Ինչու ժողովրդավարության ջահակիր Փաշինյանը միացավ բռնապետների ակումբին

Ինչու ժողովրդավարության ջահակիր Փաշինյանը միացավ բռնապետների ակումբին

Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ հանձնաժողովը 116 կողմ ձայով ընդունել է Ռուսաստանի Դաշնության հեղինակած «Նացիզմի հերոսականացման դեմ պայքարի» մասին բանաձեւը: Ռուսաստանը ներկայացրել է 74 կետից բաղկացած փաստաթուղթ՝ ուղղված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության եւ արդյունքների վերանայմանը հակազդելուն։ Բանաձեւը դատապարտում է նացիզմի հերոսացումն ու քարոզչությունը, ներառյալ վանդալիզմի ակտերը, ինչպես, օրինակ՝ պատերազմի զոհերի հուշարձանների վրա նացիստամետ գրաֆիտիներ գրելը: Նշվում է նացիստական ռեժիմի եւ նրա դաշնակիցների ցանկացած հանդիսավոր տոնակատարություն արգելելու անհրաժեշտությունը։ Հայաստանը ոչ միայն կողմ է քվեարկել այս բանաձեւին, այլեւ համահեղինակել է: Թվում է, թե դրանում որեւէ արտառոց բան չկա. Հայաստանը միացել է մի փաստաթղթի, որը դեմ է նացիզմի քարոզչությանը եւ հերոսականացմանը. ամեն ինչ ճիշտ է եւ այդպես էլ պետք է լիներ: Բայց խնդիրն այլ տեղ է` Հայաստանը հերթական անգամ հայտնվել է ռուսամետ` հակաժողովրդավարական, բռնապետական երկրների բլոկում` ընդդեմ ազատատենչ ու ժողովրդավարական երկրների: 

Բանաձեւի համահեղինակների ցանկը բավական մեծ է. Ադրբեջան, Բոլիվիա, Սիրիա, Կուբա, Բելառուս, Նիկարագուա, Սուդան, Չինաստան, Մալի, Հյուսիսային Կորեա, Սերբիա, Հարավային Աֆրիկա եւ այլ երկրներ։ Եվ այս ցանկում է նաեւ արեւմտյան կողմնորոշում ունեցող եւ ԵՄ-ի հետ ինտեգրվել ցանկացող Հայաստանը: Այն դեպքում, երբ ժողովրդավարական աշխարհը` 54 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, ԵՄ անդամ մյուս երկրները, դեմ են քվեարկել փաստաթղթի ընդունմանը: Նույնիսկ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո վերջնականապես «ռուսական գաղութ» հռչակված Վրաստանն է դեմ քվեարկել փաստաթղթին՝ ցույց տալով, ոչ չի շեղվում եվրաինտեգրացիայից:
Չնայած բանաձեւն ուղղված է նացիզմի հերոսականացման կամ քարոզչության դեմ պայքարին, բայց ունի ակնհայտ հակաուկրաինական ուղղվածություն: Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինային են մեղադրում նացիզմի հերոսականացման համար, որ այդ երկրում ոչնչացվում են խորհրդային շրջանի հերոսների արձանները, անվանափոխվում են գյուղերն ու փողոցները, իսկ նրանց փոխարեն հերոսականացվում են ուկրաինացի ազգայնականները, ովքեր պայքարել են խորհրդային իշխանությունների ու խորհրդային բանակի դեմ: Խորհրդային բանակի հրամանատարներ Ժուկովի կամ Կոնեւի ոչնչացված արձանների փոխարեն Ուկրաինայում կանգնեցվում են Ստեպան Բանդերայի կամ Ռոման Շուխեւիչի արձանները, հիմնվում են նրանց տուն-թանգարաններ, դպրոցական դասագրքերում նրանք են ներկայացվում որպես Ուկրաինայի ազգային հերոսներ, ովքեր պայքարել են խորհրդային` ռուսական օկուպացիայի դեմ:

Արեւմտյան երկրները գիտեն, որ ուկրաինացի նացիոնալիստները մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ են գործել, նրանց վերագրվում է ցեղասպանության իրագործում, ինչպես, օրինակ, Վոլինի ցեղասպանությունը` Լեհաստանի իշխանություններն այդպես են անվանում 1943-44 թվականներին Արեւմտյան Ուկրաինայում ուկրաինական ապստամբ բանակի կողմից լեհ խաղաղ բնակչության կոտորածները, որոնց, տարբեր տեղեկություններով, զոհ է գնացել 50-100 հազար մարդ: Լեհաստանը, որպես Ուկրաինայի ԵՄ անդամակցության նախապայման, պահանջում է, որ Ուկրաինան տեղի ունեցածը ճանաչի որպես ցեղասպանություն: Վոլինի ջարդերին զոհ են գնացել նաեւ մոտ 2 հազար հայեր, վեց հայկական գյուղեր են հիմնահատակ ավերվել եւ բնաջնջվել: Կուտ գյուղի բոլոր 200 հայ բնակիչները սպանվել են միայն այն պատճառով, որ ներկայիս Արեւմտյան Ուկրաինայի տարածքը համարում էին Լեհաստան եւ ոչ թե Ուկրաինա: 

Սրանք անհերքելի պատմական փաստեր են, բայց Արեւմուտքը խրախուսում է ուկրաինական ազգայնամոլությունը՝ համարելով, որ այն ուղղված է Ռուսաստանի դեմ, իսկ ինչ ուղղված է Ռուսաստանի դեմ, արդեն չի կարող չարիք համարվել: Ռուսաստանը, հակառակը՝ օգտագործում է ուկրաինական ազգայնամոլության դեմ պայքարը՝ փորձելով աշխարհին ցույց տալ, որ ինքը վարում է ոչ թե նվաճողական պատերազմ, այլ պարտադրված է պաշտպանել Դոնբասի, Ղրիմի եւ Հարավ-արեւելյան Ուկրաինայի ռուս բնակչությանն ուկրաինացի ազգայնականների հաշվեհարդարից: Հասկանալի է, որ յուրաքանչյուր կողմ ունի իր արդարացումները, որը շատ հաճախ պատրվակ է՝ սեփական գործողություններն արդարացնելու համար: Մեզ հետաքրքրում է, թե ինչու է իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած եւ արեւմտյան աշխարհի մաս դառնալ ցանկացող Հայաստանը միացել այս բանաձեւին: Դժվար թե Արարատ Միրզոյանի ղեկավարած հիմնարկը մտածեր Վոլինի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի մասին. մեկը, որ ուրանում է 1,5 միլիոն հայերի հիշատակը, դժվար թե մտահոգված լինի 2 հազարի ճակատագրով:

Մենք թերեւս գործ ունենք քաղաքական պարզ հաշվարկի հետ. Փաշինյանը համոզվում է, որ ԱՄՆ նոր իշխանությունները եւ Եվրամիությունը դժվար թե իր եւ իր իշխանության գոյության երաշխավոր հանդիսանան: Ընդհակառակը՝ նա հակվում է այն գաղափարին, որ իր իշխանության հիմնական վտանգը գալիս է հենց Ռուսաստանից, եւ եթե ինքը փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թրամփի վարչակազմը դժվար թե էական ջանքեր գործադրի՝ իրեն պաշտպանելու համար: Դրա համար է, որ Փաշինյանը որոշել է միանալ Հյուսիսային Կորեային, Սիրիային կամ Բելառուսին, իհարկե՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որովհետեւ այնտեղ իշխանության առաջին դեմքերը ղեկավարում են իրենց երկրները մինչեւ իրենց ֆիզիկական գոյության ավարտը եւ ոչ թե ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի նման հաճախ փոփոխվում են, երբ փոխվում է իրենց նկատմամբ հանրային տրամադրությունը: Ահա թե ինչն է Փաշինյանին ձգում դեպի բռնապետների ակումբ` հավերժ պաշտոնավարելու մարմաջը, մի բան, որը նրան խորթ էր թվում մինչեւ իշխանության գալը, իսկ հիմա դարձել է առավել քան հոգեհարազատ: