Մեղավոր են ընդդիմությունը եւ ռուսները. Գեւորգ Պապոյանը սերտել է Փաշինյանի դասը
Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության անդամները հատուկ մրցակցության մե՞ջ են, թե ով իրենցից ավելի մեծ հիմարություն դուրս կտա, իրեն ավելի անադեկվատ կպահի, Նիկոլ Փաշինյա՞նն է նրանց հանձնարարել բացահայտել իրենց տգիտությունը, որ նրանց ֆոնին ինքն առանձնապես չառանձնանա, թե՞ դա տեղի է ունենում ինքնաբերաբար, առանց որեւէ հատուկ միտումի: Փաշինյանի կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Պապոյանը, խոսելով զբոսաշրջային հոսքերի նվազման մասին, բացատրել է, որ դա տեղի է ունենում Երեւանում կազմակերպվող հանրահավաքների պատճառով. «Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել: Օրինակ` որոշ ռուսական հեռուստաալիքներով նշվում էր, որ 200 հազար մարդ Երեւանի փողոցներում հանրահավաքի է մասնակցում, սա մարդկանց գուցե վախեցրել է»: Գեւորգ Պապոյանը մոմ թափո՞ղ է, թե՞ վախ բռնող, որ նման ենթադրություն է անում, թե մարդիկ ինչից կարող էին վախենալ, գուցե վախեցել են իրենց կառավարության անգործության հետեւանքով երկրում առկա անվտանգային ռիսկերի՞ց կամ իրեն ու Փաշինյանի՞ն են տեսել էկրաններին ու վախեցել:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ անցած տարվա համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է 7 տոկոսով, եւ այդ նվազումը տեղի է ունեցել հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի անկման հետեւանքով, որը, սակայն, կազմում է ընդհանուր թվի 43 տոկոսը: Գեւորգ Պապոյանը, ինչպեսեւ իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը, չգիտեն, որ իրենց աշխատանքային գործունեության իմաստն ու նպատակն իրենց ձախողումների համար բացատրություններ ու մեղավորներ գտնելը չէ: Դրա համար մեծ խելք պետք էլ չէ, քանի որ մեղավորներն ի սկզբանե հայտնի են`նախկիններ եւ Ռուսաստան: Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պարտություն է կրում` մեղավորը նախկիններն են ու Ռուսաստանը. նախկինները թույլ չեն տալիս, որ բանակը կռվի եւ հաղթի թշնամուն, Ռուսաստանն էլ թույլ չի տալիս, որ իր մատակարարած զենքն ու զինամթերքն ամբողջ ուժով պայթեն` Իսկանդերը պայթում է 10 տոկոսով: Զբոսաշրջիկների թիվը պակասում է` պատճառը նախկիններն ու Ռուսաստանն են. նախկինները հանրահավաքներ են կազմակերպում, ռուսական հեռուստաալիքները ցուցադրում են այդ հանրահավաքները, եւ զբոսաշրջիկները վախենում են Հայաստան գալ: Լսում ես սրանց ու վախենում ես. մարդը ո՞նց կարող է այսքան հանճարեղ ուղեղով մինչեւ 10-րդ դասարան հասած լինել:
Հայաստանում վերջին տարիներին անընդհատ հանրահավաքներ են եղել. հանրահավաքներ են եղել նաեւ 2018 թվականին, երբ Փաշինյանն ու իր թիմակիցները հակասահմանադրական հեղաշրջում էին կազմակերպում: Նրանք հանրահավաքներ էին կազմակերպում նաեւ այդ հակասահմանադրական հեղաշրջումից հետո, այնքան ժամանակ, մինչեւ որ հասկացան, որ այլեւս իրենց հանրահավաքներին մարդ չի գալիս, եթե նույնիսկ ստիպողաբար քշում են հանրահավաքի: Ինչո՞ւ այդ ժամանակ զբոսաշրջության թվերը չնվազեցին: Կամ` եթե 2023 թվականին լավ արդյունքներ են եղել, պատճառը երեւի այն է, որ Փաշինյանին եւ իր թիմակիցներին չհաջողվեց Երեւանի ավագանու ընտրություններից առաջ բազմամարդ հանրահավաք կազմակերպել, չնայած բոլոր մարզպետներին ու քաղաքապետերին հանձնարարված էր մարդ բերել Երեւան` հանրահավաքը տապալվեց: Կարողանային բազմամարդ հանրահավաք կազմակերպել, մարդիկ էլի տեսնելու էին, վախենային` չգային Հայաստան. ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք:
Եթե Գեւորգ Պապոյանը քիչ շփվի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դրա փոխարեն մեկ-մեկ փորձի հասկանալ խնդրի իրական պատճառները եւ, օրինակ, խոսի ռուս կամ այլ երկրներից եկող զբոսաշրջիկների հետ, ապա կպարզի, որ նրանք Հայաստան չեն գալիս Հայաստանի չափազանց թանկ լինելու պատճառով: Ռուսները գերադասում են իրենց գումարը ծախսել Ռուսաստանում կամ այլ երկրներ գնալ, քան գալ Հայաստան, որտեղ գները կրկնակի ու նույնիսկ ավել թանկ են ռուսաստանյանից: Ռուսական ռուբլին արժեզրկվում է, տեսեք` ինչ արժեր ռուբլին մեկ տարի առաջ եւ ինչ արժե հիմա: Ռուսաստանում ապրանքների ու ծառայությունների գները եւս բարձրանում են, բայց ոչ այն արագությամբ, ինչ արագությամբ արժեզրկվում է ռուբլին, եւ այդ պատճառով, երբ ռուսները գալիս են Հայաստան, փոխանակում են իրենց ունեցած ռուբլին` դրամով առեւտուր են անում կամ վճարում են հյուրանոցի եւ այլ ծառայությունների դիմաց, տեսնում են, թե որքան թանկ են դրանք Ռուսաստանի համեմատ: Իսկ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը` դրամն արժեւորվում է. անցած տարի այս նույն ժամանակ դրամը մեկ դոլարի դիմաց 400-405 էր, հիմա՝ 385, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում արժեւորվել է 5 տոկոսով: Դրան հակառակ, դրամով եւս գները բարձրանում են: Հայաստանում գները 50-60 տոկոսով բարձր են Վրաստանից, հայերը Վրաստան են գնում՝ առեւտուր անելու, Վրաստանի առեւտրի կենտրոններում անընդհատ կարելի է հանդիպել հայերեն խոսող մարդկանց:
Ոչ միայն զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները, նաեւ ապրանք արտադրողներն ու արտահանողները, IT ոլորտում ներգրավվածները, գյուղատնտեսական ապրանք արտադրողները եւ վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչները բացատրում էին, հրապարակային պահանջում, խնդրում՝ թույլ չտալ դրամի այսպիսի արժեւորում, քանի որ այն էապես վտանգում է իրենց գործունեությանը, իրենց զրկում է մրցունակությունից, բայց Հայաստանի իշխանություններին դա բացարձակ չի հետաքրքրում: Նրանք սպասարկում են բանկային համակարգի եւ ներմուծողների շահերը, որոնք գերշահույթ են ստանում գերարժեւորված դրամի պայմաններում: Արդյունքում Հայաստանի տնտեսության վիճակն օր-օրի վատթարանում է, իսկ եթե տնտեսական ցուցանիշներից հանենք վերաարտահանման թվերը, ապա կպարզվի, որ Հայաստանի տնտեսությունը սրընթաց անկման մեջ է:
Որքան էլ Գեւորգ Պապոյանը զուրկ լինի տարրական ադեկվատությունից, միեւնույն է` ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, նրա ինքնապաշտպանության բնազդն աշխատում է: Օրինակ, նրա նախորդը` Վահան Քերոբյանը, հրաժեշտ տվեց պաշտոնին, քանի որ իր բախտը փորձեց, իր ասելով՝ դեմ դուրս եկավ ֆինանսական ոլորտը համակարգող երկու փոխվարչապետներին` Մհեր Գրիգորյան եւ Տիգրան Խաչատրյան, ովքեր այդպես էլ չհերքեցին, որ դեմ են եղել Քերոբյանի առաջարկած նախագծերին, որոնք ուղղված էին տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Արդյունքում Քերոբյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, քիչ էր մնում անգամ կալանավայրում հայտնվեր, Պապոյանն ուզում է նախարար աշխատել, դրա համար գնում է խորհրդարան, կարդում է վիճակագրության կոմիտեի տված տեղեկությունները եւ հայտարարում, որ ձախողումների մեղավորն ու պատասխանատուն ընդդիմությունն ու ռուսական հեռուստաալիքներն են: Այսպես «լավ» աշխատելու պարագայում կարելի է պաշտոնավարել այնքան, քանի դեռ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իսկ փոխվարչապետները՝ Տիգրան Խաչատրյանը եւ Մհեր Գրիգորյանը:
Կարծիքներ