Կառավություն կոչվող խմբավորումն այսօր բավականին ծանր կացության մեջ է․ Գրիգոր Գրիգորյան

Կառավություն կոչվող խմբավորումն այսօր բավականին ծանր կացության մեջ է․ Գրիգոր Գրիգորյան

Երեկ պաշտոնից ազատվեց ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որն այդ պաշտոնում էր 2018 թվականից (այն ժամանակ՝ Սննդի անվտանգության պետական ծառայություն)։ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը դեռևս 2018 թվականին բարձրաձայնել էր, որ ՍԱՏՄ ղեկավարի ընտրությունները փաստացի չեն կայացել, խախտումներ են եղել, ՍԱՏՄ կառավարման խորհրդի՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուների ընտրության գործընթացն ապօրինի էր եղել և դիմել էր Վարչական դատարան, իսկ դատարանը 2019թ.-ի հունիսի 6-ին ոչ իրավաչափ էր ճանաչել ՍԱՏՄ կառավարման խորհրդի՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուների ընտրության գործընթացը։ Չնայած դատարանի որոշմանը Գեորգի Ավետիսյանը շարունակել էր պաշտոնավարել։

Ավետիսյանի պաշտոնանկության, ՍԱՏՄ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցել է Գրիգորյանի հետ։

-Պարո՛ն Գրիգորյան, երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատվեց Գեորգի Ավետիսյանը, արդյո՞ք սա կապ ունի դատարան ներկայացրած Ձեր բողոքի հետ, որով բողոքարկել էիք ՍԱՏՄ ղեկավարի ընտրության գործընթացը։

-Ճիշտն ասած, չգիտեմ Գեորգի Ավետիսյանն ինչ պատճառով է պաշտոնանկ արվել, որովհետև իր աշխատանքի ընթացքում այնքան քայլեր, այնքան գործողություններ են եղել, ենթադրում եմ ինչպես վարչական, այնպես էլ (իմ կարծիքն եմ ես ասում) քրեական բնույթի, այնպես որ ես կդժվարանամ պնդել, որ դա եղել է դատական որոշման հիման վրա, մանավանդ, որ նման տեղեկատվություն ես չունեմ։ Ինձ համար, իհարկե, զարամալի չէր։ Գեորգի Ավետիսյանին ես եմ աշխատանքի ընդունել, իր մասնագիտական կարողությունները ես շատ լավ գիտեմ, ես եմ իրեն համակարգ մտցրել։ Ինձ համար սա սպասելի էր։ Ես աշխատել եմ օգնել իմ երկրին իմ խորհրդատվությամբ, ելույթներով, աշխատանքներով։ Ես շարունակելու եմ օգնել, որովհետև ինձ համար կապ չունեն պաշտոնները կամ կառավարությունները, ես իմ երկրին եմ ծառայում։

-Ի՞նչ առումով զարմանալի չէր, այսինքն՝ ի՞նչ հիմքեր էիք տեսնում դրա համար։

-Դե գիտեք, բացի նրանից, որ իմ կարծիքով՝ Ավետիսյանը չէր ձգում ոլորտի խնդիրների համար, նաև քաղաքականապես։ Բացի նրանից, իշխանությունը բռնազավթած այս խմբավորումը, Դուք գիտեք, նրանք մշտապես գտնում են՝ ում կարող են դարձնել «քավության նոխազ»։ Թեև Գեորգի Ավետիսյանի դեպքում դա «քավության նոխազություն» չէր, որովհետև եթե դուք նայեք, թե ինչ է կատարվում ոլորտում, դուք կհասկանաք, որ նրա պաշտոնանկութունը հասունացել էր, չասեմ էլ ապօրինի պաշտոնի նշանակումը, զուտ աշխատանքային տեսակետից, մի քանի ամսից արդեն պարզ էր, որ այդ մարդը չի կարողանում, չի տիրապետում ոլորտին, չի հասկանում ոլորտի խնդիրները, հենց հրապարակային ելույթներից դա ակնհայտ էր։ Դրա համար ես գտնում եմ, որ նույնիսկ ուշացած էր այս պաշտոնանկությունը։ Կառավարությունն ամեն ինչ անում էր՝ իր գործած սխալը հետաձգելու համար՝ Վերաքննիչ դատարան, հետո՝ Վճռաբեկ դատարան, բայց իրավիճակը հետո այնպիսին է, որ արդեն կոծկել, խաբել չի ստացվում։ Այնպես չէր, որ օր օրի սպասում էի, դատարան դիմելն ինձ համար սկզբունք էր․ որ ապօրինություն է տեղի ունեցել, ընդ որում ակնհայտ ապօրինություն: Այդ ապօրինությանը մասնակցել են մարդիկ, որոնք այսօր էլ շարունակում են հանրային ելույթներ ունենալ։

-Նկատի՞ ունեք, որ թույլ չեն տվել Ձեզ ՍԱՏՄ պետի մրցույթին մասնակցել

-Այո՛, դրա ձայնագրությունը կա, Դուք կարող եք «Հ1»-ից վերցնել, ամբողջը ձայնագրվել է, դուք ինքներդ եք կարող դա տեսնել;

-Ո՞ւմ նկատի ունեք, երբ հրապարակային ելույթ ունեցող եք ասում։

-Դա վերաբերում է  այդ հանձնաժողովի առանձին անդամներին․ նրանցից որոշները հիմա իրենք են կառավարությանը դատի տալիս։ Դուք, որ նայեք անձնակազմը, կհասկանաք, որոշները ամպագոռգոռ ելույթներ են ունենում և այլն։ Եթե Դուք նայեք նրանց այն ժամանակվա և այսօրվա ելույթները, Ձեզ համար պարզ կլինի։

-Դատարանի որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա, ի՞նչ կանխատեսումներ ունեք պաշտոնի հետ կապված հարցերում։

-Այն, ինչ որ տեղի ունեցավ, անհեթեթ էր, որովհետև Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո նրանք դիմեցին Վերաքննիչ, Վերաքննիչն առաջին ատյանի դատարանի վճիռը թողեց ուժի մեջ, հիմա դիմել են Վճռաբեկ։ Մենք դեռ Վճռաբեկից որևէ տեղեկատվություն չունենք՝ ընդունե՞լ են վարույթ, չե՞ն ընդունել վարույթ, հասկանո՞ւմ եք։ Դրա համար, ես դժվարանում եմ ինչ-որ կանխատեսումներ աներ։ Ամեն դեպքում այստեղ տեղի է ունեցել կեղծիք․ դա իշխանափոխությունից հետո պաշտոնյայի առաջին ընտրությունն էր։ Առանց որևիցե մի հիմնավորման իմ կենսագրությունը չի ներկայացվել վերադասին, այն պայմաններում, երբ որ իմ կենսագրությունն անհամեմատ ավելի հարուստ էր մյուս թեկնածուների կենսագրությունից։ Որևիցե մի պատճառաբանություն չի եղել։ Եվ իմ ուղղած հարցին, թե ինչո՞ւ է այդպես, ինձ պատասխանել են, որ այդպես է որոշվել։ Չի եղել մի չափանիշ, որ գնահատեն՝ այս մարդը հաապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, եղել է սուբյեկտիվ որոշում։ Ընդ որում հանձնաժողովի անդամներից մեկը եղել է թեկնածուներից մեկի հետ ուղղակի ընկերական կապի մեջ։ Ես բողոքարկել եմ գործընթացի օրինականությունը՝ «ո՞նց եք դուք կարող մի գործընթաց ծավալել, եթե գոյությւոն չունի ընտրության չափանիշ»; Ընտրությունը կայացել է չափանիշների բացակայության, կարգի բացակայության պայմաններում։ Ես բողոքարկել եմ ոչ թե Գեորգի Ավետիսյանի ապօրինի նշանակվելը, այլ գործընթացը, որ նույնիսկ իշխանափոխությոնից հետո ամենաառաջին ընտրությունն անցկացվում է էլի կողմնակալության սկսզբունքներով, ակնհայտ կողմանկալության։ Եթե Վճռաբեկ դատարանն իրենց բողոքն ընդունի վարույթ, որոշման հիման վրա մենք էլ մեր որոշումը կկայացնենք, եթե չընդունի վարույթ, դա կնշանակի, որ 2 տարի կարևոր ոլորտի լիազոր մարմիններից մեկը՝ մասնավորապես Սննդամթերքի անվտանգության, կենդանաբուժության, ֆիտոսանիտարիայի, գործել է ապօրինի, հետևաբար բոլոր ակտերը, բոլոր այն մարդիկ, ում հեռացրել են աշխատանքից, բոլոր այն մարդիկ, որոնց սնանկացրել են իրենց ապօրինի գործողություններով, մի ամբողջ պրոցես է ստացվում։

-Գեորգի Ավետիսյանին ազատելուց հետո նոր մրցույթ պե՞տք է հայտարարվի։

-Ես տեղյակ չեմ։ Որովհետև նույնիսկ առաջին մրցույթը շատ քողարկված պայմաններում էր իրականացվում, այսինքն՝ ես տեղեկացել եմ վերջին օրը, չեն հայտարարել, ինչ-որ ֆեյսբուքյան էջի վրա են տեղադրել, եղել է փակ խումբ և այլն։ Ես չգիտեմ հիմա իրենք ինչ կերպ կկազմակերպեն, կամ ուղղակի նշանակում կանեն, կամ չեն անի, չեմ կարող գուշակել, նամանավանդ ելնելով այն իրավիճակից, որ կառավություն կոչվող խմբավորումն այսօր բավականին ծանր կացության մեջ է և իշխանություն պահելու խնդիր ունի։