Կազանում՝ COP-29-ի նախօրյակին

Կազանում՝ COP-29-ի նախօրյակին

Էն սփյուռքին ասեք՝ Արեւմուտքում շատ աղմուկ չբարձրացնի Բաքվում կայանալիք կլիմայի համաժողովից առաջ: Բռնապետությո՜ւն, բռնապետությո՜ւն… Արցախցիների ոտնահարված իրավունքնե՜ր, Արցախի էթնիկ զտո՜ւմ, գերինե՜ր… Եվրոպական կառույցներն ու ՄԱԿ-ը ոտքի եք հանել Ադրբեջանի դեմ, ուզում եք COP-29-ը մունդռել, որ ի՞նչ անեք: Դուք չե՞ք տեսնում, թե Նիկոլն ինչ անուշ-մեղուշ շփումների մեջ է Ադրբեջանի «բռնապետի» հետ: Մի խոսքով՝ վերջ տվեք ձեր խառնակչություններին:

Պուտինը, որ Պուտին է, էլի զարմացել էր Նիկոլի ու Ալիեւի ժպտադեմ շփումներից: Դա նշանակում է, ասաց նա, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման ճիշտ ուղու վրա են: Բա՞… Փաստորեն, մենք ենք, որ չենք հասկանում այդ հասարակ բանը եւ ամեն առիթով Նիկոլի աչքն ենք կոխում 44-օրյա պատերազմը: Պատերազմ էր՝ անցավ-գնաց… 5 հազար զոհ, հազարավոր հաշմանդամներ, խեղված ճակատագրեր, անհեր երեխաներ, կորսված Արցախ, բզկտված Հայաստան… Ո՞ւմ հետ չի պատահում: Կարեւորն այն է, որ ինչ էլ լինի, դու քեզ պարտված չճանաչես: Թո՞ւղթ ես ստորագրել, կապիտուլացվե՞լ ես… Ոչինչ` քեզ կապիտուլացված մի ճանաչիր: Մտել են քո սուվերեն տարա՞ծք, ոչինչ, հայտարարիր, որ երբեք ուժով դուրս չես հանելու քո տարածք մտածին: Բա մի քանի հեկտարի համար, մի կես լճի համար արժե՞ վտանգել իշխանությունդ եւ «կապիտուլյացիա-հաղթանակդ»:
Նիկոլը Կազանում իրեն շատ «ճիշտ» պահեց: Նապոլեոնը Մոսկվան գրավելու օրն իսկի այդքան ուրախ չի եղել: Բրազիլացի, հնդիկ, պարսիկ, թուրք… Ով ասես՝ չկար այդ «ղազանում»: Ու բոլորը տեսան, թե ինչ հրճվանքի մեջ է Նիկոլը: Զարմացա՞ն: Չգիտեմ: Նրանց դարդը Նիկոլն ու Հայաստանը չեն, ամեն մեկն իր խնդիրների հետեւից էր եկել Կազան: Եվ հետո, մի՞թե այդ նույն հնդիկը, բրազիլացին, թուրքը չէին ժպտում: Բոլորն էին ժպտում: Նիկոլը, ինչ է, մեջների ծաղի՞կն էր, որ թթված դեմքով նստեր: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է պատահել որ, պատերազմ էր՝ անցավ-գնաց, այդ վաղուց էր, որ զոհը սարսափում էր իր դահիճից, վախենում նրա աչքերի մեջ նայել: Հիմա ժամանակներն ուրիշ են, զոհերն ու դահիճներն ուրիշ են… Այսօր զոհն ու դահիճը, իրար ձեռք բռնած, իրար հետ ասել-խոսելով են բարձրանում կառափնարան: Ու եթե ճանապարհին նրանցից մեկնումեկն էլ անեկդոտ պատմի, երկուսով հավասար ծիծաղում են: Կարեւորն այն է, որ զոհն իրեն զոհ չհամարի: Իսկ թե կողքից ինչ կմտածի մահապատիժ տեսնելու եկած հանդիսատեսը, դա արդեն երկրորդական հարց է:

Իրավիճակը Կազանում իսկապես հետաքրքիր էր: Նկատի չունեմ, որ կա՛մ Նիկոլն ու Ալիեւն էին աթոռները խառնել, կա՛մ նրանց առջեւ դրված գրությունների տեղերն էին շփոթել: Ափալ-թափալ կազմակերպված եւ քաղաքական նեղ ասելիք ունեցող միջոցառումներին նման բաներ հաճախ են պատահում: Ինձ զարմացրեց այն, որ հրճվանքի մեջ էր նաեւ Ալիեւը: Ինչի՞ վրա էր հրճված՝ Նիկոլի հրճվանքի՞, նրան անեկդո՞տ էին պատմել… Ամենայն հավանականությամբ՝ այո: Որովհետեւ, եթե Նիկոլը նրան առաջարկած լիներ ազատել ռազմագերիներին կամ խաղաղ ճանապարհով հեռանալ Սեւ լճից, այդքան լայն չէր ժպտա, ականջը չէր մոտեցնի, որ լսի, թե ինչ է ասում Նիկոլը: Ցույց կտար, որ չի լսում, իրեն այդ թեման չի հետաքրքրում ու չի մտահոգում: Ի վերջո, Ալիեւն էլ լեգիտիմ իրավունք ունի իրեն դահիճ կամ ագրեսոր չհամարելու: Եվ, ուրեմն, ինչո՞ւ պիտի լսի, թե իրենից ինչ է պահանջում իրեն կապիտուլյանտ չհամարող Նիկոլը: Հետեւաբար, մնում է միայն անեկդոտի տարբերակը… Ասում ա՝ մի անգամ դեւը հային, վրացուն, ադրբեջանցուն բռնում ա… Ու երկուսով էլ բերանները բացել` հռհռում են արդեն: Բայց Ալիեւն ուղղակի դրանից շահում է: Պուտինը, որ Պուտին է, նկատեց դա ու հասկացավ, որ շահողը դարձյալ Ալիեւն է, քանզի Նիկոլը շահելու բան չունի վաղուց եւ Կազան է եկել հանգամանքների բերումով միայն: Զորօրինակ՝ արդարացնելու անձամբ Ալիեւին եւ COP-29-ը Բաքվում անցկացնելու խայտառակությունը: Շատ ճիշտ ուղու վրա ես, Նիկոլ ջան, так держать,- ասաց Պուտինը:

Հետաքրքիր է՝ իսկ սփյուռքում այդ անեկդոտը լսե՞լ են… Մի անգամ դեւը հային, վրացուն, ադրբեջանցուն բռնում ա… Այլապես, սփյուռքահայեր ջան, ինչի՞ հետեւից եք ընկել՝ Արցախ, արցախցու իրավունքներ, Արցախի էթնիկ զտում, Հայաստանի սուվերեն տարածքների զավթում, գերիների վերադարձ, Ալիեւն արժանի չէ Բաքվում COP-29 ընդունելու…

ՀԳ. Ասում են՝ Կազանում շատ վերելակներ կան: Դե արի ու իմացիր, թե Նիկոլն ուրիշ ինչ անեկդոտներ է պատմել Ալիեւին, երբ երկուսով մենակ են եղել խցիկում: