Ի պատասխան Իլհամ Ալիեւին

Ի պատասխան Իլհամ Ալիեւին

ԱՊՀ Աշխաբադի գագաթաժողովին ելույթի մի հատվածն Իլհամ Ալիեւը նվիրել է  «ֆաշիզմի հերոսացմանը»: ՌԻԱ-Նովոստին մեջբերել է նրա խոսքը. «Ցավոք, դա տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, մասնավորապես՝ Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունը Երեւանի կենտրոնում կանգնեցրել է ֆաշիստական դահիճ Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, որը գերմանական ֆաշիստներին ծառայել է «Գարեգին Նժդեհ» ծածկանունով»:

Ալիեւը նաեւ Հայաստանի նոր իշխանություններին մեղադրել է, որ «չեն ապամոնտաժել այդ արձանը»: Խորհրդային պատժիչ մարմինների կողմից Գարեգին Նժդեհը ձերբակալվել եւ Մոսկվա է տեղափոխվել Բուլղարիայի մայրաքաղաքն ազատագրելուց հետո: Վերջին տարիներին Նժդեհի դեմ քրեական գործի նյութերը հրապարակվել են, հասանելի են համացանցում: Դրանք ապացուցում են, որ խորհրդային իշխանությունները նրան ֆաշիստների հետ համագորակցության մեղադրանք չեն առաջադրել: Նժդեհին մեղսագրվել է 1920թ. Սյունիքում կոմունիստների եւ 11-րդ բոլշեւիկյան բանակի գերի զինվորականների գնդակահարություն: Իսկ ահա Վերմախտի ադրբեջանական լեգեոնի մասին հասանելի աղբյուրներում կարդում ենք, որ դրա կազմավորմանը մասնակցել է Ադրբեջանի  կառավարությունը, որն արտերկրում կազմավորել էին վտարանդի մուսավաթականներ Խալիլ Խասմամեդովը, Մամեդ Էմին Ռասուլզադեն, Շաֆի Ռուստամբեյլին, Ֆուադ Էմիրջանը եւ ուրիշներ: 

Անկախություն հռչակելուց ի վեր Ադրբեջանում այդ մարդիկ, ինչպես եւ առհասարակ 1918-20թ.թ. գոյություն ունեցած Դեմոկրատական հանրապետության բոլոր գործիչներն անխտիր պանծացվում են: Վերմախտի ադրբեջանական լեգեոնի կազմակերպիչներից Մամեդ Էմին Ռասուլզադեն պաշտոնապես անվանվում է «անկախ ադրբեջանական պետության հայր»: Բաքվին մերձակա Նովխանի ավանում, որտեղ ծնվել է Ռասուլզադեն, կանգնեցված է նրա կիսանդրին, որի շուրջ ամեն տարի կազմակերպվում են արարողակարգային միջոցառումներ: ԱՊՀ Աշխաբադի գագաթաժողովում վարչապետ Փաշինյանն, իհարկե, բավական սուր հակադարձել է Ալիեւի հարձակումներին: Բայց այդ ուղղությամբ տեղեկատվա-քարոզչական աշխատանքների տեղ կա: Մանավանդ որ ադրբեջանցիներին գրեթե հավասար՝ Նժդեհին չեն սիրում նաեւ պուտինյան Ռուսաստանում: