Ադրբեջանն արձագանք է հայցում

Ադրբեջանն արձագանք է հայցում
Նիկոլ Փաշինյան, ԼՂՀ, Արցախ, Ադրբեջան

Վարչապետ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթից անցել է տասը օր, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից արձագանք այդպես էլ չկա: Միայն Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է անուղղակի անդրադարձել դրան եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշեն Բաքուն եւ Երեւանը՝ բանակցությունների միջոցով:

Դա, բնականաբար, չի բավարարել ադրբեջանական կողմին: Եւ Բաքվում որոշել են «ստուգողական կրակոց» արձակել համանախագահների ուղղությամբ: Մամուլում տարածվել է այսպես կոչված՝ «Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նամակը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին:

Նամակում վարչապետ Փաշինյանի ելույթը որակված է որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացին հասցված «անուղղելի հարված»: Ինչու՞ նման հայտարարություն չի տարածվել Ադրբեջանի ԱԳՆ անունից:

Կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն, չնայած գործադրվող քարոզչությունը, խիստ մտահոգված է, որ Հայաստանի վարչապետի՝ Ստեփանակերտում արված «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը կարող է ոչ թե հուզական, այլ դիվանագիտորեն ճիշտ հաշվարկված քայլ լինել, ուստի չի ցանկանում հրապարակայնորեն հրաժարվել բանակցություններից: Ընտրվել է շրջանցիկ ճանապարհ՝ առաջ է մղվել «ԼՂ ադրբեջանական համանք» հասարակական կազմակերպությունը:

Ադրբեջանը, երեւի, հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչ-որ ձեւով կարձագանքեն, որից հնարավոր կլինի եզրակացություններ անել: Բայց համանախագահները կպատասխանե՞ն «ԼՂ ադրբեջանական համայնքի» նամակին: