Նույն հիմքով այլևս դիմել չեն կարող

Նույն հիմքով այլևս դիմել չեն կարող

Վերջին 7 օրվա ընթացքում հանրությունը շունչը պահած սպասում էր Սահմանադրական դատարանին՝  վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ ՍԴ-ն մերժեց։ Սա, անշուշտ, իշխանությունների համար սպասելի տարբերակ էր, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ խորհրդարանում ասել էր, որ ունեն այլ պահուստային տարբերակներ, երեկ էլ մի շարք իմքայլականներ խորհրդավոր խոսում էին այլ տարբերակների մասին։ Ինչպես հայտնի է՝ ՍԴ-ն գործը վարույթ չի ընդունում, եթե որոշում է, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա, սակայն այն դեռ հանրությանը հայտնի չէ, եւ ՍԴ անդամները  չեն շտապում բարձրաձայնել այդ մասին։

«Հրապարակի» հետ զրույցում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ չի կարող նշել մերժման հիմքը, հույս ունի, որ վաղը որոշումը կհրապարակվի, հանրությունը կտեղեկանա «բոլոր հիմքերին» ու տրված իրավական լուծումներին։ Ալվինա Գյուլումյանը մեկ հարցի համաձայնեց պատասխանել՝ արդյոք այս որոշումով հարցը փակվա՞ծ է։ «Այո,-ասաց Գյուլումյանն ու ավելացրեց։- Նույն հիմքով այլեւս դիմել չեն կարող»։ Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ այլ սցենարների մասին հարցին էլ՝ ՍԴ անդամն ասաց․ «Միգուցե այլ հիմքեր ունեն, ես չեմ կարող ասել»։

Մեզ տեղեկացրել էին, որ միայն մեկ «անդամ»՝ Ֆելիքս Թոխյանն է կողմ եղել դիմումը ՍԴ-ի կողմից քննելուն, բայց ոչ, օրինակ, Արման Դիլանյանը, ում Վահե Գրիգորյանը համարում է դատավոր, եւ ով հատուկ կարծիքով հանդես եկավ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ժամանակ։ Ալվինա Գյուլումյանին հարցրինք այդ մասին, սակայն ՍԴ անդամն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում քվեարկության մասին տեղեկություն հայտնել։ Խորհուրդ տվեց հատ-հատ զանգել եւ անդամներից տեղեկանալ։ Նաեւ հրաժարվեց պատճառաբանել, թե ինչու է անձնապես դեմ քվեարկել դիմումն ընդունելուն։ Ի դեպ, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ Վահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը կարող էին երեկ մասնակցել։ «Իրենք երկուսն էլ այս պահին՝ ընդունելության պահին, կարող էին մասնակցել։ Իհարկե, ընդունվելու դեպքում դատարանը Թովմասյանինը կկասեցներ, իսկ եթե ինչ-որ մեկը կբարձրացներ իմ կամ Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցը, դատարանը կքններ։ Բայց չեն ներկայացրել, չեն մասնակցել»,- ասաց Գյուլումյանը։

Եվս մեկ հարց․ «Իմ քայլը» մեծ շուքով ու ԲՀԿ-ի հետ հակամարտելու գնով այդ հարցի քվեարկությունը կազմակերպեց, իսկ ՍԴ-ն վերցրեց եւ պարզ ու հասարակ ձեւով մերժեց։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գյուլումյանն ասաց․ «Գիտեք, իրավական ընթացակարգ է, իրենք ընդունել են, մենք էլ իրավական լուծում ենք տվել»։

Հիշեցնենք, որ երբ քննարկվում էին ՍԴ որոշման հնարավոր սցենարներ, շատերը, մասնավորապես, ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտարարում էին, որ փակ-գաղտնի քվեարկություն է, որի ժամանակ ամեն ինչ հնարավոր է։ Մարուքյանն անգամ, ոչ առանց ինքնագոհության, ասում էր, որ եթե ամեն ինչ այդքան անհույս է, ուրեմն ինչո՞ւ էին իրենք միացել այդ գործընթացին։

Մենք հետեւեցինք Ալվինա Գյուլումյանի հորդորին, բայց ՍԴ անդամները եւ անգամ Արման Դիլանյանը, որ նախորդ 2 անգամներին պատասխանել էր մեր հարցերին, երեկ արդեն «Անորսալի Ջո» էին դարձել ողջ օրը։ Եվ ամբողջ օրը ՍԴ բոլոր անդամներին զանգահարելուց հետո որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ քաղաքային հեռախոսին պատասխանեց Վահե Գրիգորյանը։ Հարցին, թե իրեն հայտնի՞ են մերժման հիմքերը, ասաց՝ ոչ։ Ինչպե՞ս կմեկնաբանի․ չի մեկնաբանի։ Միայն մեկ հարցի, թե ինչու է ՍԴ նիստերը բոյկոտող Գրիգորյանը ստանում աշխատավարձ եւ օգտվում ծառայողական մեքենայից, նա արձագանքեց՝ ես ծառայողական մեքենա չունեմ։