Վարչապետի որեւէ քայլ, խոսք չի կարող հիմք տալ, որ որակումներ տրվեն նրա հասցեին

Վարչապետի որեւէ քայլ, խոսք չի կարող հիմք տալ, որ որակումներ տրվեն նրա հասցեին

Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստը տապալվեց իմքայլականների պատճառով։ Նրանք չէին ներկայացել նիստից առաջ հայտարարված ԱԺ խորհրդի նիստին, որ քննարկեն արտահերթի օրակարգում ռազմական դրության վերացման եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը միտված հարցերն ընդգրկելը։ 

Նախորդ օրն էլ չէին ներկայացել՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքի պատճառով։ Շենքում երեկ հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն էին եւ հատուկենտ իմքայլականներ, որոնցից մեկին՝ Ալեքսանդր Ավետիսյանին, հանդիպեցինք միջանցքում եւ մի քանի հարց ուղղեցինք։ Նա ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու իր գործընկերները չեն ժամանել ԱԺ խորհրդի նիստին, քանզի ինքը «շարքային պատգամավոր է», խորհրդի անդամ չէ։

- Պարոն Ավետիսյան, Դուք այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ձեզ նաեւ անվտանգության երաշխիքներ են տալիս, միայն թե դուք գնաք վճռական քայլի ու խորհրդարանի մակարդակում լուծեք նրա հեռացման հարցը։

- Լուծումը տեսնում եմ միայն Սահմանադրության, օրենքի շրջանակներում, ինչպես պահանջում է ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ այդ տեսակետին է նաեւ մեր քաղաքական ուժը։ Այլ լուծում ես չեմ պատկերացնում։

- Հենց օրենքի շրջանակներում էլ իրենք ձեզ առաջարկում են գալ խորհրդարան, արտահերթ նիստ անել եւ Փաշինյանին հեռացնել։

- Ես եկել եմ խորհրդարան, խմբակցությունով կքննարկենք, ըստ անհրաժեշտության, եթե գտնենք, որ կարիք կա արտահերթ նիստի, կգումարենք։

- Պատրա՞ստ եք քայլեր ձեռնարկել Փաշինյանի հեռացման համար։

- Իհարկե, ոչ։

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ որեւէ հիմք դրա համար չեմ տեսնում։

- Այսինքն՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ 40-ից ավելի բարձրաստիճան սպաների տարածած հայտարարությունը Ձեզ համար հի՞մք չէ։

- Իմ համար հիմք չէ այնքանով, որ, ինչպես արդեն ասացի, հարցի լուծումը տեսնում եմ Սահմանադրության շրջանակներում, իսկ մեր Սահմանադրությամբ՝ բանակը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն, եւ, ըստ այդմ, ինձ համար առաջնայինը օրենքն է եւ Սահմանադրությունը։

- Իսկ Նիկոլ Փաշինյանը բանակի հանդեպ պե՞տք է պահպանի կոռեկտություն եւ չեզոքություն։

- Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը երբեւէ բանակի հանդեպ չի պահպանել կոռեկտություն եւ որպես դրա վառ ապացույց, եթե չեք նայել, եւս մեկ անգամ դիտեք նրա՝ վերջին հանրահավաքում ունեցած ելույթը։

- Էդմոն Մարուքյանն ասում է՝ նա ուզում է գլխատել բանակը, անընդհատ վարկաբեկում է զինված ուժերը, պարբերաբար տարբեր հայտարարություններ է անում բանակի, բանակի գեներալների դեմ։ Ու նրա քայլն էլ, որ Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից, սա հարուցել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի զայրույթը։

- Ամենայն հարգանքով Էդմոն Մարուքյանի հանդեպ՝ միշտ չէ, որ կիսում եմ նրա տեսակետները։ Հարգանքով նաեւ բանակի եւ գեներալիտետի հանդեպ՝ ես կարծում եմ, որ ինչ-որ միգուցե ուղղորդման, ինչ-որ քաղաքական խարդավանքների ազդեցությամբ է նաեւ այդ հայտարարությունն արվել։

- Ո՞ւմ կողմից է ուղղորդում եղել, ո՞վ պետք է ուղղորդեր Օնիկ Գասպարյանին եւ չորս տասնյակ սպաներին։ 

- Իսկ ո՞վ էր դեռեւս հոկտեմբեր ամսին զանգում բանակի ղեկավարությանը եւ հորդորում չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։ 

- Ո՞վ էր զանգում, ես տեղյակ չեմ, Դուք փաստեր ունե՞ք դրա վերաբերյալ։

- Մամուլից եմ տեղեկացել։

- Դուք նորմա՞լ եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունները, «Իսկանդերի» չկրակելու մասին արած հայտարարությունը, որից հետո ռուսական մամուլն ուղղակի ամենավերջին բառերով է պիտակավորում նրան։

- Ռուսական մամուլը հեղափոխությունից հետո ամենատարբեր գնահատականներն է տվել մեր ներքաղաքական իրավիճակին, էնպես չէ, որ ես այդ առումով պետք է տարակուսեմ, թե ինչու հենց այս պահին նման գնահատականներ հնչեցին։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Իսկանդերի» հետ կապված հարցին, զուտ ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից, կհիշատակեմ երեկվա ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքը, որտեղ նշվում է, որ պատերազմի ընթացքում «Իսկանդեր», իրենց ինֆորմացիայով, չի կիրառվել, եւ միգուցե մեր գլխավոր գերագույն հրամանատարին սխալ են զեկուցել։

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, ու նրան ինչ-որ բան սխալ են զեկուցում, եւ նա դրան հավատո՞ւմ է։ Այդ դեպքում որտեղի՞ց էր նման պնդում անում, որ «Իսկանդերը» չի կրակել կամ 10 տոկոսով է կրակել։

- Ես ընդամենը մեջբերեցի ՌԴ պաշտոնական ներկայացուցչի պնդումը, ինքս, իհարկե, չեմ կարող հստակ ինֆորմացիա ունենալ՝ ի վերջո կիրառվե՞լ է, չի՞ կիրառվել։ Ուզում եմ ասել, որ գերագույն գլխավոր հրամանատարն առաջնորդվում է այն ինֆորմացիայով, ինչն իրեն զեկուցվում է։

- Այսինքն՝ իրեն զեկուցել են, որ «Իսկանդերը» 80-ականների զե՞նք է։

- Իսկ նա երբեւէ ասել է, որ «Իսկանդերը» 80-ականների զե՞նք է։

- Այո, նա ասել է՝ ««Իսկանդերը» չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել․․․  80-ականների զե՞նք էր, գուցե։

- Իսկ գուցե 2000-ականների՞ զենք էր։

- Դե, ամեն ինչ էլ կարելի է ասել, բայց արդյոք սա վարչապետի կողմից արված ճի՞շտ պնդում է։

- Եթե «գուցե» բառը կա, արդեն իսկ Ձեր հարցադրումն էնքան էլ տեղին չէ։

- Այսինքն՝ ինքը չգիտե՞ր, թե որ թվականների արտադրության է, որ հարցնում է՝ ասելով «գուցե»։

- Ես չեմ ցանկանում այդ առումով մեկնաբանել վարչապետի խոսքը, գտնում եմ, որ նա չի ասել՝ 80-ականների զենք է։ Իսկ գուցե 2000-ականների՞ զենք է։

- Հենց 2000-ականների զենք է, նա չգիտե՞ր դա, այդ մասին իրեն  չէի՞ն զեկուցել։

- Ենթադրում եմ՝ ինքը տեղյակ է լինում էն ամեն ինֆորմացիայից, որն անհրաժեշտ է, որ իմանա։

- Ադեկվա՞տ եք գնահատում Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որ նա հանրահավաքում մե՛կ դիմում է Օնիկ Գասպարյանին, թե՝ «Օնիկ ջան, պետք չի», մե՛կ բղավում է, թե՝ «վե՛րջ թավիշին», ու սպառնում բոլորին ձերբակալել, հետո առաջարկում է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, ընդդիմության հետ երկխոսության գնալու։

- Իմ կարծիքով՝ վարչապետի որեւէ քայլ եւ որեւէ խոսք չի կարող հիմք տալ, որ ինչ-որ որակումներ տրվեն վարչապետի  հասցեին։