Աննա Հակոբյանի նվազող թափանցիկությունը, ֆանտազիան եւ փողերը

Աննա Հակոբյանի նվազող թափանցիկությունը, ֆանտազիան եւ փողերը

2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը նստեց ՀՀ վարչապետի աթոռին, ասաց «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու արեց ճիշտ հակառակը՝ Արցախը նվիրեց Ադրբեջանին։ 
2018 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանն ազդարարեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին եւ ասաց․ «Խոստանում եմ, որ վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց եւ բոլորի համար տեսանելի, եւ ես ամեն ինչ կանեմ կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար՝ հանուն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, դրանց քաղաքացիների, Սփյուռքի մեր հայրենակիցների եւ ամենաբարի ու վեհ գաղափարների»։ Անում է ճիշտ հակառակը։ Քայլերը թափանցիկ չեն, արդյունքները շոշափելի են միայն թավշյաների պատկերացումներում։ Խոսենք ըստ տարիների։

2019
Ըստ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվության, իրականացվել է 12 ծրագիր, ծախսվել է մոտ 5,4 միլիոն ԱՄՆ դոլար, որից 4,7-ը ծրագրերի վրա։ Մնացածը՝ վարչական ծախսերն են։ Այստեղ էլ սպառվում է Աննա Հակոբյանի թափանցիկությունը։
Արցախի համար ընդամենը երկու ծրագիր է արվել՝ Քաշաթաղի Սոնասար գյուղի մանկապարտեզի նորոգում։ Հիմա մանկապարտեզը թուրքերն են վայելում, եթե չեն քանդել։ Եվ մոր եւ մանկան փառատոն Ստեփանակերտում՝ նվիրված ընտանեկան առողջությանը, ծնողավարմանը։ Վերջ, մինչ օրս Արցախի համար այլ բան չի արվել։

2020
Ըստ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվության, իրականացվել է 13 ծրագիր, ծախսվել է 2,083 միլիարդ դրամ։ Եվս 129 միլիոն վարչական ծախսերն են։ 

2021
Ըստ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվության, իրականացվել է 4 ծրագիր ծախսվել է 455 միլիոն դրամ։ Վարչական ծախսերի մասին՝ ոչ մի խոսք։ Եվս վեց փոքր ծրագիր է իրականացվել՝ երաժշտական գործիք են առել կամ մարզագույք նվիրել։ Ոչ մի խոսք՝ գումարի մասին։

2022
Ըստ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվության, իրականացվել է 4 ծրագիր ծախսվել է 118 միլիոն դրամ։ Ոչ մի խոսք վարչական ծախսերի մասին։

2023
Ըստ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվության, իրականացվել է 4 ծրագիր ծախսվել է 210 միլիոն դրամ։ Եվս 7 միլիոն ծախսվել է այլ նախաձեռնությունների վրա։ Ոչ մի խոսք վարչական ծախսերի մասին։ Նշված 4 ծրագիրը 2022-ի ծրագրերի շարունակությունն են, ոչ մի նոր ծրագիր չկա։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ֆանտազիան սպառվել է ընամենը 4 տարում։

Եզրակացություն

2019-2023 հատվածում արձանագրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավարության թափանցիկության, ֆանտազիայի եւ փողերի կայուն նվազում։ Ըստ «Բարեգործության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամի աշխատակազմի վարձատրության եւ տնտեսական ծախսերի համար կարող է ծախսվել յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչեւ 20 տոկոսը։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվետվությունները այս հարցի պատասխանը չեն տալիս։ Պետական լիազոր մարմինը չի տեսել հաշվետվության մեջ տեղ գտած թերություններն ու բացերը։ Միթե՞ այն պատճառով, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը իշխող ուժի ղեկավարի կողակիցն է։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ