Մենք առաջվանը չենք

Մենք առաջվանը չենք

Կար ժամանակ, երբ մենք՝ լրագրողներս, արձագանքում էինք մարդկանց կենցաղային, առօրեական խնդիրներին։ Հոդվածներ էինք պատրաստում, օրեր շարունակ հետաքննում ինչ-որ շենքի վերելակի անսարքության, ինչ-որ հիմնարկում աշխատողի իրավունքների ոտնահարման, մեկ այլ վայրում՝ անօրինական ծառահատման, միջին մի չինովնիկի լկտի պահվածքի, տենդերում տեղի ունեցած անարդարության հետ կապված միջադեպերը։ Մեզ այդ խնդիրները շատ կարեւոր էին թվում։

Հիմա՝ այս աղետալի պատերազմից հետո, երբ մեր երկիրը հայտնվել է անորոշության, անապահովության, բազում վտանգների ճիրաններում, եւ հասկանալի չէ, թե ինչ է մեզ սպասվում մեկ շաբաթից, մեկ ամսից, առավել եւս՝ մեկ տարուց, այլեւս անհարմար է նման հարցերով զբաղվելը։ Մենք ամաչում ենք մարդկանց առօրյա խնդիրների, մշակույթի, շոուբիզնեսի, կրթական ու սպորտային թեմաների մասին հոդվածներ պատրաստելուց։ Անիմաստ ենք համարում խոսել քաղաքապետարանի՝ փողոցները սառույցից չմաքրելու, շտապօգնության մեքենայի՝ ժամանակին չժամանելու, հեռուստատեսության աշխատողների՝ մի քանի ամիս աշխատավարձ չստանալու եւ այլ՝ այսօր արդեն մանր թվացող խնդիրների մասին։

Թվում է՝ արտաքուստ կյանքն իր հունով շարունակվում է, մարդիկ ապրում են, աշխատում են, առեւտուր են անում, երեխա են մեծացնում, անգամ՝ հանգստյան օրերին հաճախում են զվարճանքի վայրեր, բայց հասարակության մի հսկա հատված այլեւս նախկինը չէ։ Մարդիկ այլեւս խաղաղ օրերի կյանքով ու հոգսերով չեն ապրում։ Մեր շուրջը որդեկորույս ընտանիքներ են, եւ մահվան ուրվականն է շրջում երկրում։ Անգամ եթե դու անձամբ չունես զոհ, բայց եթե հարեւանդ, բարեկամդ, համագյուղացիդ ունի, դու չես կարող ապրել անհոգ ու անզգա կյանքով, չհասկանալ, որ քո գյուղում, քաղաքում, երկրում աղետ է, ցավ, անասելի վիշտ։