«Ժողովուրդ». «Ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար».

 «Ժողովուրդ». «Ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար».

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն է: Նա, ի դեպ, առանձնապես չի փայլում իր կենսագրությամբ. նախկին ՕԵԿ-ական է, 2006-2018 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում ու չարաշահումներին անմիջական մասնակցության՝ բանկային գաղտնիք ու սոցփաթեթներ վաճառելու պատճառով հեռացվել է ԿԲ-ից: Իսկ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Հ. Սարգսյանը լքել է Հայաստանը եւ վերադարձել միայն հեղափոխությունից հետո ու միացել իշխանականներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Սարգսյանը մտերմացել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հետեւաբար փոխքաղաքապետի համար փակ դռներ չկան, առանձին դեպքերում նա նույնիսկ առանց քաղաքապետի է որոշումներ կայացնում:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ, ի դեպ, հայտարարեց. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իր մոտ է կանչում խոշոր կառուցապատողների եւ բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ` բնակֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի շփվում որեւէ մեկի հետ, փոխքաղաքապետի միջոցով է առավելապես տեղեկություններ ստանում, իսկ դրանք Սարգսյանը նրան մատուցում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Եւ վերջնարդյունքում, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայկ Մարությանի պաշտոնավարման հարցականն ավելի է բյուրեղանում, թեեւ իշխող թիմը դեռ հակված չէ զոհաբերել Մարությանին՝ ընդառաջելով ընդդիմության պահանջներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում