Գալիս եմ...

Գալիս եմ...

Հեռավոր Կանադայի Վանկուվեր քաղաքից  այս նամակը ստացա՝ հայրենասեր մի հայուհուց։ Անդրադարձել էր  մի քանի օր առաջ «Գնում եմ» վերտառությամբ իմ հոդվածին։ Շատ քիչ է լինում, երբ Հայաստանից գնացողի ու Հայաստան վերադարձողի մասին նույն բանը կասեմ՝  երկուսն էլ անսահման հայրենասեր մարդիկ են։ Գնացողը ցավալով, արցունքներով է հեռանում իր երկրից, իսկ Հայաստան եկողը գալիս է, որ փոխարինի երկրից հեռացողին։ Գալիս է, որ ապաքինի վերքը։ Հնարավոր չէ երկրից հեռացող հային ուղղված այս բառերն առանց  առանց հուզմունքի կարդալ՝ «Ուզում եմ դիմավորեմ այն ինքնաթիռը որ կտանի իմ խոցված, հայրենասեր հային ապաքինման, ուզում եմ դիմավորեմ, ձեռքն ամուր սեղմեմ, ասեմ որ դու արել ես ամեն ինչ ու դեռ անելու ես, դու պարզապես կարիք ունես դադարի, դու վաստակել ես դա քո խոր վերքերով»:  

Նշեմ, որ տեղադրված նկարը, ինչպես տեղեկացնում է Կատեն, Վանկուվերի հայ համայնքի բողոքի հավաքից է։ Գրում է, որ  մեր հայամետ նախարարներից՝  Ադրիան Դիքսը եկել ու մասնակցում էր հավաքին։  Բավական երկար զրուցեցի նախարարի  հետ:
 
Kate Tairyan

Հրապարակ կայքի «Գնում եմ» հոդվածին ի պատասխան (Հասմիկ Բաբաջանյան, 13 hունվար, 2023)

Գալիս եմ...

Սիրելի Տիկին Բաբաջանյան, սրտի խոր ցավով ու մի շնչով կարդացի Ձեր «Գնում եմ» հոդվածն այսօր: Երբ տեսա վերնագիրը, սիրտս կծկվեց, ես գիտեմ, որ Դուք միշտ գոտեպնդող ու ուժ տվող փոքրիկ իրապատումներ եք գրում (հատկապես այս օրերին), ու նունիսկ եթե միտքս հուշում էր,  որ այս հոդվածը Երկիրը հուսահատ լքել պատրաստվող ու թևաթափ մի հայի պատմություն պիտի լիներ, այնուամենայնիվ սիրտս այնքան էր ուզում որ նամակը լիներ մեկից, ով գրում էր հազարավոր կիլոմետրեր հեռվից, որ ասեր թե՝ գնում եմ .... (Հայաստան) - չէ՞ որ հոդվածը Ձեր գրչից էր: Ուզում էի կարդալ, որ հայերն արթնանում են իրենց երկրրդ տունը դաձած աշխարհի տարբեր անկյուններում, դասավորում իրենց կյանքն ու գործն այնպես որ ասեն - «Գնում եմ ... (Հայաստան),
գալիս ե՞ք»: Ավա՜ղ այդպես չէր:

Շա՜տ բան կա ասելու նամակի հերոսուհուն (ում ցավոք անձամբ չեմ ճանաչում), բայց միայն այսքանը կուզենայի որ նա իմանար... Նունիսկ ամենալավ «խաղացողները» կարիք ունեն հանգստանալու, կազդուրվելու ու այսպես ասած «time-out» վերցնելու ու ուժերը վերականգնելու: Նունիսկ ամենամեծ «աստղերին» փոխարինել է պետք – խաղի դաշտում, մարտի դաշտում: Մարտի դաշտից մեր վիրավոր մարտիկներին պիտի դուրս բերենք, պիտի բուժենք վերքերը, հոգ տանենք նրանց արագ ապաքինվելու համար՝  թե հոգեպես, թե ֆիզիկապես: Այս տարիների պայքարը ծանր
է եղել, հաջողությունն ու հաղթանակն էլ կարծես ավելին են հեռանում տեսադաշտից:

Կարդում եմ այդ դառնացած մտքերը, ու կարծես վիրավոր հոգու ճիչ լինի՝ հուսահատությամբ պարուրված, բայց ո՛չ հանձնված հոգու, արնաքամ եղած բայց ո՛չ վերջացած, խավարով պատված բայց ո՛չ մարած, հույսի թելը կտրած բայց ո՛չ կորցրած, արցունքոտ ու մաղձոտ, բայց ո՛չ երբեք սերն ուրացած: Մտքերը ցավեցնելու չափ ազնիվ են ու իրական: Շնորհակալ եմ կիսվելու համար...

Ուզում եմ դիմավորեմ այն ինքնաթիռը որ կտանի իմ խոցված, հայրենասեր հային ապաքինման, ուզում եմ դիմավորեմ, ձեռքն ամուր սեղմեմ, ասեմ որ դու արել ես ամեն ինչ ու դեռ անելու ես, դու պարզապես կարիք ունես դադարի, դու վաստակել ես դա քո խոր վերքերով: Հայրենիքն այսպես են պահում, այսպիսի զավակներով են պահում, միմյանց ուսերի վրա հենվելով են պահում: Մեր ամեն մի զինվորին պիտի փոխարինելու գա առնվազն երկուսը: Մեր վիրավոր, հյուծված զավակները դա տեսնելով՝ պիտի արագ ոտքի կանգնեն ու նոր ուժով, վերածնված վերադառնան: Դա՛ պիտի լինի մեր հավերժության գրավականը, դա՛ պիտի պատգամենք մեր զավակներին ու սերունդներին: էս հազարամյա ժողովուրդը այդպես է հարատևել: Հյուծված, ցեղասպանված, սոված ու տնազուրկ, խաբված ու դավաճանված բռնել է գաղթի ճամփան ու հայ մնացել: Մշեցի Մեծ Պապս, Անդրանիկի զինվոր Մշո Ափրոն՝ ատամներն ամուր սեղմած, իր ջահել կնոջ ձեռքն ամուր բռնած, ամայի դաշտից փրկելով երկու որբ մնացած մանկահասակ տղայի՝ կտրեց ծովը, ապրեց օտար ափերում, ու տարիներ հետո վերադարձավ «էրգիր» (թեկուզ կիսաանկախ իր մի բուռ Հայաստանը, բայց իր հայատառ երկիրը), նրա հետ էր հեռավոր Փարիզում ծնված պապս ու իր մյուս զավակները: Մշո Ափրոն պիտի սպանվեր Ստալինյան բանտում, նրա մարմի՛նն անգամ Մեծ Տատիս չէր հասնելու.... բայց նա հո գիտեր որ զավակները պիտի հավատային ու իր տեղն էլ կռիվ տային, սերունդներ մեծացնեին ու հայ պահեին: Համոզված եմ,  որ ամեն հայ ընտանիքի տոհմածառ մի խոր վերք ունի իր հաստ բնի վրա, մի սպիացած վերք, ու բուժելով այն ճյուղեր է տվել ու շարունակվել:

Հիմա այդ վերքը բացվել ու նորից արնահոսում է...
Իմ լավ բարեկամ, իմ ազնիվ, հայրենասեր հա՛յ, հանգիստ խղճով վերցրու քո
«ընդմիջումն» ու ապաքինիր վերքերդ:

Իմացիր որ դու ոգեշնչել ես շատ շատերին որ հենց հիմա այս պահին ճամպրուկներն են հավաքում ու ասում «Գալի՛ս եմ»:

P.S. Իսկական հայի պես շարունակիր պատվով կրել ազգանունդ, ոչ մեկ չի կարող մեզնից խլել մեր Մշո Ափրո Պապերի, Սարգյուլ Տատերի արմատները, որ մեր հայկական ԱԶԳանվա՛ն մեջ են։  Կտեսնվենք շուտով։  Այնքա՜ն բան կա ասելու ու անելու։