Մեր համագործակցությունը պատկերացնում ենք ազգային ազատագրական պայքարի բովանդակության ծիրում. Փայտյան

Մեր համագործակցությունը պատկերացնում ենք ազգային ազատագրական պայքարի բովանդակության ծիրում. Փայտյան

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել հունիս 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ վերահաստատելով, որ «նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել ազգային իշխանության ձևավորմանը»։

«Մենք հստակ արձանագրել ենք, որ մասնակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին դիտարկում ենք, զուտ որպես Հայոց ինքնիշխանության և հայկականության համար մղվող պայքարի ընթացիկ փուլ, և արել ենք հնարավորը, որ քարոզարշավի ընթացքում առաջնային կարևորության ու քննարկման առարկա դառնան Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունների կասեցման և հայկական Արցախ երկրամասի հետ կապված խնդիրները», - ասված է հայտարարության մեջ։

«Հրապարակի» հետ զրույցում կուսակցության խորհրդի անդամ Հայկ Փայտյանն ասաց, որ իրենց համար պարզ էր, որ իշխանական համակարգը իրենց տրամադրության տակ եղած բոլոր լծակները օգտագործելու է իր վերարտադրությունն ապահովելու համար։

«Հետևաբար մենք հաստատակամ ենք և վճռական շարունակելու մեր կողմից սահմանված օրակարգը՝ անկախ այս ընտրությունների արդյունքներից։ Մեզ համար պարզ էր, որ քարոզարշավի ընթացքում կեղծ օրակարգեր ձևավորելով՝ փորձ է կատարվելու օրակարգից դուրս թողնել Արցախի հարցն ու եռակողմ հայտարարությունները», - նշեց քաղաքական գործիչը։

ԱՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել «նախաձեռնել խորհրդակցություններ քաղաքական և հասարակական ուժերի հետ անհրաժեշտ ազգային-ազատագրական պայքարի բովանդակության շրջանակում՝ նպատակ ունենալով ազգայնական ուժերի համախմբման միջոցով ձերբազատվել Հայաստանում տիրող իշխանական համակարգից և ձևավորել ազգային իշխանություն»։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ազգային ժողով են անցել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժերը։

Հարցերին՝ «եթե այս քաղաքական ուժերը շարունակեն իրենց աշխատանքը խորհրդարանում, ինչպե՞ս դրան կվերաբերվեք, պատկերացնո՞ւմ եք նրանց հետ համագործակցությունը», Հայկ Փայտյանը պատասխանեց․

«Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել այս ընտրություններում, ինչպես և ասացի, մենք շարունակելու ենք մեր որդեգրած ուղին՝ պայքարելով ապազգային համակարգի դեմ և հանուն ազգային պետության»։

Քաղաքական գործչի խոսքերով՝ «Ազգային օրակարգն» իր համագործակցությունն այլ ուժերի հետ պատկերացնում է «ազգային ազատագրական պայքարի բովանդակության ծիրում»։

«Մենք մեր համագործակցությունը պատկերացնում ենք ազգային ազատագրական պայքարի բովանդակության ծիրում։ Ցանկացած ուժ, որ պատրաստ է այդ ձևաչափում խորհրդակցություններ ու քայլեր ձեռնարկել, մենք իր հետ պատրաստ ենք նստել կլոր սեղանի շուրջ։ Եվ այդ առաջարկն արվել է։ Տեսնենք՝ ով է պատասխանելու այս առաջարկին, որպեսզի սկսենք հետագա համագործակցությունը», - ընդգծեց ԱՕԿ խորհրդի անդամը։

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուն, Փայտյանն ընդգծեց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ նրա հետ քննարկելու մի հարց ունեն՝ «թե ինչպես ապահովեն այս ապազգային իշխանական համակարգի անցնցում հեռացումը»։