Անձնական ջերմաչափ ունեմ, կտանեմ  բուժամբուլատորիա, մինչեւ մենք նորը կգնենք. Սոլակի համայնքապետ

Անձնական ջերմաչափ ունեմ, կտանեմ  բուժամբուլատորիա, մինչեւ մենք նորը կգնենք. Սոլակի համայնքապետ

Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է Կոտայքի մարզի Սոլակի համայնքապետարանի դռները փակ են, համայնքապետ Էդգար Խաչատրյանը նույնպես աշխատանքի  չի գնում: Ըստ սոլակցիների՝ համայնքապետարանի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով, իսկ գյուղի բուժամբուլատորիայում անգամ ջերմաչափ չկա. «Գյուղում խայտառակ վիճակ ա, ոչ մի բան չեն ձեռնարկում, էսօր մի քանի հոգի են վարակվել, եթե դեմը չառնեն, վաղը  վարակվածների թիվը  էլ ավելի կշատանա: Գնում ես բուժամբուլատորիա ջերմաչափ չկա, որ տաքություն չափենք»: 

Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանն արդեն 2 օր է փակ է: Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կորոնավիրուսով քանի՞ հիվանդ կա գյուղում եւ երբ աշխատանքի կգնան, Խաչատրյանը պատասխանեց. «Վաղը կորոշենք, թե երբ ենք աշխատելու: Գյուղում 3 անձի թեստի պատասխան դրական է եղել, նրանց մեջ է նաեւ գյուղապետարանի մեկ աշխատակից: Այդ երեքին չգիտեմ, թե որ հիվանդանոցն են տարել, իսկ նրանց հետ շփվածները իրենց տներում մեկուսացվել են»: Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ բուժամբուլատորիայում ջերմաչափ չկա, զարմացած պատասխանեց. «Ոնց չկա ջերմաչափ, չի կարա չլինի, կարող ա էլէկտրոննի չլինի, բայց սովորական ջերմաչափ կա: Ախտահանում են նոր   մարդիկ իրենց ջերմությունն են չափում: Արդեն ասել եմ, զբաղվում են տեսնենք, որտեղ էլեկտրական ջերմաչափ կա՝ գնենք, բայց դա էդքան օգուտ չի տա: Էնպես չի որ գյուղերում բոլոր բուժամբուլատորիաներում էդ ջերմաչափը կա:  Ինձ անձնական ջերմաչափ ունեմ, էսօր կտանեմ  բուժամբուլատորիա, մինչեւ մենք նորը կգնենք»: