Ախպեր, դու Բարեկենդանը չե՞ս․․․  

Ախպեր, դու Բարեկենդանը չե՞ս․․․  

Ձվից նոր- նոր ճտեր են դուրս եկել ու թուրքի հետ նույն երգն են երգում։ Ճարներումը ճար լինի, կասեն՝  Սյունիքը թուրքինն է։ 

Կոմունիստական շրջանը հիշում եք ՝ ջա՜ն Ազարբայջան։ Գորիսի որոշ շրջաններում, ինչու չէ, նաև Կապանում , Սիսիանում, Վայքում ադրբեջանցիներ էին տնավորվել, ապրում։ Միայն Գորիս քաղաքում ադրբեջանցի չկար։ Մի թաք ադրբեջանցի կար՝ Խասայ անունով, ամուսնացել էր հայի հետ ու ապրում էր մեր շենքում։ Մի տղա ունեին՝ Վագիֆ անունով։ Բաց ո՞վ էր մտածում, որ Խասայը կամ Վագիֆը ադրբեջանցի էին։ Աշխատասեր, հանգիստ մարդիկ էին։ Որ հանկարծ մեկը նրանց ասեր ադրբեջանցի, մինչև հոգու խորքը վիրավորվում էին։ Երբ Խասայը մահացավ, ադրբեջանցի իր բարեկամները՝  լացուկոծով, ալի- վալի, շախշի- բախշի անելով  եկան, որ տանեն իրենց հողում թաղեն,  տղան չթողեց։ Ասաց՝ հայրս հայ է ու այստեղ էլ թաղելու ենք։ Այդպես էլ արին։ 

Երբ արցախյան առաջին պատերազմը սկսվեց, զոհեր ունեցանք, Գորիս քաղաքում հանկարծ հիշեցին, որ Վագիֆը ադրբեջանցի է։  Սկսեցին նեղել։ Էդ խեղճ տղան, որ կյանքում Աղդամն անգամ չէր տեսել, ասում էին՝ Աղդամի թուրքերից է։ Մի օր էլ, երբ շատ զոհեր էինք ունեցել, տղաները Վագիֆին «գերի  վերցրին»։ Մայրը լաց էր լինում, մինուճար տղան էր։ Եկավ ինձ բողոքեց՝ ախր Վագիֆս ո՞ր օրվա թուրքն է։ Սյունիքի ռազմական թղթակիցն էի, կամավորական ջոկատների հրամանատարներին լավ գիտեի։ Հալում- հարցում արի, տեղն իմացա ու բերել տվի։ Այդպես մի քանի անգամ եղել է։ Նույն դպրոցում էինք ես ու Վագիֆը  սովորել։  Մի օր էլ Վագիֆն ասաց՝ Հաս ջան, կարաք ինձ փոխանակեք մի հայի հետ, հետո ես կփախչեմ, կգամ։ Մի հայի կյանք կփրկեմ։ Իրոք, անկեղծ էր։ 
Ասելիքս ինչ է։ Նույնիսկ կոմունիստական ամենածաղկուն շրջանում, երբ ջա՜ն Ազարբյաջան էր,  Գորիս քաղաքում ադրբեջանցի չի ապրել։ Հիմա, ամեն ինչից անտեղյակ Նիկոլ, էս լարված շրջանում, երբ տասնյակ հազարավոր զոհեր ես տվել, ո՞նց ես թուրքին բերում ու մեր հողում սածիլում, ասում՝ իրենցն է, թող աճեն, բազմանան։ Իրենք մեր տարածքում՝ Կապանում, Սիսիանում, Որոտանում ու այլուր, որտեղ լավ հող է եղել, ապրել ու բազմացել են, որ օրերից մի օր  քեզ նման մեկը  գտնվի ու Ալիևին ասի՝  ախպեր,  դու Բարեկենդանը չե՞ս․․․էս եղն ու բրինձ քո՞նը չի, եկ տար։