«Անկումների սարսափից»

«Անկումների սարսափից»

Կշարունակի՞ ՍԴ նախագահ պաշտոնավարել Հրայր Թովմասյանը, թե՞ ոչ՝ ինձ եւ, կարծում եմ, միլիոնավոր հայերի համար՝ Հայաստանում եւ Արցախում, որեւէ նշանակություն չունի, ինչպես նաեւ՝ մարտի 1-ի գործով դատավարության ելքը: Ինձ եւ միլիոնավոր հայերի՝ Հայաստանում եւ Արցախում, հուզում է մի ճակատագրական հարց՝ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղյան հարցը: Որովհետեւ ՍԴ նախագահի պաշտոնում ո՞վ է կամ  դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունը կապացուցվի՞, թե՞ նա ազատ կարձակվի կամ հաջորդ խորհրդարանական ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կստանա՞ կառավարություն կազմավորելու մանդատ, թե՞ այլ քաղաքական ուժի կտա իր քվեն Հայաստանի քաղաքացին,- այդ ամենն ընթացիկ, առօրեական են, երկրի եւ ժողովրդի ճակատագիր չեն որոշում: Ելակետայինը պատերազմի եւ խաղաղության հարցն է: Ցանկացած իշխանության ադեկվատություն կամ գործունակություն պետք է գնահատել բացառապես այս տեսանկյունից՝ կարո՞ղ է նա երկիրը  դուրս բերել փաստացի ռազմական դրության ռեժիմից, նրա հետագա ընթացքի համար ուղենիշ առաջարկել: Ավելի քան երկու տասնամյակ իշխանությունը ժամանակ է ձգել, առաջնորդվել «միայն թե իմ ժամանակ դա տեղի չունենա» սկզբունքով: Ի՞նչ ունենք արդյունքում: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ոչինչ:

Սոցիալ-տնտեսական եւ հատկապես ժողովրդագրական իրավիճակի առումով՝ աղետին շատ մոտ պատկեր: Պետականության ամրապնդման փոխարեն՝ քաղաքական համակարգի դեգրադացիա, կառավարման ինստիտուցիոնալ ճգնաժամ, համատարած կոռուպցիա եւ այդ ամենից ածանցված՝ հանրային խոր ապատիա: Այնքան, որ «Սասնա ծռերն» են ներկայանում իբրեւ «այլընտրանք»: Եւ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը շարունակում է հուսալ, թե դեռ կգա մի առասպելական Ոմն եւ բոլորիս առջեւ կբացի բարեկեցիկ, ապահով, ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի դռները: Իրականությունը հայ քաղաքական, հանրային, անգամ մտավորական մտքի կողմից չի գիտակցվում այլեւս: Եւ դա մեծագույն ողբերգություն է: Ճիշտ՝ ինչպես առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ անգամ այն ժամանակ, երբ ռուսական զորքերն անսպասելի նահանջեցին Վանից, Արեւմտյան Հայաստանի մյուս գրավյալ տարածքներից, ոչ ոք չունեցավ վերահաս ազգային ապոկալիպսիսի զգացողություն:

Միայն Վահան Տերյանը մորմոքեց՝ Մի՞թե վերջին պոետն եմ ես/ Վերջին երգիչն իմ երկրի,- նաեւ՝ Չարենցը՝ Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան/ Եւ արնոտ միգում ճարճատում են դեռ,- բայց առաջինը հայ հանրային ընկալումներով գնահատված էր «օտար»: Երկրորդը կամավորական ջոկատում սանիտար-մարտիկ էր: Եւ նրանց «անկումներից սարսափը» մնաց չնկատված: Չհասկացված: Այսօր ոչ «Տերյան» եւ ոչ «Չարենց» ունենք: Այս երկրի «վերջին երգիչը» Հրանտ Մաթեւոսյանն էր եւ շատ դաժանորեն ձեւակերպել է. «Մեր հայրենիքը» Թուրքիայում է: Նրան պետք է շարունակեին, ժողովրդին այդ ահավոր իրականությանն առերեսվելու բերեին Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը: Առաջինը, ցավոք, տրվեց Ղարաբաղյան պատերազմի հաջողությունից գայթակղությանը եւ հավատաց ու փորձեց հավատացնել, թե «21-րդ դարը մերն է լինելու»: Երկրորդին պարտադրեցին վտարանդվել, որովհետեւ գիտեին՝ խոսքը ժողովուրդ է համախմբում: Երրորդը չծնվեց եւ չի ծնվում: Ուստի մնում է Հրանտ Մաթեւոսյանի բանաձեւումը. «Մեր հայրենիքը Թուրքիայում է»: Բացարձակ ճշմարտություն: Համոզվելու համար կարդացեք թուրքախոս երկրների Բաքվի գագաթաժողովում Իլհամ Ալիեւի ելույթը: Ցավալի է, բայց՝ ստույգ իրողություն. մեր քաղաքագիտական հանրությունը չի գիտակցում, որ արդեն չկա առանձին վերցրած Լեռնային Ղարաբաղի խնդիր: Բաց թողնված, ավելի ճիշտ՝ տղայամտորեն  մսխված երկու տասնամյակը բերել-հանգեցրել է մի իրավիճակի, երբ առարկայացել է Կովկասում հայ-ադրբեջանական ինքնության գոտեմարտի հեռանկարը: Վստահաբար կարելի է ասել՝ հայ-թուրքական խոշոր պատերազմի սպառնալիքը: Այս իրականության հանդեպ ի՞նչ նշանակություն ունի՝ ո՞վ է ՍԴ նախագահը կամ՝ Ռոբերտ Քոչարյանը կդապարտվի՞, թե՞ կարդարացվի: Խորքային խնդրից ինչպես նախորդ իշխանությունն էր խուսափում, նորն էլ շարունակում է նույնը: Ավելին, որոշակի էքստրավագանտ շրջանակներ նորերին ներշնչում են «համահայկական օրակարգ» եւ նույնիսկ՝ Հայաստանի «աշխարհաքաղաքական առաքելություն»:  Քայլ առ քայլ մոտենում ենք աղետին, որ ավելի ահագնանում է իշխանության աշխարհաքաղաքական «անմեղսունակությամբ»: Դա այն է, որ նա չի գիտակցում կամ գիտակցում, բայց չի հրապարակայնում մի անհերքելի առաջնահերթություն՝ դուրս բերել երկիրը համաթուրքականության հետ տղայամիտ մրցակցությունից, իրավիճակը բերել առանձին վերցրած՝ Լեռնային Ղարաբաղի հարցին, ցուցաբերել վճռական, պրագմատիկորեն հաշվարկված նախաձեռնողականություն եւ հաստակամորեն գնալ ղարաբաղյան թնջուկի համապարփակ հանգուցալուծման: Այլընտրանք կարող է լինել «անկումներից սարսափը»: