Առաջն Աստված

Առաջն Աստված

Ալիեւը դեռ երկար ստիպված կլինի կերակրել Թուրքիայի տարածքից Ադրբեջան նետված ահաբեկչական խմբավորումները: Կերակրել ոչ միայն բառիս բուն իմաստով, այլեւ իր երկրի իմիջով՝ որպես ահաբեկչության կենտրոնակայան: Այսօր էլ, երբ խոսք է գնում ահաբեկչության եւ ահաբեկիչների մասին, ակամա աչքիդ առջեւով անցնում են Աֆղանստանը, Պակիստանը, Իրաքը, Սիրիան, Թուրքիան… Եվ այս շարքին դասվեց նաեւ Ադրբեջանը: Ահաբեկչության կենտրոնակայանները մեր օրերում զգալի դերակատարում ունեն ազդեցության գոտիների համար մղվող պայքարում եւ բարեհաջող օգտագործվում են աշխարհի հզորների կողմից՝ կոնֆլիկտների առաջին փուլում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, օրինակ, ծագեց Իրաքում, ապա անցավ Սիրիա, որից հետո միայն սիրիական խնդրին խառնվեցին ԱՄՆ-ն, Թուրքիան, Ռուսաստանը եւ այլ պետություններ, որոնք իրենց զինուժով հայտնվեցին ՄԱԿ անդամ երկրի սահմաններում՝ պատճառաբանելով այդ քայլը հակաահաբեկչական պայքարով: Թուրքիան այսօր ահաբեկչության դեմ պայքար է որակում նույնիսկ ներքին խնդիրներով պայմանավորված քրդական անհնազանդությունները լռեցնելու գործողությունները, եւ թուրքական զինուժի՝ քրդերի օրինական իրավունքների ճնշման այդ գործողություններն աշխարհը չի դատապարտում, որովհետեւ ընկալում է որպես ահաբեկչության դեմ պայքար:

Ահաբեկչությունը բավականին հին երեւույթ է, բայց հակաահաբեկչական պայքարը, կարելի է ասել, նոր է սկսել ձեւավորվել որպես հզոր տերությունների արտաքին քաղաքականության բաղադրիչ: Ահաբեկչությունը Երկիր մոլորակից վերացնելու խնդիր իրականում դրված չէ: Եվ, իսկապես, ինչո՞ւ վերացնել ահաբեկչական որջերը, եթե կարելի է դրանց օգտագործմամբ սեփական խնդիրները լուծել եւ կամ խնդիրներ առաջացնել հակառակորդ տերությունների համար: Ահավասիկ, այս պատերազմով Ադրբեջանը եւս պաշտոնապես դարձավ այն երկրներից մեկը, որտեղ ներդրվեցին միանգամից մի քանի ահաբեկչական խմբավորումներ, որոնք պարզապես ներգրավվեցին ադրբեջանական զորամիավորումների գործողություններում: Իսկ որտեղ ահաբեկիչներ, այնտեղ հարձակման ենթարկված խաղաղ բնակչություն, այնտեղ գլխատված մարդկային մարմիններ, այնտեղ սպանված ծերեր, կանայք եւ երեխաներ…

Ալիեւը, անշուշտ, սխալվեց իր հաշվարկներում: Մի բան է «հայրենի տարածքները» սեփական ուժերով ազատագրելը, մեկ այլ բան՝ դա ահաբեկիչների միջոցով անելը: Նա, ըստ էության, Ադրբեջանը՝ ՄԱԿ անդամ այդ պետությունը, դրեց Սիրիայի վիճակում, ուր կարող են մտնել եւ կարգուկանոն հաստատել բոլորը, ովքեր դա կհամարեն իրենց պարտքը: Իսկ թե ինչ կմնա Ադրբեջանից, երբ այդ երկրում հակաահաբեկչական պատերազմ սկսվի գերտերությունների անմիջական մասնակցությամբ, դժվար չէ պատկերացնել: Մենք կարող ենք ընդհուպ ականատես դառնալ Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների ազգային ազատագրական կռիվների, Ալիեւների կլանի երդվյալ հակառակորդների ապստամբությունների եւ էլի շատ ու շատ բաների, որոնց մասին չենք էլ լսել անգամ: Եվ առաջինը, առանց Ալիեւի հրավերին սպասելու, Ադրբեջանում կարող է հայտնվել Ռուսաստանը, որ, կարելի է ասել, երբեք էլ չի բացակայել Ադրբեջանից, եթե հաշվի առնենք Կասպից ծովում ռուսական նավատորմի մշտական ներկայությունը: Իսկ այդ նավատորմը, եթե Ալիեւը դեռ հիշում է, մեծ փորձ ունի հատկապես Սիրիայի տարածքում ահաբեկչական որջերի ոչնչացման գործում:

Մենք այս օրերին, երբ ունենք մեծ թվով զոհեր ու Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգության գոտու որոշակի հատվածների կորուստ, իսկ Ադրբեջանին ահաբեկչական մարդուժով ու զենք-զինամթերքով օգնում են Թուրքիան, Ուկրաինան եւ Իսրայելը (սա ամբողջ ցանկը չէ), բնականաբար, զգում ենք բարեկամների աջակցության կարիքը, որը, անկասկած, լինելու է: Դա կլինի զինված միջամտության, թե բանակցային սեղանի մոտ Ադրբեջանին կարգի հրավիրելու տեսքով, հայտնի կլինի առաջիկա օրերին, իսկ մինչ այդ մենք պարտավոր ենք կռվել ու ապացուցել ողջ աշխարհին, որ զիջելու ոչինչ չունենք փողի տոպրակի վերածված եւ ահաբեկչությամբ իրենց աշխարհակալ նկրտումներին ձգտող թուրք-ադրբեջանական երկգլխանի սուլթանին: Սա մեր Հայրենական պատերազմն է, որտեղ որոշվում է հայ ազգի ճակատագիրը: Այս պատերազմից հետո կիսատ-պռատ հարցեր չի կարելի թողնել, քանզի դա հղի է նոր պատերազմների սպառնալիքներով: Մյուս կողմից էլ՝ օդում կախված է համաշխարհային մեծ աղետի վտանգը, ինչը մենք գուցեեւ չենք զգում՝ մեր խնդիրներով տարված: Թերեւս դա է պատճառը, որ երբեմն նույնիսկ նեղսրտում ենք, թե ինչու է ուշանում միջամտությունը, եւ ինչու են միջազգային կառույցներն ու համաշխարհային առաջնորդները սահմանափակվում միայն հայտարարություններով:

Բանն այն է, որ Ռուսաստանը, օրինակ, գործընթացներին նայում է այլ ակնոցով, քան մենք: Ռուս-թուրքական խայտառակ հարաբերություններ, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Ղրղզստան, Աֆղանստան, Պակիստան, Հեռավոր Արեւելք: Նույնիսկ մտքով է դժվար այդ տարածությունը պատկերացնելը: 

Ինչո՞ւ հենց հիմա ճապոնական սուզանավերը հայտնվեցին ռուսական ափերի մոտ, ինչո՞ւ Չինաստանը հայտարարեց պատերազմի նախապատրաստվելու մասին, ինչո՞ւ Ռուսաստանի ոխերիմ բարեկամ Էրդողանն իր մոտ կանչեց Ուկրաինայի նախագահին եւ խոսեց Ղրիմի մասին, ինչո՞ւ Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ սկսեց… Այս ամենը մեկ ընդհանուր գործընթացի մեջ տեսնելու համար պետք է լինել Ռուսաստանի պես գերտերություն: Մեր պատերազմը, չի բացառվում, այն փոքր պատերազմն է, որ մարդկությանը թույլ կտա միառժամանակ խուսափել ավելի մեծ աղետից, բայց դրա համար պետք է, որ այս պատերազմը տրամաբանական ավարտ ունենա եւ նպաստի հետագա խաղաղությանը: Իսկ տրամաբանական ավարտ կարող է լինել բացառապես Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Ի վերջո, չի կարելի 30 տարի շարունակ սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է Արցախի ժողովուրդը տուն կառուցում եւ հիմա, երբ այդ տունը կանգնած է իր ողջ շուքով, քանդել այն:

Խորհուրդ ունեմ տալու նաեւ մեր պատմաբաններին: Հայտնի ճշմարտություն է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Բայց կառաջարկեի հատուկ չսեւեռվել 1920 թվի վրա ու տեղի ունեցող զարգացումները նմանեցնել 20-րդ դարի առաջին տասնամյակների իրադարձություններին: 100 տարի է անցել, գուցե ոչինչ չի փոխվել հայ-թուրքական հակամարտության մեջ, բայց շատ բան է փոխվել աշխարհում: Մի՞թե այսօր, երբ ռուսական զենքի մեկ հարվածով կարելի է ողջ Կովկասում լռեցնել թուրքական վայնասունը, հնարավոր չեն այլ զարգացումներ, քան տեղի ունեցան 1920 թվականին, որոնք հետեւանք էին ինքնահաստատվել ձգտող բոլշեւիկների վարած քաղաքականության:
Առաջն Աստված…