Անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերելու հայտարարությունն իրավական որևէ հիմք չունի

Անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերելու հայտարարությունն իրավական որևէ հիմք չունի

Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ,

Ինչպես գիտեք, ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 68-րդ հոդվածի դրույթներով, Ալավերդու ավագանու 14 անդամ նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։ 

Հիշեցնենք՝ ս․թ․ հոկտեմբերի 19-ին Ապրելու երկիր խմբակցությունը նախաձեռնել է նիստ՝ Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։ Նիստը չի գումարվել քվորում չլինելու հիմքով, որից հետո արվել է հայտարարություն, մեջբերում․ «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։

Այս հայտարարությունը հակասում է ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի՝ ավագանին համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնում գումարված նիստում՝ փակ-գաղտնի քվեարկության միջոցով՝ ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (նվազագույնը 14 ձայն)։ 
Հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարուղարի ստորագրությամբ արձանագրությունը, որը կցում ենք ստորև։ 

Այսպիսով, ավագանու՝ մեկ տարի ժամկետով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերելու անհնարինության մասին հայտարարությունն իրավական որևէ հիմք չունի։

Համարում ենք, որ այս ապօրինի հայտարարությունն արվել է համայնքում լարվածություն ստեղծելու, անվստահություն հայտնելու գործընթացը խոչընդոտելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։ Ավագանու 14 անդամներով անշեղորեն շարժվելու ենք մեր օրակարգով՝ մեր իրավունքներն իրացնելու ճանապարհով»։
 

Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն