«Հրապարակ»․ Սցենարիստը Կարեն Անդրեասյանն է, ռեժիսորը` Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ»․ Սցենարիստը Կարեն Անդրեասյանն է, ռեժիսորը` Նիկոլ Փաշինյանը

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, օգոստոսի 28-ին շարունակվում էր ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։

Քրեական գործը վերաբերում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանն «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ», օգտագործելով 2 նոտարների՝ իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թ․ հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել «նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն»: Արդյունքում ՍԴ նախագահն այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչեւ 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ: Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, ով նույնպես մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։ 

Օգոստոսի 28-ի նիստում ամբաստանյալների պաշտպանները ներկայացրին իրենց պաշտպանական ճառերը: Նիստը հետաձգվեց, կշարունակվի այսօր` օգոստոսի 29-ին։ Նիստից հետո Թովմասյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ պաշտպանական ճառերի փուլ են մտել, չնայած իրենք դատարանին բացարկ հայտարարելու միջնորդությամբ էին հանդես եկել: Պաշտպանի խոսքով՝ բացարկի հիմքերը բխում էին նախորդ նիստերին տեղի ունեցած հանգամանքներից, որոնք տեղի էին ունեցել Օրբելյանի բացակայության ժամանակ: «Սակայն դատարանը որոշում ընդունեց, որ միջնորդությունը պետք է ճառից հետո ներկայացվի: Ներկայացրեցի ճառը, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե արհեստականորեն հետաձգում ենք, հրաժարվում ենք ճառ ներկայացնելուց։ ՀՀ Սահմանադրությունը խաթարվել է, եւ ՍԴ դատավորին առաջադրվել է մեղադրանք՝ սահմանադրական երաշխիքների չպահպանմամբ։ Նշեմ նաեւ, որ Սահմանադրական դատարան դիմում չի ներկայացվել, չնայած որ պետք է ստանային ՍԴ-ի համաձայնությունը: Հրայր Թովմասյանի նկատմամբ պետք է գործեն 2005 թվականի երաշխիքները»,- ասաց Օրբելյանը։

Խոսելով գործով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին բացարկ հայտնելու հիմքերի մասին՝ Օրբելյանն ասաց, որ տեղեկություններ են պտտվում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ «թաքնված օրակարգեր» ունենալու մասին։ «Ինչքանով է դա ճիշտ՝ չեմ կարող ասել, քանի որ ստույգ տեղեկություններ չունեմ: Բայց հենց դրա համար էլ բացարկի միջնորդություն է, այլ ոչ թե հանցագործության մասին հաղորդում, քանի որ երկրորդի համար հիմքերը շատ ավելի հստակ պետք է լինեն: Որքանով է այն ճիշտ կամ սխալ՝ կդժվարանամ գնահատել, որովհետեւ չունեմ օբյեկտիվ հիմքեր, հենց դրա համար էլ դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացվել, այլ ոչ թե քրեական հանցագործության մասին հաղորդում կամ` կարգապահական, որովհետեւ դրա համար հիմքերը պետք է ավելի հստակ լինեն»,- ասաց Օրբելյանը՝ անդրադառնալով այն լուրին, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին առաջարկել է արագ եւ մեղադրական դատավճռով ավարտել Հրայր Թովմասյանի գործի քննությունը, որպեսզի նրան նշանակի Վերաքննիչ դատարանի դատավոր։

Օրբելյանը հաստատեց, որ դատական պրոցեսն արագացնելու միտում է տեսնում։ Գնահատելով նախորդ նիստում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի երկար ելույթը, որն ուղիղ հեռարձակվել էր Հանրային հեռուստաընկերությամբ, եւ որում նա փորձում էր ներկայացնել, թե Հրայր Թովմասյանն է տարիներ շարունակ ձգձգել դատաքննությունը՝ Օրբելյանը նշեց, որ այն Հ1-ի համար արվեց եւ Դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի էր նման։ «Այդտեղ ներկայացված տեղեկատվությունը, չեմ կարող ասել՝ ամբողջությամբ, բայց որոշները համապատասխանում էին իրականությանը, որոշները՝ ոչ, որոշ որակումներ նույնպես խնդրահարույց էին, օրինակ՝ «միաժամանակ չեն հիվանդացել», ինչի հետեւանքով դատաքննությունը ձգձգվել է մի քանի տարի»,- ասաց նա։ Այդ ելույթը մեկ այլ իրավաբան` Արսեն Բաբայանն անվանել էր «դատավորի ինքնապաշտպանական ճառ», որը նա կարող էր արտասանել ԲԴԽ-ում պաշտոնից ազատելու քննության ժամանակ:

Նշենք, որ եթե Տաթեւիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչի, Թովմասյանը կկորցնի ՍԴ դատավորի պաշտոնը։

ՀԳ Մեղադրողը Հրայր Թովմասյանի համար առաջարկել է 7 տարվա ազատազրկում սահմանել: Ըստ օրենքի, դեկտեմբերին լրանում է այս մեղադրանքի վաղեմության ժամկետը, սակայն մինչեւ դեկտեմբեր մեղավոր ճանաչվելու դեպքում, եթե անգամ նա չազատազրկվի, ապա, ըստ Դատախազության, կկորցնի պաշտոնը։