Կառավարությունը լուծարել է «ՀԴՄ-ների ՊՈԱԿ»-ը եւ ներել տնտեսվարողների պարտքերը

Կառավարությունը լուծարել է «ՀԴՄ-ների ՊՈԱԿ»-ը եւ ներել տնտեսվարողների պարտքերը

Պետեկամուտների կոմիտեն որոշել է լուծարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։ Արդեն կա դրա վերաբերյալ կառավարության որոշում, որը հրապարակվել է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրը։

Այս ՊՈԱԿ-ը, որին կրճատ անվանում են «ՀԴՄ-ների ՊՈԱԿ», իրականացնում էր մի շարք գործառույթներ՝ ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման կազմակերպում, ՀՀ-ում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման կազմակերպում, իրականացնող անձանց ընտրության նպատակով խորհրդի նիստով որոշված ընթացակարգի կազմակերպում, ՀՀ-ում կառավարության սահմանած՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջներին եւ դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունների տրամադրում, սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ- դրամարկղային մեքենաների անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկում եւ այդ հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների անհատույց տրամադրում եւ այլն։

2019 թվականին, երբ ազատականացրին ՀԴՄ-ների վաճառքը, եւ այս ՊՈԱԿ-ի փոխարեն սկսեցին արդեն անհատ ներկրողները բերել եւ վաճառել հսկիչ-դրամարկղային մեքենաներ, այս ՊՈԱԿ-ի լիազորությունները կամաց-կամաց կրճատեցին՝ հավանաբար, որպեսզի այսօր օբյեկտիվ հիմքեր ունենային այն լուծարելու։ Այս պահին նման կարգավիճակով ՊՈԱԿ-ի գործունեությունն իսկապես ոչ արդյունավետ է գնահատվում։ Բայց կառավարությունը ՊՈԱԿ-ը լուծարելու որոշմամբ մի շատ վտանգավոր եւ պետբյուջեի շահերից բացարձակապես չբխող, նաեւ քաղաքացու, տնտեսվարող սուբյեկտների՝ պետության հանդեպ պատասխանատվությունը չխրախուսող քայլ է կատարում։
Մասնավորապես, սույն որոշման 5-րդ կետով սահմանվում է, որ պետք է այս ՊՈԱԿ-ին տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության այն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, ովքեր ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի, իրականացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում եւ ՊՈԱԿ-ին, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ունեն սահմանված միջնորդավճարի չվճարված գումարներ, ազատել չվճարված միջնորդավճարները վճարելուց։

Խնդիրն այն է, որ կան ՀԴՄ-ների սպասարկում իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք իրենց սպասարկման դիմաց ստացած գումարից 8 տոկոս միջնորդավճար պետք է փոխանցեին «ՀԴՄ-ների ՊՈԱԿ»-ին։ Ինչ-որ պահից սկսած՝ անհասկանալի պատճառներով, այս ընկերություններից 5-ը սկսել են այդ գումարները չփոխանցել, ինչը նշանակում է, որ պարտք են մնացել ՊՈԱԿ-ին։ Մեզ ասացին՝ խոսքը 40 մլն դրամից ավելի գումարի մասին է։ Սակայն, եթե ՊԵԿ-ը որոշի ստուգումներ եւ խոր ուսումնասիրություն անցկացնել, ասում են՝ այդ պարտքը կարող է հասնել ընդհուպ մինչեւ 2-3 հարյուր մլն դրամի։ Հիմա պետությունը որոշում է ներել ՀԴՄ-ների  տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին՝ պետությանն ունեցած նրանց պարտքը, որը միլիոնավոր դրամների է հասնում։ Այսինքն՝ այդքան գումար կարող էր մտնել բյուջե, բայց վարչապետի մեկ ստորագրությամբ չի մտնելու։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը դատի է տվել այս ընկերություններին՝ պահանջելով վճարել իրենց պարտքերը, գործը հասել է ընդհուպ Սահմանադրական դատարան, քանզի սպասարկող ընկերությունները, որոնց շահերի սպասարկմամբ էլ զբաղվում է ներկայիս ՊԵԿ նախագահի փաստաբան ընկերը՝ արդարադատության նախկին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, դիմել էին ՍԴ՝ վիճարկելով տվյալ ՊՈԱԿ-ի ստեղծման եւ գործունեության վերաբերյալ 2012 թ․ նոյեմբերի 8-ի 1419Ն որոշման սահմանադրականության հարցը։ Այսինքն՝ փորձել է անօրինական ճանաչել ՊՈԱԿ-ի գոյությունը։

Սա դեռ ամենը չէ։ Նույնկերպ նաեւ տնտեսվարող սուբյեկտներն են պարտքեր կուտակել «ՀԴՄ-ների ՊՈԱԿ»-ին, քանզի տարաժամկետ վճարման, այսպես ասած՝ ապառիկ կամ մաս-մաս վճարման տարբերակով ՀԴՄ-ներ են ձեռք բերել ՊՈԱԿ-ից եւ ինչ-որ պահից սկսած՝ այլեւս չեն վճարել սարքերի գումարը, ինչից էլ գոյացել են տույժ-տուգանքներ։ Կառավարությունը սա եւս ուզում է «ջրել»՝ իր որոշմամբ սահմանելով, որ ՊՈԱԿ-ից ՀԴՄ գնած եւ դրա դիմաց չվճարած տնտեսվարողները կարող են այլեւս չվճարել իրենց պարտքը։ Ահա որոշման այդ կետը․ «Հայաստանի Հանրապետության այն հարկ վճարողներին, ովքեր ՊՈԱԿ-ից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի, հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ ՀԴՄ) գնի տարաժամկետ վճարման պայմանով առքուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել ՀԴՄ, ազատել վճարումները պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկված եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չվճարված տույժերից»։

Մեր տեղեկությամբ՝ այս դեպքում խոսքը վերաբերում է մոտ 8 հազար սուբյեկտի, եւ նրանց չվճարած գումարները կարող են հասնել ընդհուպ միլիարդի։

ՊՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ՊՈԱԿ-ի դեբիտորական պարտքերի ստացման եւ այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Պետեկամուտների կոմիտեին:
Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի լուծարման հետ կապված՝ դեռեւս բաց է մնում այն հարցը, թե ով կամ ովքեր են իրականացնելու տվյալ ՊՈԱԿ-ի գործառույթները, կամ որ հիմնարկին, վարչությանն են փոխանցվելու դրանք, ինչ կարգով, եւ արդյոք դրանից չի՞ տուժի ոլորտը։