զարթնել» ու որոշել է կարգը փոխել։ Եվ եթե առաջ յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողները վճարում էին 3,25 դոլար, այժմ վճարելու են յուրաքանչյուր ապրանքի դիմաց։

Մենք փորձեցինք խոսել ամենախոշոր մաքսատներից մեկի՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի հետ, ում անունը եւս շրջանառվեց մամուլում։ Բաբայանը, սակայն, հիշեցրեց, որ այս հարցով ինչ պետք է, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանել է։ Իսկ ի՞նչ է ասել նա։ Ասել է, որ անցում են կատարում ճշգրիտ հայտարարագրման, որը հագուստի շուկայի դաշտում հավասարություն է ապահովելու։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա որոշեցին անցում կատարել։ Իսկ ո՞վ է պատասխան տալու ոչ ճշգրիտ, անօրինական կարգով այսքան տարի իրականացրած հայտարարագրման կամ մաքսազերծման համար։ Բացի այդ, տիկին Ներսիսյանը վստահեցնում է, որ գները նոր կարգով ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ են բարձրանալու։ «Ջինսե 3․500 դրամանոց տաբատի համար 1200 դրամ է մաքսային մուծումը, սա նույնիսկ իրականությունից ցածր գին է, խանութում 5 հազար դրամանոց ջինսե տաբատ չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ներսիսյանը։

Իրականում, ՊԵԿ-ը, ինչպես հասկացանք, մեկ կգ-ի մաքսազերծման գումարը բաժանել է հագուստի, օրինակ՝ ջինսե տաբատների քանակի վրա ու պարզել, որ խելամտությունից դուրս ցածր գին է ստացվում, ուստի նոր գին է սահմանել՝ արդեն հատով մաքսազերծման պայմանով։ Հագուստ ներկրողներն էլ ասում են՝ իրենք հագուստ Թուրքիայից ու Չինաստանից կիլոգրամով են ձեռք բերում, ինչո՞ւ է ՊԵԿ-ը հատով հաշվում։ 1 կգ-ի արժեքը հատի բաժանելու դեպքում էլ, ինչպես նկատեցինք, նախատեսվածից էժան է ստացվում, ինչը ՊԵԿ-ին ձեռք չի տալիս։

Կարճ ասած՝ ՊԵԿ-ն այս քայլին գնացել է առանց խորը մտածելու, հապշտապ, առանց դրա բացասական հետեւանքները ծանրութեթեւ անելու եւ հաշվի առնելու, որ տնտեսական այս ծանր պայմաններում հայտարարագրման արժեքը բարձրացնելը կարող է հանգեցնել շատ տնտեսվարողների՝ բիզնեսից դուրս գալուն։ Իսկ դա վնաս է տնտեսությանը։ Կարող էին գոնե սպասել, տնտեսապես ավելի հարմար պահի այս փոփոխությունը կատարել՝ նախապես քննարկելով շահագրգիռ կողմերի հետ, որ ավելորդ սոցիալական լարվածություն չառաջանար։

ՀԳ․ Իշխանությունը հայտարարում է նաեւ, որ «մաքսազերծման նոր ընթացակարգը բխում է ԵԱՏՄ մեր պարտավորություններից», ինչը ենթադրում է, որ 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում պետք է մաքսազերծվեն այլ դրույքաչափերով: