Հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ

Հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,– գրել է Բադալյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 30–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքը համաձայնեցված է, իսկ նոյեմբերի 3–ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առաջարկների փոխանակման 6-րդ փուլն են վարում։
Կարծիքներ