2 տարին լրանալու է մայիսին, և եթե բարեփոխումներ չլինեն, ժամացույցը հետ է պտտվելու

2 տարին լրանալու է մայիսին, և եթե բարեփոխումներ չլինեն, ժամացույցը հետ է պտտվելու

Մեր հարցազրույցը Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ


- Վանեցյան-Փաշինյաններ տեղեկատվական պատերազմ է ընթանում, եւ մասնավորապես որոշ իշխանականներ մեղադրում են ԱԱԾ նախկին ղեկավարին, որ նա պետական հեղաշրջում էր նախապատրաստել։ Նաեւ՝ կան տեղեկություններ, որ Վանեցյանը մտնում է ակտիվ քաղաքական դաշտ։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։

- Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այս բոլոր վայրիվերումներից, ակնհայտ է, որ շատ դինամիկ փոխվում է։ Ամեն օր, ամեն վայրկյան իրավիճակ է փոխվում։ Չնայած, դրսից եթե նայում ենք, ինչ-որ տեղ կանխատեսելի էր։ Ուղղակի, կան պարզ ճշմարտություններ, որ ժողովուրդը հեղափոխություն էր անում, այն չի ավարտվել, իսկ հեղափոխական ալիքով եկած իշխանություններն էլ զբաղվում են վարչարարությամբ։ Այսինքն՝ քաղաքական դաշտում երկու տեսակի հակասություն է  տեղի ունենում։ Սա ես ասում եմ Ռուսաստանից ընդհանուր գնահատականների հիման վրա։ Այս հարցին ռուսական իշխանությունները հնարավորինս փորձում են զերծ մնալ խառնվելուց, ուղղակի ուզում են տեսնել, թե սրա վերջն ինչ է լինելու։ Այս ամենի՝ երկարաձգված դատական պրոցեսները, իրավական համակարգի անհասկանալի իրավիճակը, վերափոխո՞ւմ ենք, չե՞նք վերափոխում, ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում, ի՞նչ մեթոդներով։ Այս զարմանազան գաղափարները, որ առաջ են քաշվել այս ընթացքում, միտված են մեր ներքաղաքական դաշտին, բայց այս ամենը մնացել է օդում առկախված ու չի իրականանում։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, թե իշխանությունն այն խոստումները, որ տվել է բարեփոխումների մասով, անելո՞ւ է, թե՞ շարունակում ենք կոսմետիկ վարչարարությամբ։ Ժողովուրդը պահանջում է բարեփոխումներ, դրանք այսօրվա դրությամբ, համենայնդեպս, չեն երեւում։ Ժամանակը քիչ է, շատ է, բայց այս իրավիճակում տենդենցները չեն երեւում, եւ ժողովուրդը դեռ սպասում է։ Եվ վիճակն այն է, որ ե՛ւ արտաքին ուժերը, ե՛ւ ներսում իրավիճակը բերելու է նրան, որ 2 տարին լրանալու է մայիս-հունիս ամիսներին, ու դրանից հետո ժամացույցը հետ է պտտվելու։ Ու այստեղ արդեն լուրջ խնդիրներ են առաջանալու նաեւ հենց Հայաստանի իշխանությունների համար, եթե բարեփոխումները չեն արվելու, եթե ամեն ինչը փակվելու է PR ակցիաներով։ Ես համոզված եմ՝ Հայաստանի իշխանությունները սա շատ լավ գիտակցում են, գիտեն, ունեն տարբեր ծրագրեր, բայց դեռեւս դրանց արդյունավետության մասին խոսելը դժվար է։
Հիմա՝ պարոն Վանեցյանի մասին, թեեւ չէի ուզի ինչ-որ անձնական հարցերի հետ կապված խոսել։ Բնական է՝ պարոն Վանեցյանը երիտասարդ, պատրաստված համակարգի աշխատող կադր է, եւ կան տենդենցներ, որ շատ ֆինանսաօլիգարխիկ շրջաններ, խոշոր ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին սեփականատերեր ցանկանում են քաղաքական պայքարում օգտագործել պարոն Վանեցյանի ֆակտորը։ Այսինքն՝ ունենալ պարոն Վանեցյանի նման անդամ, նրա հետ ինչ-որ քաղաքական ուժ ստեղծել։ Եվ բոլորը ցանկանում են այն տեղեկատվությունն ունենալ իրենց զինանոցում՝ հետագա իրենց քաղաքական ծրագրերում, իշխանության գալու իրենց պայքարում լրջորեն դիրքավորվելու համար։ Դա էլ է բնական։ Բայց սա շատ վտանգավոր խաղ է, եւ առաջին հերթին իշխանություններն էլ դա պետք է հասկանան, պետք է թույլ չտան, շատ ուշադիր լինեն։ Եվ բացասական տենդենց է, որ նման ֆիգուրները կա՛մ հայտնվում են Մոսկվայում, կա՛մ արտասահմանյան այլ երկրներում, իրենց տեղեկատվական բազաներով հանդերձ։ Դրանով նրանք արդեն դառնում են թիրախ թե՛ մյուս երկրների, թե՛ Հայաստանի քաղաքական ուժերի կողմից։ Սա անհանգստացնող երեւույթ է, դրա համար, առաջին հերթին պարոն Վանեցյանն էլ է սա, ըստ իս, շատ լավ հասկանում․․․
Հետո․ չմոռանանք, որ ՌԴ-ն Հայաստանի գործընկերն է, եւ հատուկ ծառայությունները շատ սերտորեն համագործակցել են երկար տարիների ընթացքում, եւ այդ բազաներին, բնական է, ծանոթ են։ Դրա համար այս հարցերը պետք է լուծվեն շատ հավասարակշռված, որովհետեւ խոսքը փաթեթներով տարբեր ուղղությունների մասին է․ ե՛ւ հետախուզություն, ե՛ւ հակահետախուզություն, ե՛ւ տնտեսական հետախուզություն․․․ անուններ, տարբեր ձեռնարկությունների, անհատ գործիչների․․․ Հետեւաբար,  էմոցիաները, հուզական ֆոնին տրվելը, իրար պատասխանելը, վիրտուալ աշխարհում առճակատվելը՝ անգամ ընտանիքների մակարդակով, անթույլատրելի է։ Եվ ՌԴ իշխանությունների կողմից նման տենդենցները չեն պաշտպանվում։ Բայց կան ուժեր նաեւ ՌԴ-ում, որոնց համար շատ գայթակղիչ է նման մարդ իր կողքին ունենալը, ինչը նշանակում է, որ պետք է ամեն ինչ լինի ֆոկուսի տակ։ Բայց Արթուր Վանեցյանի մոտ կա ներքին հասկացություն՝ պետությանը չվնասելու, պետական ինստիտուտների աշխատանքները չխաթարելու, եւ այդ առումով դրական պահվածք է դրսեւորում։ Ինչ վերաբերում է քարոզչական, թերթերում գրելու, տպելու, սենց արեց, նենց՝ սա կլինի, այո։ Արթուր Վանեցյանին էլ ոչ ոք չի կարող արգելել, կարող է մասնակցել, անել։ Երիտասարդ, ավյունով, պատրաստված կադր է։

- Քաղաքականությո՞ւն մտնելու։

- Քաղաքականություն մտնել էլ կա, մտնել էլ։ Եթե պահանջում են մարդուց էդ տեղեկատվական բազայով մտնել ու սկսել, ինչ-որ հակապետական բաներ հրապարակել, խոսքն այն տեղեկատվության մասին է, որը կարող է վնասել պետության շահերին։ Սա նուրբ հարց է։

- Պարոն Կարախանյան, ՌԴ իշխանությունը շատ անսպասելի փոխեց վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ, եւ իշխանության արեւմտյան թեւը հիմա անգամ բաց տեքստով ասում է՝ Մոսկվայից հեղաշրջման վտանգ չկա։ Ի՞նչ պատահեց։

- Վերաբերմունքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի պարզ էր ի սկզբանե, որ իշխանության են գալիս ուժեր, որոնք իրենց քաղաքական, հասարակական գործունեությունը պատկերացնում էին միայն հակառուսականության մեջ եւ ՌԴ իշխանությունների տարբեր թեւերի նկատմամբ շատ անհարգալից վերաբերմունք ունեին։ Հետո այս ուժերը գալիս են իշխանության, բնական է՝ ՌԴ-ն կողմ քաշված երկիր չէ, ուշիուշով հետեւում էր այդ իրավիճակներին։ Իրավիճակն այսպես է․ Ռուսաստանը Հայաստանին դիտում է որպես դաշնակից երկիր եւ համարում, որ իշխանությունները, այն էլ նման բուռն զարգացումների դեպքում, կարող են գալ-գնալ, բայց Հայաստանը դաշնակից պետություն է, որի կողմն են ՌԴ համակրանքները։ Եվ ՌԴ-ն անձնավորված քաղաքականություն չի վարում, կապ չունի, թե ով կլինի։ Եվ եթե նույնիսկ լավ հարաբերություններ էլ ունենան, ՌԴ-ն վարում է պրագմատիկ քաղաքականություն։ Իսկ այսօրվա դրությամբ այդ պրագմատիզմն այն է, որ Ռուսաստանը Հայաստանը դիտում է դաշնակից երկիր եւ ցանկանում է նրա ամրապնդումը։ Եվ դրական երեւույթ է, որ ՀՀ իշխանությունները սա շատ շուտ հասկացան, եւ իշխանության մեջ եղած արեւմտյան ուժերը կարող էին գոռալ, բղավել, եթերները լցնել, բայց իրականում էն մարդիկ, որ եկան իշխանության, սկսած վարչապետից՝ սկզբում ուղիղ հակառակ բաներ էին ասում Հայաստանում էլ, Մոսկվայում էլ։ ՌԴ իշխանություններն էլ աշխատում են իրականում փաստացի կատարվող քայլերը գնահատել ու հաշվի առնել։ Իհարկե, շատ անդուր է, որ քաղաքացիական տասը կազմակերպություն ինչ ասես իմ մասին ասում է, լինելով իշխանության մեջ, բայց վերջերս դա փոխվել է։ Մարդիկ երեւի իրենք էլ հասկանում են, որ դա էֆեկտ չի տալիս։ Նորմալ է, ՀՀ օրենքներն էլ չեն արգելում, որ մարդիկ գրանտներ ստանան։ Եվ մի պահ ստեղծվել էր իրավիճակ, որ երկու կողմից գնում էր ագրեսիվ քարոզչություն՝ մի կողմից քոչարյանական թեւի, մյուս կողմից՝ իշխանություններին սատարող արեւմտամետ խմբավորումների, ու ստացվում էր, որ բոլորը քննադատում էին ՌԴ-ին նույն բանում ինչ-որ գործողություններ չկատարելու մեջ։ Ու էս խաչաձեւ քարոզչական պատերազմի շղարշի տակ փակ էր մնում, թե ինչ է անում կամ ինչ է ուզում իրական Ռուսաստանը։ Նա էլ լուռ նստած՝ նայում էր, թե վերջը էս կողմը կամ մյուսն ինչքան կարող է ոգեւորվել։ Այնպես չէ, որ ՌԴ-ն անձնավորված քաղաքականություն է վարում, անձնական հարցերի հետ կապված կարող է միջպետական լուրջ պրոբլեմներ ստեղծել, կատաստրոֆաների հասցնել դաշնակից երկրին, բայց այնպես էլ չէ, որ չի տեսնում, որ հակառուսական քարոզչության այս ճամբարը, որ ծլում ու բազմանում է, ստանում է տարբեր, այդ թվում՝ նույն կառավարության կողմից ֆինանսական աջակցություններ ու արտոնություններ։ Եվ, ի դեպ, ՌԴ-ն այդ ամենը շատ ավելի շուտ գիտի, քան Հայաստանում այն մարդիկ, որոնց պետք է տրվեն, կամ որոնք պետք է տան այդ արտոնությունները։

Ամփոփեմ․ ՌԴ-ն, անկախ նրանից, թե Ադրբեջանի հետ ինչ գործարքներ կարող են լինել, չլինել, միշտ ավելի առաջադեմ զենքերն է ՀՀ-ին տալու ու աշխատելու է Հայաստանի հետ։ Բայց քաղաքական իրավիճակը միշտ մնալու է մոնիթորինգի ներքո։ Հայաստանի իշխանություններն էլ շատ լավ հասկանում են։