Ով է այսօր զոհված Դավիթ Քոչարյանը

Ով է այսօր զոհված Դավիթ Քոչարյանը

Այսօր զոհված տղաներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Դավիթ Քոչարյանն է։ Նա մեկ տարվա շարքային զինծառայող էր։ Գյուղում Դավիթին բնութագրում են ամենադրական եւ ջերմ բառերով։ Նա եղել է 2019-2020 թվականների գյուղի միակ շրջանավարտը։

Նա, ավելի վաղ, միակ շրջանավարտը լինելու մասին հարցազրույց է տվել եւ ասել, որ ուսումն ավարտելուց հետո անպայման ուզում է գյուղ վերադառնալ: Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն էր սպասում, որին տղան ինքն իր հերթին էր անհամբերությամբ սպասում։ Ասել էր՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

«Իսկ թե հանկած պատերազմ սկսվի՞». հարցին պատասխանել էր․ «Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասել էր Դավիթն ու ավելացրել՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն էլ են կռվել, մեծ պապը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։