Քոլեջների եւ ավագ դպրոցների մրցակցությունը մշտապես առկա է

Քոլեջների եւ ավագ դպրոցների մրցակցությունը մշտապես առկա է

«9-րդ դասարանը մի կերպ ավարտած աշակերտի համար իմաստ չունի ավագ դպրոց գնալը։ Այդ աշակերտը պետք է գնա արհեստագործական մի քոլեջ, որեւէ մի արհեստ սովորի, բայց եթե նրա միավորները ցածր են, ապա վճարովի է նստում, իսկ ծնողը որտեղի՞ց բերի վճար տա, նրա համար այդ 150 հազարն էլ է մեծ փող։ Անցած տարի 9-րդ դասարանի բազայով ավարտածների համար քոլեջներ ընդունելությունն անվճար էր, էս տարի ընդունելությունը սարքել են միավորով՝ կան ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի տեղեր, բայց անվճար ընդունվում են միջինից բարձր գնահատականներով ավարտածները, իսկ միջինից ցածր թվանշաններ ունեցող աշակերտները դուրս են մնում նաեւ քոլեջից։ Իսկ այդպիսի երեխաները շատ են, ովքեր այդ քոլեջն ավարտելով՝ գոնե մի ապագա էին ունենում՝ մի արհեստի տիրապետում»,- ասում է խմբագրություն զանգահարած ծնողներից մեկն ու նշում, որ փոփոխված կարգի հետ կապված՝ քոլեջներից նորմալ պարզաբանում չեն տալիս, որոնց մեծ մասում ընդունելությունն արդեն ավարտվել է։ 

Այս կարգի փոփոխությունն արդյոք կրթությունից դուրս չի՞ թողնում սովորողների որոշակի մի ստվար զանգված․ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ անցած տարի էլ են շատերը դուրս մնացել, քանի որ, անցած տարվանից սկսած, քոլեջների հնարավորությունները սահմանափակել են, որպեսզի ավագ դպրոցների թթվածինը բացեն․ «Խնդիրը մի փոքր հիմքից բացատրեմ․ ավագ դպրոցները երբ ստեղծվեցին, արդեն որոշակի մրցակցություն առաջացավ քոլեջների ու ավագ դպրոցների միջեւ։ Օրինակ՝ այն ժամանակ քոլեջներին տվեցին որոշակի արտոնություն, որ քոլեջի շրջանավարտը կարող է միանգամից նստել բուհի 2-րդ կուրս, եւ սա ավագ դպրոցների համար խնդիր ստեղծեց, որովհետեւ բազմաթիվ աշակերտներ մտածում էին, որ ես ավելի լավ է գնամ քոլեջում 4 տարի սովորեմ եւ միանգամից նստեմ համալսարանի 2-րդ կուրս, քան թե գնամ ավագ դպրոց, 3 տարի սովորեմ, ավարտական քննություն տամ, մի հատ էլ ընդունելության քննություն տամ ու նստեմ առաջին կուրս։ Հետո կամաց-կամաց քոլեջների այդ արտոնությունը պակասեց, ամեն տեղ այլեւս չէին կարողանում ընդունվել՝ միայն հեռակա եւ ոչ մրցակցային ֆակուլտետներ, այդպես սահմանափակեցին, իսկ արդեն անցած տարվանից սկսած՝ նաեւ քոլեջների ընդունելության տեղերը սահմանափակեցին, որպեսզի երեխաներն ավագ դպրոց գնան։ Ու անցած տարվանից սկսած՝ քոլեջներից դուրս մնացած բազմաթիվ աշակերտներ արդեն գնում են ավագ դպրոցներ»։

Ս․ Խաչատրյանն ասում է՝ ամիսներ առաջ ԱԺ-ում քննարկում գնաց այս հարցի հետ կապված, եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովն ուզում էր տեղեր ավելացնել՝ փաստարկելով, որ եթե մարդիկ ուզում են սովորել, ինչո՞ւ ենք սահմանափակում նրանց, որին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարն էլ նշել է, որ այդքան բուժքույր, ատամնատեխնիկ պետք չեն, եւ ինչու ենք ապագա գործազուրկներ պատրաստում․ «Այստեղ գործ ունենք այն խնդրի հետ, որ ծնողներն ուզում են՝ երեխաները քոլեջով սովորեն, որովհետեւ երեխան հետո կարող է գնալ եւ նստել բուհի 2-րդ կուրս։ Քոլեջների եւ ավագ դպրոցների մրցակցությունը տարբեր շրջափուլեր է ունենում, մե՛կ մի կողմին են նեղում, մե՛կ՝ մյուս։ Այդ երկու օղակները կարծես իրար դեմ են դուրս գալիս, բայց նախարարությունը պետք է կարողանա քոլեջների եւ ավագ դպրոցների գործունեությունն այնպես անել, որ իրար դեմ չաշխատեն, եւ մեկը մյուսին չխանգարի»։