Զենքի պատմությունները միշտ են եղել, բայց հիմա ՀՀ-ն ընկնելու է խաչաձև կրակահերթի տակ

Զենքի պատմությունները միշտ են եղել, բայց հիմա ՀՀ-ն ընկնելու է խաչաձև կրակահերթի տակ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 7-րդ թողարկման ընթացքում նշել էր, թե կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը ոմն Դավիթ Գալստյանի հետ ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ։ Այդ գործարքների պատճառով էլ վարչապետի խորհրդական, գեներալ Արշակ Կարապետյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքից մեկնել է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ այս սկանդալը «ծածկադմփոց» անեն։  

«Նիկոլ Փաշինյանը հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողացել էին բանակցել իր կողմից սկզբում այդքան չսիրված, իսկ հետո այդքան մոլագար սիրված Ռուսաստանի հետ, այդ նրբությունը, միանգամից իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի (նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ») միջոցով մտածում եւ իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին՝ պաշտպանության նախարարության միջոցով, եւ տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի Հանրապետության անունից պատվիրի՝ կոչենք դա հարյուր միավոր զենք։ Այնուհետեւ Հայաստանի Հանրապետությունը գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ հարյուր տեսակից, ընդունենք՝ 60-ը։ Եվ այդ 60-ի համար վճարում է, եւ այդ 60 հատ զենքը գալիս է Հայաստան։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, կա մի բացառություն, որ այն 40-ը, որ սկզբնականում պատվիրել են, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն երրորդ երկրների հետ, ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր, օրինակի համար՝ Արաբական Էմիրություններ»,- ասել էր Միքայել Մինասյանը։ Ապա Էմիրություններն էլ վաճառում են չորրորդ երկրի, որը, ենթադրաբար, Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է։ Եվ երբ Ռուսաստանում տեղեկանում են սրա մասին, Հայաստանի նկատմամբ լուրջ նեգատիվ է կուտակվում, եւ որպեսզի ուղիղ Փաշինյանի նկատմամբ քայլեր չանեն, սույն Դավիթ Գալստյանին 10 տարով զրկում են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։ Մենք կապ հաստատեցինք Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ եւ զրուցեցինք այս թեմայով։

- Հայաստանի ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի հայտարարության կապակցությամբ։ Զենքի առեւտուր, Հայաստանի վարչապետ, միջպետական սկանդալ․ Դուք կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչ է կատարվում։

- Նախկի՞ն առեւտրի, թե՞ շարունակական։ Դե, նրբությունն այն է, որ այս հարցի հետ կապված՝ քանի որ քրեական գործ է հարուցված թե՛ 40 միլիոնի հետ կապված (նախկին մատակարարումների), ու մարդ կա ձերբակալված Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, թե՛ այս հարցի՝ 27 միլիոնի հետ կապված։ Ի դեպ, էլի՝ շատ ավելի մեծ կոնտրակտներ կան, չեմ անդրադառնա։ Միայն այն կարող եմ ասել, որ այդ իրավիճակը նոր չէ, շարունակական է՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից սկսված, եւ դրա հետ կապված՝ մի քանի անգամ Ռուսաստանի ծառայություններն անհանգստություն են հայտնել թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսակցությունների ժամանակ։ Ուղղակի, հարցն այն է, որ այս նույն բանը շարունակվեց եւ ընկավ արդեն երրորդ երկրների՝ այլ գերտերությունների՝ արեւմտյան, ուշադրության տակ, երբ Էմիրությունների միջոցով այդ զենքը գնացել է այլ երկրներ, եւ անգամ կան տեղեկություններ, որ այդ զենքերը հայտնվել են տարբեր գրոհայինների մոտ։ Հատկապես, երբ զինված կոնֆլիկտների ժամանակ՝ թե՛ Սիրիայի, թե՛ Լիբիայում թուրքական գրոհներում, տարբեր զենքեր կրակում են։ Իսկ այդ՝ թե՛ պատրոնների, թե՛ ամեն ինչի մասով դրանց հետագիծը շատ հեշտ հաշվարկվում է։ Մասնավորապես, թե դրա արտադրությունը որտեղ է տեղի ունեցել։ Եվ բացի արտադրությունը, ո՞ր կոնտրակտներով է, ո՞ր երկրներն են գնել։ Եվ անգամ օֆշորային ընկերությունների մի մասի պարագայում, երբ վճարումն իրենք են անում, նույնիսկ էս դեպքում էլի նշանակություն չունի, որովհետեւ ընդհանուր կոնտրակտը Հայաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանի կառավարության կողմից է։ Եվ հարց՝ իրե՞նք ուզեցին հին սխեմաներով փողեր աշխատել, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձրին, որ այդ կոնտրակտները պետականորեն շարունակվում են, բայց որ մեղավորներ կան, ու նրանց հարցեր պետք է տրվեն, հաստատ է, որովհետեւ սա միջազգային սկանդալ է։ Սա միայն Ռուսաստանը չէ, սա նաեւ արեւմտյան հատուկ ծառայություններին է հետաքրքիր։
Եթե երկրորդն է՝ չպետք է սպասեին, որ Միքայել Մինասյանը վեր կենար, ելույթ ունենար, իրենք նախաձեռնեին ու պարզեին։

- Ինչո՞ւ, նախկինում հետաքննություն արվե՞լ է։

- Երեւի չէին համարում, որ էդ զենքը հին զենք է, կամ՝ ամեն երկիր ինքն է համարում․․․ (Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ անորակ, 70-ականների զենք են գնել), եւ հետո՝ եթե հին զենք է, է՜, չառնեիք։ Շատերն էն ժամանակ, երբ այդ զենքերը գնվում էին, ասում էին այդ մասին։ Դուք էիք էդ կոնտրակտները կնքում։ Բայց Սերժ Սարգսյանն էլ կարող է ասի, որ ինքն էլ հատ-հատ հո չի՞ վերահսկել՝ մինչեւ վերջին պատրոնը, թե իրենք ինչ են ներկրում։ Որ ինչ ասել են էքսպերտները՝ նույն պաշտպանության նախարարության, այն էլ գնել է։

- Էլի այդ նույն մա՞րդն է եղել՝ Պատրոն Դավիթը։

- Այդ մարդիկ նախարարությունում այսօրվա դրությամբ աշխատում են էդ մատակարարման վարչություններում եւ նաեւ կառավարությունում։ Բայց սա հրապարակային քննարկելու ու դետալիզացիա անելու հարց չէ, քանի որ, նախ, անվտանգության հարցերին է վերաբերում, երկրորդն էլ՝ քրեական գործեր են բացված։ Այստեղ վտանգը միայն այն է, որ հիմա Հայաստանին կարող են շատ խիստ ձեւի նախազգուշացնել նաեւ այլ գերտերություններ։ Եվ հիմա Հայաստանն ընկելու է խաչաձեւ կրակահերթի տակ։

- Իսկ տեղյա՞կ եք՝ Արշակ Կարապետյանը դեռ ՌԴ-ո՞ւմ է։

- Ինքը՝ որպես խորհրդական, Վորոնեժ, Մոսկվա․․․ տարբեր հարցերով, որպես պաշտոնական անձ՝ բանակցություններ է տանում, բայց էս դեպքում ինքն իր աշխատանքն է կատարում։

- Իսկ ռուսական մամուլը գրե՞լ է Մինասյանի հայտարարության մասին։

- Առանձնապես՝ ոչ, հնարավոր է ինչ-որ տեղ էլ գրվի, բայց Մինասյանի ասածը, նորից եմ ասում՝ շարունակական էպիզոդ է։ Եվ նայելու դեպքում պետք է հեռվից գանք։ Այսինքն՝ ստեղ երկու մաս գոյություն ունի, բայց որին միավորում է այն, որ կան մի խումբ մարդիկ, որոնք էն գլխից զբաղվել են զենքի առեւտրով, մի մասը վաճառել են երրորդ երկրներին, նրանք էլ վերցրել են՝ ում ուզեցել են, վաճառել են, որովհետեւ իրենց արդեն օֆշորային կամպանիաներն են վաճառել։ Գնված զենքի մի 60-65 տոկոսն էլ եկել է Հայաստան։ Հետո էլ ասել են, որ այդ զենքերն անպետք են։