Ա և Բ պլանները․ Մանուկյանի գործով նիստը չկայացավ

Ա և Բ պլանները․ Մանուկյանի գործով նիստը չկայացավ

Այսօր, հունվարի 24-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում պետք է տեղի ունեար ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Նախնական տեղեկատվությամբ նա պիտի ներկա գտնվեր նիստին։ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը սակայն անորոշ ժամանակով հետաձգվել է։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Ըստ Քննչական կոմիտեի, Հայաստանի նախկին վարչապետը նման կոչեր է հնչեցրել 2021 թվականի փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում:

Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին, օրինակ, հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին», - հայտարարել էր  Մանուկյանը։