Թալանչիների մասին՝ թվերով. Նիկոլի առասպելի փլուզումը

Թալանչիների մասին՝ թվերով. Նիկոլի առասպելի փլուզումը

«Հպարտ» ժողովրդին Նիկոլ Փաշինյանը կերակ­րում է երկու հիմնական առասպելներով՝ երկրում անցյալում տեղ գտած կոռուպցիայով և թալանով, որի դեմ պայքարելու համար իրակա­նացրեց պետական հեղաշրջման հատկանիշներ պարունակող իշխանափո­խություն: 
Թեպետ Օստապ Բենդերը գիտեր բնակչությունից 400 համեմատաբար ազնիվ եղանակ՝ փող խլելու, այդուհանդերձ, Բալագանովն ու Պանիկովսկին կանգ էին առել երկուսի վրա. Կողոպուտ եւ գողություն: 

Ըստ վարկածի, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները զբաղված են եղել թալանով և կոռուպցիայով: Քանի որ թիրախները նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանն են եղել, ապա, բնականաբար, կոռուպցիայի մասով նրանք էլ եղել են գլխավոր դերակատարները: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է (տես Համաժողովրդական շարժման առաջին կոնգրեսում նրա ելույթը. 27.12.2007 թ.). «Մարդկանց ուշադրությունն անհրա­ժեշտ է սևեռել հատկապես պետական մասշտաբի խարդախությունների և ֆինանսական չարաշահումների վրա, որոնց պատ­ճառած վնասը հասնում է մի քանի միլիարդ դոլարի՝ ամեն տարի գերազան­ցելով պետական բյուջեի հայտարարված եկամուտ­ները»։ Այսինքն, խոսքը վերաբերում է տարեկան 2-3 միլիարդ դոլար թալանելուն: Փաշինյանն էլ «մարդկանց ուշադրությունը սևեռելով հատկապես պե­տական մասշտաբի խարդախությունների և ֆինանսական չարաշա­հումների վրա» հաջողել է՝ դարձել է երկրի ղեկավար:

Նկատի ունենալով այն, որ «գլխավոր կոռուպցիոներներն» ազատության մեջ են, կարելի է վստահաբար ասել, որ այդ առասպելն այլևս հօդս է ցնդել: Երկու տարի Քոչարյանը գտնվում էր անազատության մեջ, ի՞նչն էր խանգարում, որպեսզի, ինչպես Կամոյի դեպքում, շիկացրած շիշը մտցնեին Քոչարյանի մարմնի մեջ, որից հետո նա կխոստովաներ, թե որտեղ է թաքցրել կոռուպցիայից աշխատած փողերը: Գնացքը գնաց: Իսկ Սերժ Սարգսյանին, կարծես, մի ծիծաղելի մեղադրանք էր առաջադրվել՝ ինչ որ տենդերին միջամտելու:

Այսպիսով, իշխանությունները չկարողացան համոզիչ ապացույցներ գտնել, եւ անգամ իրենց գրպանային դատավորները ի զորու չեղան օգտակար լինել եւ արագ դատավճիռներ արձակել ու պատժել թալանչիներին: Այժմ անցնենք «պետական մասշտաբի խարդախություններին և ֆինանսական չարաշահումներին», պարզ՝ թալանին: Կրկին, գլխավոր դերակատար են համարվել Քոչարյանը և Սարգսյանը:

Ազգային հաշիվներում կա «Տնօրինվող եկամուտների հաշիվ», որտեղ կա «պետական հիմնարկների վերջնական ծախսեր» տող:

Ուրեմն այսպես, 1998-2007 թվականների ժամանակահատվածում այդ ծախ­սերը 105.6 միլիարդ դրամից հասել են 320.4 միլիարդ դրամի՝ 2007 թվականին: Այսինքն, 10 տարիների աճը կազմել 214.8 միլիարդ դրամ, տարեկան միջին աճը կազմել է 21.5 միլիարդ դրամ: Սա Քոչարյանի, տարեցտարի իրականացվող, «թալանի չափն» է: Տարեկան միջին ծախսերը կազմել են 179.9 միլիարդ դրամ:

Մյուս «թալանչին»՝ Սերժ Սարգսյանը, մի փոքր ավելի խոշոր թալանով է զբաղված եղել, քան Քոչարյանը: Այսպես, 2008-2017 թվականների ժամանա­կա­հատ­վածում նշված հոդվածով ծախսերն աճել են 320.4 միլիարդ դրամով, տարեկան՝ 32 միլիարդ դրամ: Այսինքն՝ նախագահ Սարգսյանի «թալանը» նախագահ Քոչարյանի թալանին գերազանցել է 48.8 տոկոսով: Տարեկան միջինը ծախսերը կազմել են 534.6 միլիարդ դրամ, այսինքն՝ Քոչարյանից մոտ 3 անգամ ավելի:
«Թալանչիներին» հետապնդող, ասֆալտին փռող, պատերին ծեփող Փաշինյանի պաշտոնավարման 3 տարիների ընթացքում, 2018-2020 թվականներին, այդ ծախ­սերն ավելացել են 300 միլիարդ դրամով, տարեկան 100 միլիարդ դրամ: Այսինքն, գերազանցել են Քոչարյանի և Սարգսյանի թալանին համա­պատաս­խանաբար՝ 4.6 (100:21.5) անգամ և 3.1 անգամ (100:32): Տարեկան միջինը ծախսերը կազմել են 834.7 միլիարդ դրամ, այսինքն՝ Քոչարյանից 4.6 անգամ ավելի, իսկ Սարգսյանից 56.1 տոկոսով ավելի:

Այսպիսով, թալանի առասպելը նույնպես հոդս է ցնդում: Այդ դեպքում, ան­հաս­կանալի է, թե «թալան» և «կոռուպցիա» տրոյական ձիերով իշխանությունը զավթածը դեռ ինչու է պաշտոնավարում ու, ավելին, հայտ է ներկայացրել՝ հետագայում ևս կառավարելու համար: Ինչ կասեն «բանջարեղենահպարտ» քաղա­քացիներն այս առնչությամբ:

Բայց, կողմնապահություն չանելու համար, տեսնենք ինչ վիճակ էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այսպես․ քանի որ այն ժամանակ դեռևս պետական ծախսերը կայունացած չէին (օրինակ, 1991 թվականին դրանք կազմել են 2.9 միլիարդ դրամ, 1993-ին եղել են ամենաբարձրը՝ 150.7 միլիարդ դրամ, իսկ 1997-ին 90.2 միլիարդ դրամ), ապա նշենք տարեկան միջին ծախսերի չափը՝ 58.3 միլիարդ դրամ, այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանից պակաս է ծախսել 3.1 անգամ, Սարգսյանից 9.2 անգամ, Փաշինյանից՝ 14.3 անգամ:

Ստացվում է, որ անգերազանցելի թալանչին Նիկոլ Փաշինյանն է: Սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կարող է անել նա 10 տարում, եթե 3 տարում կարողացել է այսքան բան անել:

Հ.Գ. Արդարության համար, հարկ է նկատել, որ պետական ապարատը շատ դժվար ժամանակներ է ունեցել. խորհրդանշական վարձատրություն, նյութական անհրա­ժեշտ ծախսերի անհնարինություն և այլն: Տարեցտարի եղել են բարելա­վումներ: Դեռևս Քոչարյանի ժամանակ նախարարություններում թղթի, բենզինի, ավտոմեքենաների խնդիր կար:

Պատվիրակություններ դիմավորելիս մասնավոր հատվածն էր տրամադրում ներկայացուցչական ավտոմեքենաներ (օրինակ, Սամվել Ալեքսանյանը տրամադրում էր իր 600-ները): Անձամբ ես նախարարության ծառայողական ավտոմեքենաների համար ֆլեշից 1 տոննա բենզին խնդրեցի ու չեմ հիշում հետագայում վճարել եմ, թե՝ ոչ:

Հ.Գ. Հաշվարկների համար տվյալները Հայաստանի վիճակագրական տարեգրքերից են

Գագիկ Վարդանյան

: