«Հայփոստը» մեծաթիվ կրճատումներ է սկսել

«Հայփոստը» մեծաթիվ կրճատումներ է սկսել

«Հայփոստը» ատեստացիայի անվան տակ կրճատումներ է սկսել Երևանում և Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով շուրջ 300 աշխատող՝ հիմնականում բաժանմունքի պետերը, կանգնել են գործազրկության փաստի առջև։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն ահազանգեց Գավառի փոստային բաժանմունքի պետ Դավիթ Բիձյանը, որն ասաց, որ մինչև ատեստավորումը որևէ դասընթաց իրենց համար չի կազմակերպվել, ինչը օրենքի խախտում է․

«Ապրիլին «Հայփոստում» ատեստացիաներ են արել, և ահագին մարդ կտրվել է, ընդհանուր են արել, մոտ 200-ից 300 հոգի կտրվել է։ Ատեստացիաները արել են ամբողջ Երևանում և Գեղարքունիքի մարզում, անում են, և ահագին աշխատակիցներ դուրս են մնում, և այդ ատեստացիաները անում են առանց դասընթացների, առանց հարցաշար տրամադրելու, ինչը համարվում է անօրինական, օրենքով իրենք մեզ հետ պիտի դասընթացներ անեին, հետո նոր ատեստացիա։ Իրենք ամբողջ հանրապետությունում պիտի ատեստացիա անեին, հիմա Երևանում և մեր մարզում արել են, իսկ մնացած մարզերը հետաձգել են անորոշ ժամկետով, այսինքն՝ Երևանն ու մեր մարզն ընկել են իրենց հարվածի տակ։ Հիմա այդ ատեստացիան արել են, մեզ կանգնեցրել են աշխատանքից ազատման փաստի առաջ ու կանգնեցրել են ատեստացիան»,- ասաց Բիձյանը։

Նա նշեց, որ աշխատանքից ազատվածների հիմնական մասը ավագ մասնագետներն են, այսինքն՝ բաժանմունքի պետերը․

«Բաժանմունքն ունի վաճառքի և սպասարկման մասնագետներ և ավագ մասնագետներ, բոլոր դուրս մնացածների ու կտրվածների 90 տոկոսը ավագ մասնագետներն են, որոնք համարվում էին փոստային բաժանմունքի պետեր, այսինքն՝ մենք բաժանմունքի պետերն էինք, ուղղակի մենք հաստիքով վաճառքի և սպասարկման ավագ մասնագետ ենք»»

Բիձյանին հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են հանկարծ նման կրճատումներ սկսել․

«Այս կառավարության օրոք մեր տնօրենը փոխվեց, ինքը «Բիլայնի» աշխատող է եղել, իր թիմին է բերել, ողջ Հայփոստը իր՝ «Բիլայնի» աշխատողներն են, և մեր կարծիքով՝ ազատում են, որ իրենց թիմից ինչ-որ մարդիկ բերեն։ Այդ ատեստացիայի մեջ այնպիսի հարցեր են դրել, որոնք մեր աշխատանքի հետ ոչ մի կապ չունի, կամ եթե կապ ուներ, թող դասընթացներ անեին։ Մենք դիմել ենք ՄԻՊ-ին, երեկ հանդիպում է եղել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում,մեզնից 2-3 հոգի գնացել, լրիվ «չորել» ու հետ են ուղարկել»,- ասաց Բիձյանը։ 

Հիշեցնենք, որ «Հայփոստի» տնօրենը փոխվել է մոտ մեկ տարի առաջ, այժմ տնօրենը Հայկ Կարապետյանն է։ Վերջինս աշխատել է «Բիլայն» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի ղեկավար։ 

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ «Հայփոստից», սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։