Հրդեհ, մահեր, պաշտոնանկություններ. դեպքի վայրն Ազատ գյուղի հյուղակն է

Հրդեհ, մահեր, պաշտոնանկություններ. դեպքի վայրն Ազատ գյուղի հյուղակն է

Զորամասում կացարան է վառվել, 15 զինծառայող այրվել է, 3 վիրավոր ունենք․ ՀՀ քաղաքացիների համար այս գույժով բացվեց հունվարի 19-ի լույսը։ Հրդեհը բռնկվել է գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքը որակեց «հրեշավոր»։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, որը չէր մեկնել դեպքի վայր, հայտնեց, որ հրդեհը բռնկվել է, նախնական տվյալներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում, որ հրդեհի պահին մեծ քանակությամբ ավտոբենզին է օգտագործվել։ Սրանից հետեւում է, որ մեղավոր են զինվորներն ու սպան, որոնք, որպես վառարանի կպչան, օգտագործել են բենզինը։ Միտքն այդ նիստի ընթացքում արտահայտեց վարչապետը՝ քննությունն ակամայից ուղղորդելով ցանկալի հուն։

Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը Գեղարքունիքի մարզում տեղակայված երկրորդ բանակային կորպուսը հիմնովին գլխատելու առիթ դարձավ։ Պաշտոնյաները, առանց երկար-բարակ մտածելու, գլխատեցին ողջ երկրորդ բանակային կորպուսը, ազատվեցին բազմաթիվ զինվորականներից, որոնց մեղքը դեռ ապացուցված չէ․ 2-րդ բանակային կորպուսի հրամկազմից մի քանի պաշտոնյա՝ հրամանատար Վահրամ Գրիգորյանը, շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Միհրան Մախսուդյանը, հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ Շիրազ Խաչատրյանը, հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալ Արթուր Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, բրիգադի պետեր եւ հրամանատարներ։ Իսկ ֆեյսբուքյան հանրությունն այդ միջոցին արդեն Սուրեն Պապիկյանի հրաժարականն  էր պահանջում՝ ֆլեշմոբ անելով Ֆեյսբուքում։ 

Երկրորդ բանակային կորպուսի հրամատանար Վահրամ Գրիգորյանը փորձառու եւ բանիմաց կադր է, բանակում հարգանք վայելող։ «Նրա կորուստը բանակի համար ահռելի է լինելու։ Ամենալուրջ կադրերից է։ Շատ ափսոս։ Ֆահմ կունենա՞ն, որ էդ տղուն հետ կանչեն մի քանի ամսից՝ գոնե մի ուրիշ պաշտոնի, չգիտեմ»,- ասում է ՊՆ կենտրոնական ապարատի մեր զրուցակիցը։ Վահրամ Գրիգորյանը որպես կորպուսի հրամանատար պաշտոնավարում է 2021 թվականից։ Թալանչիներից չէ։ Հայտարարագրի տվյալներով, ունի մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ մեկ «Ինֆինիտի» ավտոմեքենա՝ 2002 թվականի։ 

Այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվել Ազատ գյուղում՝ այդ փոքրիկ, մեկ հարկանի տանը, որտեղ տեղակայված են եղել սակրավորները։ «Հրապարակին» մանրամասներ հայտնի դարձան․ Վարդենիս խոշորացված համայնքի մաս կազմող Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներից մեզ հաջողվեց պարզել, որ 44-օրյա պատերազմից հետո ՊՆ N զորամասի սակրավորներն առանձնացել են մյուսներից եւ ծառայությունն իրականացրել գյուղի մեկ հարկանի տանը։ Սակրավորների այդ  կացարանը մեկ հարկանի էր, երեք սենյականոց։ Գյուղում պատմում են, որ վառարանը տեղադրված է եղել սենյակի դռան մոտ։ «Այդ դռնով դուրս գալ զինվորները չեն կարողացել, մնացել են սենյակի ներսում, որոշ մասով ծխահարվել են»,- ասում է Ազատի պետական պաշտոնյաներից մեկը։ Փաստորեն, վառարանը փակել է տան մուտքը, եւ տղաները չեն կարողացել դռնով դուրս գալ։ 

«Ակնթարթային հրդեհ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ տղաներից մեկը փորձել է 5 լիտրանոց ամանը մոտեցնել վառարանին եւ մարող կրակի վրա բենզին է փորձել լցնել, որ փեչը վառեն։ Կրակը հանգած է եղել»,- պատմում է պաշտոնյան։ Բնակիչները պատմում են նաեւ, որ ժամկետային զինծառայողներից մեկը կարողացել է դուրս գալ։ Այս պահին նա կիսաայրված վիճակում է։ «Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, նա ճաղավանդակը թեքել է ու դուրս եկել»։  

Առավոտյան գյուղում լուր է տարածվել, թե զորամասում պայթյուն է եղել՝ ինչ-որ նյութեր կամ զենքի պահեստ է պայթել, սակայն հետագայում այս լուրերը հերքվել են։ «Պայթյուն հաստատ չի եղել, ոչ ոք պայթյունի ձայն չի լսել»,- պատմում էին  մեր զրուցակիցները։ 

15 զոհված ժամկետային զինծառայողների մարմինները մինչեւ լուսաբաց արդեն տեղափոխել են Ազատից։ Ասում են` ոմանց դիերը մոխրացած են եղել: Հրդեհը մարել են միայն լուսադեմին։ Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են առավոտյան 6-ին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում է Վարդենիսի փրկարար ծառայության հրշեջ բրիգադը, եթե 5 ժամում են կարողացել մի վառվող գյուղական հոլիկի կրակը հանգցնել։   

«Երբ վարորդն անորակ է վարում, վթարը ժամանակի հարց է, իսկ նրա պատճառներն էլ կարող են ամենատարբեր լինել: Դա, սակայն, չի վերացնում գլխավոր պատճառը՝ անորակ վարում»,- կարծում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, ըստ որի` Ազատի ողբերգությունը բանակի՝ տարիներ շարունակ տեւած վատ կառավարման հետեւանքն է։ 

ՀԳ․ Մենք փորձեցինք կապ հաստատել զոհվածների հարազատների հետ, սակայն նրանք շոկային վիճակում էին եւ ի վիճակի չէին խոսել ողբերգության մասին։ Տղաներից մեկի՝ աչաջրեցի սպորտսմեն Պավլիկ Աբազյանի հարազատը, որն արտերկրում է ապրում, մեզ հետ զրույցում պատահաբար լսելով կատարված դեպքի մասին, լաց եղավ եւ երկար ժամանակ չէր կարողանում վերագտնել հավասարակշռությունը։ Երեկ շոկի մեջ էին բոլորը` անծանոթ մարդիկ, շարքային քաղաքացիներ, որոնք, լսելով 15 երիտասարդի մահվան մասին բոթը, չէին կարողանում զսպել արցունքները: