Հավակնոտ ծրագիր, անիրատեսական թիրախներ

Այս իշխանությունների 2-րդ հավակնոտ մեգանախագիծը` «Ակադեմիական քաղաքից» հետո, թերեւս «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագիրն է, որը կառավարությունը հաստատել էր դեռ 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ ԿԳՄՍՆ-ն ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվեն, կառուցվեն եւ վերակառուցվեն։
Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, լրագրողներին ներկայացնելով ծրագրի ընթացքն ու կառուցման տեմպերը, մասնավորապես նշել է, որ հանրապետությունում 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով 46 դպրոցի շինաշխատանքները կա՛մ ավարտված են, կա՛մ նախատեսվում են առաջիկա օրերին։
«Ընթացքում են 27 դպրոցի շինաշխատանքները, իսկ 142-ի մասով կնքված են պայմանագրեր, որից 15-ը՝ վերանորոգման վերաբերյալ»,- ասել է Ե. Վարդանյանը՝ հավելելով, որ նախապատրաստական փուլում է 100 դպրոց, որոնց աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում, այդ թվում՝ 40-ի մասով արդեն գնման գործընթաց է իրականացվում։
Ինչ վերաբերում է 500 մանկապարտեզի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքներին, ապա ավարտված են 195 մանկապարտեզի կառուցման աշխատանքները, ընթացքում է 136-ինը։ «Նախապատրաստական տարբեր փուլերում են գտնվում 64 մանկապարտեզի աշխատանքները, իսկ 105-ը գտնվում է տեղորոշման ուսումնասիրության աշխատանքների փուլում»,- հավելել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Արձանագրենք, որ անցած 3 տարում նախարարությունը չի մոտեցել անգամ իր կողմից սահմանված ցուցանիշների կեսին եւ, փաստացի, 500 մանկապարտեզից ավարտել է միայն 195-ի կառուցման աշխատանքները, իսկ 300 դպրոցի դեպքում` միայն 46-ինը: Մնում է տարակուսել, թե ինչպես է կառավարությունը 2 տարում` մինչեւ 2026-ը, ամբողջովին ավարտին հասցնելու «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի աշխատանքները:
Կարծիքներ