Դրա մեղքը ժողովրդի վզին կմնա

Մարտի 11-ին ֆեյսբուքյան իմ էջով կոչ տարածեցի Բաքվում գտնվող հայ ռազմագերիների փրկության մասին: Այն մասին, որ միայն հայ ժողովրդի ամենօրյա, տասնյակ հազարների հասնող շարունակական հանրահավաքների միջոցով է հնարավոր փրկել նրանց` պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Եվ այդ հավաքները պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ այդ պահանջը կատարվի: Իհարկե, կան նաեւ այլ տարբերակներ: Օրինակ, եթե անձամբ ԱՄՆ նախագահ Թրամփը Էրդողանից ու Ալիեւից պահանջի գերիների ազատ արձակումը:
Ուղղակի հայ ժողովրդի վերջին 4-5 տարիների պահվածքը խոսում է այն մասին, որ ոչ միայն գերիների, այլեւ որեւէ ուրիշ հարցով շարունակական հանրահավաքների իրականացումն անհնարին է դարձել, քանզի մարդիկ մի կողմից հիասթափված են, մյուս կողմից հանրահավաքների ու պայքարի գաղափարն են մեզանում վարկաբեկել: Նույնիսկ ընդդիմության տարբեր «գլուխներ» ողջ օրը գրում են` տարան, մարդկանց պտտեցրին քաղաքում` տուն ուղարկեցին, կասկածում են իրար ու կասկած են ներշնչում մարդկանց, որ ընդդիմությունը ծախված է, գործարքի է գնում իշխանությունների հետ, իսկ մարդիկ արդեն չգիտեն` ով է իրական ընդդիմությունը, ով` ոչ, ում հրավիրած հանրահավաքին կարելի է գնալ, ում` ոչ: Եվ հիմա, երբ նույն հաջողությամբ այդ ռազմագերիների տեղում կարող է հայտնվել մեզնից ցանկացած մեկը, երբ Արցախում 30 տարվա ընթացքում կռված յուրաքանչյուր անձի գլխին նույն վտանգն է կախված, մենք զբաղված ենք իրար միս ուտելով, ընդդիմադիրները` ընդդիմադիրներին բացահայտելով, կեղծ պայքարի մասին բամբասանքներով` հանրությանն էլի պառակտելով:
Մի կողմից կոչեր են անում, թե` եկեք համախմբվենք, պայքարենք Ալիեւի ու փաշինյանական ռեժիմի դեմ, մյուս կողմից` ամեն ինչ անում են այդ պայքարը ոչնչացնելու, մարդկանց պառակտելու եւ հուսալքելու համար: Իսկ մեր ռազմագերիների վիճակն օրեցօր վատանում է: Կույր պետք է լինես, որ չտեսնես, թե ինչ վիճակում է մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանը, որը միմիայն ժողովրդի համար է հայտնվել Բաքվի բանտում ու անողոքաբար խոշտանգվում է: Իսկ մենք, երեւաններում նստած, հանգիստ հետեւում ենք, թե ինչպես են Բաքվում հայտնված մեր հերոսներին նվաստացնում ու խոշտանգում: Անգամ ալարում ենք դուրս գալ փողոց, հավաքվել Ազատության հրապարակում ու գոնե զուտ խոսքով պաշտպանել նրանց։ Թող լեզուս պապանձվի, բայց եթե մեր գերիները մահանան Բաքվում, դրա մեղքը լիովին կմնա հայ ժողովրդի ուսերին, քանզի ժողովուրդը դուրս չեկավ պայքարի:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ