«Հրապարակ». Համազգային լուծումը մեզ բերելու է նոր խոսքի, նոր բովանդակության, նոր հարթակի

«Հրապարակ». Համազգային լուծումը մեզ բերելու է նոր խոսքի, նոր բովանդակության, նոր հարթակի

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

- «Ժառանգություն» կուսակցության հին կորիզը՝ քաղաքական ու հանրային գործիչները, նախկին պատգամավորները, այսօր տարբեր ճամբարներում են հայտնվել, անգամ տարբեր երկրներում` Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է Կանադա, Դավիթ Սանասարյանը Փաշինյանի հետ է հանդիպում՝ արտախորհրդարանական ուժերի կազմում, Հովսեփ Խուրշուդյանն ու Անահիտ Բախշյանն իշխանություններին են սատարում, Զարուհի Փոստանջյանն իր կուսակցությունն է ստեղծել: Ինչո՞ւ պառակտվեց  «Ժառանգությունը»։

- «Ժառանգությունը» եղել է ազգային ազատական կուսակցություն՝ դարբնոց ազատ քաղաքացիների, որոնք եկել են իրենց ազատ կամքով եւ ոչ թե մի հոգու համար։ Ամեն մեկը տվել է՝ որքան ցանկացել է, վերցրել է՝ որքան կարողացել է։ Եվ երբ որ յուրաքանչյուրը տեսել է, որ իր ժամը հնչել է, ով ուզեցել է, գնացել է իր ճամփով։ Մի կորիզ մնացել է, իհարկե։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը, ովքեր եղել են նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գնացել է եւ ներկայացնում է ամեն մեկն իր ուրույն տեսակետը։ Եվ դուք կարող եք բնորոշել յուրաքանչյուրին` ըստ իր տեսակետի։ Ամեն մեկը չէ, որ կարողացել է իմ ներաշխարհին համապատասխան բյուրեղացնել, ամբողջացնել մի էության մեջ ազգային ազատական համապարփակ մոտեցումները։ Ուրիշ կուսակցություններ կերտված են մի հոգու շուրջ, մի նախագահ, որ մինչեւ իր կյանքի վերջը նախագահ է։ Իսկ մեր կուսակցությունն իմ կյանքի ընթացքում հինգ-վեց նախագահներ է ունեցել, եւ դա արժեք է Հայաստանի մեջ։ Հայաստանում միշտ չէ, որ ընկալվում է, որովհետեւ Հայաստանում մարդ-կուսակցությունները շատ են, իսկ մեզ մոտ ժողովրդավարական հիմունքներով կերտված «Ժառանգություն» կուսակցություն է։ Եթե ես ուզենայի պահել «Ժառանգությունը» որպես մարդ-կուսակցություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ստեղծված, մենք հիմա կլինեինք խորհրդարանում, կլինեինք առավել ճանաչված։ Դրա համար է կուսակցությունը, դրա համար է Հայաստանին ծառայելու նրա նպատակը։ Դրա համար հիմա ամեն մեկը, ով ուզեցել է, եկել է «Ժառանգություն», ճանաչումը ստացել է եւ որոշել է շարունակել իր ծառայությունը` ինչպես ուզել է: Դա իրենց իրավունքն է, հաջողություն եմ մաղթում, միշտ չէ, որ համաձայն եմ իրենց հետ, բայց կյանքն առջեւում է, եւ հասարակությունը կտա իր վերջնական վճիռը։

- Ովքե՞ր են այսօր, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից եւ վարչության նախագահից, կուսակցության շարքերում։

- Ունենք բավականին անդամներ՝ Տիգրան Նահապետյանը, Վանիկ Ալեքսանյանը, Գագիկ Մարգարյանը, յուրաքանչյուր քաղաք ունի իր ներկայացուցիչը։

- Ի՞նչ եք կարծում` կհայտարարվի՞ համազգային հանրահավաք, շարժումը զարգացում կապրի՞։

- Ժողովրդական շարժումը, անկախ իր անվանումից, կշարունակվի։ Ես կարծում եմ՝ համազգային համաձայնություն կա։ Կա ակնկալիք, որ փոփոխություն պետք է մեր երկրին։ Ունենք ճգնաժամ, որը լուծում է պահանջում՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին առումներով։ Եվ սա անհրաժեշտություն է։ Համազգային լուծումն ուղղակի մեզ բերելու է, իմ կարծիքով, նոր խոսքի, նոր բովանդակության, նոր հարթակի։ Ես միշտ գնահատել եմ ասպարեզում գործ անողներին։ Հեշտ է տանը նստել եւ բան ասել։ 34 տարի հրապարակում որպես շարժման մասնակից, մասնիկ՝ ես պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել ու խորհուրդը տալ, բայց ո՛չ հրապարակային քննադատել։ Այն, որ փոփոխություն պետք է լինի, դա ակնհայտ է, բայց այն, որ նվիրյալներ կան՝ զոհված զինվորների ծնողներ, հասարակական տարբեր շերտեր կան, դա ակնհայտ է։ Միաժամանակ շարժումը պետք է ընդարձակվի, պիտի շրջանի ավարտ լինի, եւ ինքը պիտի ձեւափոխվի, որպեսզի թե՛ ընթացակարգով, թե՛ բովանդակությամբ դառնա իրապես համազգային։ Դա նույնպես ակնհայտ է։ Այդ հույսով ապրում ենք, ներկա ենք եւ հույս ունենք, որ այս ինքնահոսից մենք դուրս կգանք, որովհետեւ Հայաստանը կանգնած է օրհասական աննախադեպ իրավիճակի առաջ։

- «Ժառանգությունն» այսօր ունի՞ ձեւակերպված հստակ օրակարգ։

- Նախ՝ մասնակցության իմաստով երբեք չունի կուսակցական ուղղահայաց հրահանգ, կուսակցությունը միշտ ազատ է եւ միշտ ներկա է։ Ուրիշներն այսպես ձեւական որոշումներ ունեն, որ այս մեկը կամ այն մեկը ներկա է՝ մենք չենք գնում։ Մենք ազատ ենք եւ ներկա ենք։ «Ժառանգությունն» ունի, իհարկե, իր քարտեզն ու ծրագիրը, բայց, որպեսզի միասնականություն եւ համախմբում լինի, հիմա մենք չենք ներկայացնում, որովհետեւ, մեր կարծիքով, սա հատվածական մոտեցում չէ, կրկնում եմ՝ եթե մեր կարծիքը կարեւոր է որեւէ մեկին, մենք պատրաստ ենք ներկայացնել այն։