Ոսկե ձկնիկ է բռնում ու խնդրում․․․

Ոսկե ձկնիկ է բռնում ու խնդրում․․․

Գաղտնիք, չէ, որ Արցախը «բեռ համարողները» նոր չեն, ծլել, ծաղկել։ Ժամանակին նրանք փորձեր շատ են արել, մարդկանց արյուն են պղտորել, թե բա Հայաստանը ինչու՞ պիտի Արցախի անվտանգության երաշխավորը լինի։ Հայաստանի զինվորը ինչու՞ պիտի Արցախի համար կռվի։ Եթե առաջ նման  մարդկանց դժվար էր ջրի երես հանել, 2018-ից հետո դրանք սկսեցին բացահայտ գործել։ Կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումը դրա ամրագրումն էր՝ Արցախ չկա, Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Արցախը թողնվեց տաշեղի նման գետի բերանում։ 
Արցախը «բեռ համարողների» մասին մի հումոր էր ժամանակին շրջանառվում, որն այսօր իրականություն է դարձել։ Հումորը շրջանառվում էր այն ժամանակ, երբ կար հաղթանակած Արցախ, երբ ամուր էր Հայաստանի թիկունքը, երբ անպաշտպան Հայաստանը խաղաղություն չէր մուրում։ Ներկայացնում եմ հումորը․ 
«Սևանա լճում մարդամեկը մի ոսկե ձկնիկ է բռնում։ Ոսկե ձկնիկն ասում է․
-Ո՜վ մարդ, խնդրում եմ ինձ բաց թող, ես կկատարեմ քո երեք ցանկությունները:
  Էս մարդն էլ թե՝ ես  երեքը մեկում կասեմ․
- Ի՞նչ կլինի Արցախը հանձնենք, որ հանգիստ ապրենք։ 
Ոսկե ձկնիկը թևերը կանթում է գոտկատեղին ու ասում.
-Պա հետո վըննե՞րս եք ( ոտերս ) ուտիլու»։ 
Հիմա մեր «վըններ ուտելու» շրջանն է։ Արցախը հանձնվել է Ադրբեջանին ու թշնամու զորքը հայտնվել է Հայաստանի սուվերեն տարածքում։  Էդ ոսկե ձկնիկ բռնող մարդուն բոլորս էլ լավ ճանաչում ենք։