Ռոբերտ Նազարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ. ՀՔԾ-ն հաստատեց

Ռոբերտ Նազարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ. ՀՔԾ-ն հաստատեց

Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հաստատեց Hraparak.am-ի տեղեկությունը այն մասին, որ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: ՀՔԾ մամուլի պատասխանատու Մարինե Օհանջանյանը հայտնեց, որ այս պահին Ռոբերտ Նազարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ:

«Դեռ մեղադրանք չկա, զուտ կասկածով ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում», - ասաց խոսնակը: Հարցին, թե արդյո՞ք գործն առնչվում է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց «Վեոլիա ջուր» ՓԲԸ հաշվին Փարիզ գործուղելու գործին, նա պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչում է կասկածվում: Այդ գործով Նազարյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: Հավելյալ տեղեկություն ստանալուն պես կտրամադրեմ»: 

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի մեր աղբյուրը հայտնել էր, որ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել: