Իսկ կռվելու են երեխաները

Իսկ կռվելու են երեխաները

«Ախր, դուք այն ժամանակ երեխաներ եք եղել։ Բայց այդպես չեք գրի, չէ՞։ Դուք կձեւանաք իսկական տղամարդիկ, եւ կինոյում ձեզ կխաղան ֆրենկսինատրաներն ու ջունուեյնները կամ այլ հայտնի դեմքեր, գարշելի դեմքեր, ովքեր պաշտում են պատերազմը։ Իսկ այն ցույց կտրվի գեղեցիկ, ու պատերազմները կգնան իրար ետեւից։ Իսկ կռվելու են երեխաները, ինչպես մեր երեխաները հիմա վերեւում»,- այս բառերով իր վետերան ամուսնուն ու նրա ընկերոջը հանդիմանում է Կուրտ Վոննեգուտի «Սպանդանոց համար հինգ»-ի պերսոնաժներից մեկը։ 

Նրա ամուսնու ընկերը հենց Վոննեգուտն էր կամ, ավելի ճիշտ՝ նրա ալտեր էգոն, ով Երկրորդ համաշխարհայինին մեկնել էր որպես կամավոր, ռազմագերու կարգավիճակով բերվել Դրեզդեն ու սեփական աչքերով տեսել քաղաքի, իր խոսքերով, անիմաստ ու նացիզմի դեմ պայքարի ոչ մի տարր չունեցող ռմբակոծումը։ 

Դրեզդենի ողբերգությունից առաջ Կուրտ Վոննեգուտն ապրել էր մեկ այլ ողբերգություն. նրա մայրը, հոգեկան անհավասարակշռության հողի վրա, ընդունելով մեծ քանակի քնաբեր, ինքնասպան է լինում (միջոց, որը տարիներ անց օգտագործում է նաեւ Վոննեգուտը, բայց ապարդյուն)։ Իսկ Դրեզդենից տարիներ անց քաղցկեղից մահանում է նրա քույրը, ում ամուսինը մահացել էր վերջինիս մահից մեկ օր առաջ։ Վոննեգուտը կնոջ հետ իրենց երեք երեխաներից զատ մեծացնում է նաեւ քրոջ ավագ երեք որդիներին։

Չնայած նրան, որ Վոննեգուտը գայթակղված էր Դրեզդենի մասին գիրք գրելու մտքով, հիշողությունները նրան անօգուտ էին թվում։ «Ես մի քանի անգամ ուրվագծել եմ Դրեզդենի մասին գիրքը։ Այդ ուրվագծերից լավագույնը կամ, այնուամենայնիվ, ամենագեղեցիկը ես արել եմ պատի պաստառի կտորի վրա։ Ես վերցրի աղջկաս գունավոր մատիտները՝ ամեն անձի համար՝ մեկ գույն․․․ Կարմիր գիծը հանդիպում էր կապույտին, հետո՝ դեղինին, որն ընդհատվում էր, որովհետեւ պերսոնաժը, որը ներկայացված էր դեղինով, մեռնում էր։ Եվ այսպես շարունակ։ Դրեզդենի ոչնչացումը ներկայացված էր նարնջագույն խաչերի ուղղահայաց սյունակով, եւ ողջ մնացած բոլոր գույներն անցնում էին  դրա միջով ու դուրս գալիս մյուս կողմից» (հատված «Սպանդանոց համար հինգ»-ից)։ Վոննեգուտն անցավ իր իսկ պատկերացրած սյունակի միջով, իսկ ընթերցողը կարդաց այս տողերը դեպքերից միայն 25 տարի անց։ 

Տեքստերից զատ, Կուրտ Վոննեգուտն անում էր նաեւ նկարների ուրվագծեր՝ ուղեկցելով դրանք բացատրություններով, որոնցից մեկը հետեւյալն էր․ «Իհարկե, մենք աղետ ենք։ Դա պարզ է երկու համաշխարհայիններից, Հոլոքոստից, Նագասակիից եւ մյուս վատ բաներից հետո, որ մենք անում ենք»։ Ներկա գտնվող կնոջ հարց-հանդիմանությանը, թե որ սեռն է գործում այդ չարիքները, Վոննեգուտը պատասխանում է․ «Պարզապես կանայք գիտությունից ոչինչ չեն հասկանում»։

Պատերազմից հետո Վոննեգուտն ԱՄՆ-ում պարգեւատրվեց «Պուրպուրե սիրտ» մեդալով, որը շնորհվում է հակառակորդի գործողությունների արդյունքում վնասված կամ զոհված զինծառայողներին։ Ինքը՝ Վոննեգուտը, հեգնանքով էր վերաբերվում մեդալին՝ համարելով, որ այն ստացել է ծիծաղելիության աստիճանի հասնող աննկատ վնասվածքի համար:

Ալկոհոլն ու Pall mall-ի տուփերը դառնում են Վոննեգուտի առօրյայի մի մասը. «Ես հանգստացնում եմ իմ շառաչող ինտելեկտը սկոտչով ու սոդայով, պատրաստում եմ ընթիք, լսում եմ ջազ, պառկում եմ քնելու ժամը 10-ին»։ Ինքնակենսագրական «Մարդը՝ առանց երկրի» ստեղծագործության մեջ Վոննեգուտն ասում է․ «Ինչքան էլ կոռումպացված, ագահ ու անսիրտ լինի մեր ղեկավարությունը, կորպորացիաները, մեդիան, կրոնական ու բարեգործական կառույցները, երաժշտությունը միշտ կմնա հիասքանչ։ Եթե, Աստված չանի, ես երբեւիցե մեռնեմ, էպիտաֆիաս թող սա լինի․ ԱՍՏԾՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԱՊԱՑՈՒՅՑԸ, ՈՐԸ ՆՐԱՆ ՊԵՏՔ ԷՐ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»։

Պատերազմը հասարակ պատանուն մեծացնում է երկրաչափական պրոգրեսով ու մեծացնում է լրիվ ուրիշ հարթության մեջ, որովհետեւ հումանիստական ու քաղաքակրթական ոչ մի օրենքով ոչ ոք պարտավոր չէ ու չպետք է անցնի դրա միջով։ 

Վոննեգուտը պատերազմող երիտասարդների մասին խոսում է իր մյուս հայտնի ստեղծագործության՝ «Օրորոց կատվի համար»-ի հերոսներից մեկի այս մտքով․ «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի հարգենք «Դեմոկրատիայի հարյուր տառապյալների» հիշատակը, հիշատակը երեխաների, ովքեր սպանվեցին պատերազմում։ Սովորաբար այսպիսի օրերին այդ երեխաներին անվանում են տղամարդիկ։ Բայց ես չեմ կարող նրանց անվանել տղամարդիկ՝ այն պարզ պատճառով, որ այդ պատերազմում, որտեղ մահացան «Դեմոկրատիայի հարյուր տառապյալները», մահացավ նաեւ իմ որդին։ Եվ հոգին իմ պահանջում է, որպեսզի ես վշտանամ ոչ թե տղամարդու, այլ իմ երեխայի համար։ Ես ամենեւին չեմ ուզում ասել, որ երեխաները պատերազմում եթե ստիպված են լինում մահանալ, մահանում են տղամարդկանցից վատ։ Նրանց հավերժ փառքով եւ մեր հավերժ ամոթով, նրանք մահանում են ճիշտ այնպես, ինչպես տղամարդիկ՝ այդպիսով արդարացնելով հայրենասիրական տոնակատարությունների տղամարդկային ցնծությունները»։

Լիլիթ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ