Սիրելի վարչապետ, խնդրում ենք հետևեք Խարբերդի դաչաների գազաֆիկացման հարցին

Սիրելի վարչապետ, խնդրում ենք հետևեք Խարբերդի դաչաների գազաֆիկացման հարցին

Թվում է, թե երկրի առաջին դեմքն այնպիսի աշխատանքային զբաղվածություն պետք է ունենար, որ անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չունենար, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան ազատ ժամանակ ունի, որ կարող է օրվա մի քանի ժամը զբաղվել ֆուդբլոգերությամբ, մի քանի ժամ` լրագրությամբ, մի քանի ժամ` իր առօրյայից գրառումներ ու տեսանյութեր հրապարակելով: Շարքային աշխատող քաղաքացիներն անգամ, ովքեր ոչ երկիր են ղեկավարում և ոչ էլ բարձր պաշտոններ զբաղեցնում, ժամանակ չունեն ֆեյսբուքներում այնքան թրեւ գալու, որքան Հայաստանի ղեկավարը:

Մենք ուսումնասիրեցինք նրա հերթական գրառումն ու մեկնաբանությունները.

«Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում: Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք եւ տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում:  Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչո՞ւ, որովհետեւ մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են եւ ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը: Իսկ ինչո՞ւ եմ հիմա որոշել արձագանքել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի: Անկեղծ կասեմ, որովհետեւ տեսնում եմ, որ իմ եւ իմ ընտանիքի, մեր վարած քաղաքականության մասին շատ բաներ են գրվում սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք ինձ այդ գրածները մեկնաբանելու հարցով չի դիմում: 
Ու ստացվում է, որ այդ բաները անարձագանք եմ թողնում, ասել է, թե ասելու բան չունեմ, ասել է, թե գրածները ճշմարիտ են: Չնայած հիմա հասկացա, որ բաներ կան, որից տեղյակ չեմ նույնիսկ: Հենց նույն Արփիի 8 հազար դրամի պատմությունը: Ու՞մ մտքով կանցներ, թե այդ փակ տողի տակ մարդիկ ինչ կարող են մտածել:  Հաջորդը, խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետեւ հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով եւ միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարեւոր բուֆեր է մեզ համար:  Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ:

Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը եւ ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց եւ սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը:  Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ եւ ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք եւս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել եւ այսպես շարունակ: 

Եւ ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների եւ շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»: 

Ինչպես վարչապետի գրառումներն են շատ հաճախ անիմաստ ու անբովանդակ, երբեմն նույնիսկ զարմանք հարուցող լինում, այդպես էլ իր ընտրազանգվածի, իրենով հիացած` արդեն փոքրամասնություն կազմողների մեկնաբանությունները: Մենք առանձնացրել ենք մի քանի մեկնաբանություն, որոնք օգտատերերը թողել են այս գրառման տակ: Ամենազավեշտալիներից մեկը մի հարց էր. «Խնդրում եմ պատասխանեք ինչու Քոչարյանի որդին մտավ Ազգային ժողով, ես այդ օրը մեծ հիասթափություն եմ ապրել», - հարցրել է օգտատեր Արմինե Թադեվոսյանը: Վարչապետը պատասխանել է մեկնաբանությանը. «Հարգելի, Արմինե Թադեվոսյան, սա լրիվ լուրջ ե՞ք հարցնում»: 

Փաշինյանի հետևորդները նրան դիմում են տարատեսակ նեղ անձնական հարցերով: Օրինակ` օգտատեր Հասմիկ Շահինյանը գրել է. «Բարև Ձեզ պարոն Վարչապետ, արդեն երկար տարիներ առաջ մեր բարեկամները չեն կարողանում գալ Հայրենիք, քանի որ տղան հետախուզման տակ է գտնվում, փոքր ժամանակ ուշացրել են, որ գան Հայաստան, ստիպված եղավ Ռուսաստանի դաշնությունում ծառայության անցնել, գումարի խնդիր ունեն, քսանյոթ լրացած բարձրագույն կրթություն ունի, բայց հնարավորություն չունի, որ գա Հայաստան, մինչև հիմա հետախուզում է հայտարարված, խնդրում եմ ներում շնորհելու բանաձև մտցնել, շնորհակալություն»: 

Մարիետա Վիրաբյանն էլ գրել է. «Սիրելի վարչապետ, խնդրում ենք հետևեք Խարբերդի դաչաների գազաֆիկացման հարցով։ խողովակները անց են կացրել գլխավոր փողոցներով արդեն 3տարի է ու թողել կիսատ մարդիք մեղք են` գազ չունենք, փայտ չկա, հոսանքն էլ թանկ է, որ տները տաքացնեն։ Հարգանքներով դաչայի բնակիչներ»: 
Իհարկե կան նաեւ վրեժ եւ արյուն տենչացողներ, բայց ոչ թե ազերիներից, այլ նախկին նախագահներից: Գրում են, թե ինչո՞ւ չեք դատում, բանտարկում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Օգտատերերից մեկը գրել էր, ինչո՞ւ չեք սառեցնում Ռոբերտ Քոչարյանի բանկային հաշիվները: Բայց մեկնաբանություններում գերակշռում են Փաշինյանին և ՔՊ-ին ուղղված քննադատությունները, որոնց մի մասը էջի համակարգողը պարտաճանաչորեն ջնջում է, սակայն դրանք այնքան շատ են և այնպիսի ինտենսիվությամբ են գրվում, որ չեն հասցնում ամբողջը ջնջել: Սամվել Սաֆարյանը գրել է. «Պարոն Փաշինյան, մարդկանց հետ սոցցանցերով շփվելու փոխարեն ինչո՞ւ չեք ռեալ շփվում, ինչից կամ ումի՞ց եք վախենում , առաջ երկու կամ երեք անվտանգության աշխատակիցների հետ դուրս էիք գալիս փողոց` մարդկանց հետ շփվում, իսկ հիմա ձեր անվտանգության աշխատակիցները այնքան շատ են, որ խոշորացույց է պետք, որ իրենց մեջ ձեզ գտնենք, ի՞նչ եղավ դուխով վարչապետը»: 

Ժոր Ազիզյանն էլ Հրանտ Մաթևոսյանի խոսքերն է գրել. «Ղարաբաղը չի կարելի տալ: Եթե զիջեցիր՝ թnւրքը քեզ չի բարևելու, թnւրքը ծիծաղելու է վրադ: Մի դեպքում ատելու է, մյուս դեպքում ծիծաղելու է վրադ: Ծիծա՞ղն է լավ, թե՞ ատելությունը: Եվ ասեմ՝ յուրաքանչյուր թnւրքի մեջ, ադրբեջանցու մեջ քաղաքականությունից դուրս կա նաև էն բանի գիտակցությունը, որ Ղարաբաղը քո՛նն է, իրենը չէ»…:

Նելլի Մարգարյանն էլ գրել է. «Միթե դուք չեք տեսնում, կամ ձեզ չեն տեղեկացնում, թե ինչքան սխալ ու անմիտ բաներ եք անում։ Կա՞ մի խելացի, բանիմաց մարդ ձեր կողքին, ով կբացատրի ձեզ, թե ժողովուրդը ինչ ծանր վիճակում է, ինչ անտերություն է երկրում»։ 

Լևոն Ռաֆայելյանն էլ նկատում է. «Հարգելի պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ Ձեր facebook-յան էջից հեռացնում են որոշ ծառայությունների համար ոչ ցանկալի ռեալ տեղեկությունները՝ նախքան ձեր կարդալը։ Ձեզ ամենուրեք խաբում են»։ 

Օգտատերերից մի քանիսն էլ զարմանում են՝ հարցնելով Փաշինյանին, թե որտեղի՞ց նրան այդքան ժամանակ, որ այսքան ակտիվ է ֆեյսբուքում: