Հիմա մամուլի ազատության վիճակն ամենածանրն է եւ անհուսալին

Հիմա մամուլի ազատության վիճակն ամենածանրն է եւ անհուսալին

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌԱՀ) հունվարի 15-ին, փակ-գաղտնի ռեժիմով բաշխած միավորների արդյունքում, հանրապետական եւ մայրաքաղաքային Հայկական երկրորդ հեռուստաընկերությանը զրկեց հանրապետական սփռման հնարավորությունից, իսկ TV5-ը եւ «Արմնյուզը» կդիտեն միայն Երեւանում։ 

Թեմայի շուրջ զրուցել ենք Հ2 հեռուստաընկերության երկարամյա հաղորդավար Լիլիթ Մելքոնյանի հետ։

- Նախ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՌԱՀ-ի որոշումը։

- Ես գիտեմ, որ մեր հեռուստաընկերությունը եւ տնօրինությունը սա համարում են ապօրինություն, անարդարության հերթական մի դրսեւորում, ես գիտեմ, որ պետք է հնարավոր բոլոր տարբերակներով պայքարենք, մյուս կողմից՝ կարծում եմ, որ հեռուստաընկերության տնօրինության տարածած հայտարարությունից հետո նոր ավելի հստակ կլինի, թե որ ձեւաչափով, ինչ ուղղությամբ պետք է պայքարել։

- Հնարավոր է բողոքարկե՞ք որոշումը։

- Կարծում եմ՝ հնարավոր է բողոքարկել։ Ես՝ ինքս, 20 տարի աշխատում եմ Հայկական երկրորդ հեռուստաընկերությունում, դրանից առաջ աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում եւ Հանրային ռադիոյում եւ կարող եմ իմ մասնավոր կարծիքն ասել, ընդ որում՝ մարդ, ով երբեւէ քաղաքական հաղորդում չի վարել․ ես՝ ինքս, սա համարում եմ 21-րդ դարի համար շատ ծիծաղելի մի բան, ինչո՞ւ, որովհետեւ 21-րդ դարում փորձել լիցենզիաներով լռեցնել, սա ծիծաղելի է։ Մյուս կողմից՝ շատ հետաքրքիր մի զուգադիպություն կա․ 2021 թվականի եւ 1937 թվականի օրացույցները լրիվությամբ համընկնում են, եւ ես մեծ հույս ունեմ, ուզում եմ հավատալ, որ հենց հունվարին այս որոշումը կայացնելով՝ մենք չենք ուզում գնալ դեպի ապագա 1937։

- Ցավոք սրտի, մենք 1937 թվականի մասին վերջին 2.5 տարում հաճախ ենք հիշում։ Իսկ ի՞նչն են ուզում լռեցնել, ըստ Ձեզ, Հ2-ի ի՞նչը դուր չի գալիս գործող իշխանություններին։

- Ես, ճիշտն ասած, քաղաքական գնահատական չեմ ուզում տալ, թե ինչն են ուզում լռեցնել, բայց մի բան ակնհայտ է, որ բոլոր ասպարեզներում ինստիտուցիոնալ, անցյալից ապագա գնացող այդ կապն անպայման ուզում են ինչ-որ տեղ փոխել, սկսել «զրոյական կետից»։ Մի բան ակնհայտ է, որ 21-րդ դարում չի կարելի փակել հեռուստատեսություն, եւ ինձ համար՝ որպես հեռուստատեսության երկարամյա փորձառություն ունեցող մարդու, անմիջապես ականջ ծակեցին ՀՌՀ նախագահի առաջին եւ երկրորդ օրը իր բացման խոսքում արած արտահայտությունները, որ ուշադիր եղեք, ոչ մեկը չի զրկվում եթերից, սա նոր մրցույթ է, բոլորովին նոր մի բան է, եւ դուք ուղղակի կարող եք չունենալ այդ միավորները, որեւէ հեռուստաընկերություն չի փակվում, եթերից չի զրկվում։ Եվ երկրորդ շեշտադրումը՝ նշվում էր անցած ճանապարհը, որ շատ մեծ նշանակություն ունի։ Ուզում եմ հիշեցնել, որ Հ2-ն այն հաճախականությունն է զբաղեցնում, որը դեռ խորհրդային տարիներից երկրորդ հայկական ալիքն է, եւ հեռուստատեսային դասական կանոններ կան, որոնք պահպանվել են Հ2-ում։

- Դուք ասացիք, որ 21-րդ դարում չի կարելի փակել հեռուստատեսություն, բայց «Ա1+»-ը Ռոբերտ Քոչարյանի օրոք փակվեց, ու տպավորություն է, որ Փաշինյանը նաեւ «Ա1+»-ի վրեժն է լուծում՝ եթերից զրկելով այն հեռուստաընկերությունները, որոնք Քոչարյանի անվան հետ են կապվում, օրինակ՝ Հ2-ը, TV5-ը։ Թեեւ այս մրցույթում «Ա1+»-ն էլ չհաղթեց։

- Ես չեմ կարող զուգահեռներ տանել, եւ էստեղ քաղաքական հստակ դիրքորոշում դժվար է գտնել։ Ինչու եմ ասում՝ 21-րդ դարում հնարավոր չէ փակել, որովհետեւ հեռարձակման հնարավորությունները, ասպարեզները բավականին շատ են։ Հիմա մարզերում եւ մայրաքաղաքում գործում են տարբեր կաբելային հեռարձակողներ, կա նաեւ օնլայն հարթակը, այսինքն՝ ինչպե՞ս է հնարավոր լռեցնել ինչ-որ մեկի ձայնը։ Ի վերջո, այս բոլոր հարթակներում թե՛ Հ2-ը, թե՛ մյուս հեռուստաընկերությունները շարունակելու են գործել։

- Այսինքն՝ Հ2-ին լռեցնելու խնդի՞ր ունեն։

- Ես չեմ կարող ասել՝ լռեցնելու խնդիր ունեն, թե չէ, որովհետեւ չեմ տեսնում հիմնավորումները, այսինքն՝ կարող են բոլորին փորձել լռեցնել, բայց կարծում եմ, որ սա մամուլի ազատության ու ժողովրդավարության շատ մեծ խախտում է։ Եվ ես ավելին ասեմ․ մենք ազատության մասին անընդհատ խոսում ենք, Դուք՝ «Հրապարակը», անընդհատ խոսում եք, ես աշխատել եմ տարբեր լրատվամիջոցներում եւ բոլոր չորս նախագահների օրոք ու կարող եմ ասել, որ հիմա մամուլի ազատության վիճակն ամենածանրն է եւ անհուսալին։ Միշտ եղել են սահմանափակումներ, ես հատկապես պետական լրատվամիջոցներում աշխատել եմ, չի եղել, որ ասեմ՝ լիարժեք ազատություն կա, բայց այն, ինչ հիմա է կատարվում, շատ վտանգավոր է։